Հրապարակվել է Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ» գրքի հայերեն թարգմանությունը

Ապրիլի 22-ին newmag հրատարակչական ընկերությունը ներկայացրեց Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գիրքը:
Գրքում ներկայացված են բացառիկ հեռագրեր, որոնք հերքում են թուրքական ժխտողականության գլխավոր թեզը: Դրանք ապացուցում են, որ եղել են սպանության հրամաններ, որոնք տվել է Թալեաթը:

Հեղինակի հավաստիացմամբ` փաստաթղթերի ուսումնասիրությունն ու հրատարակումն ամենածանր հարվածն է թուրքական ժխտողականությանը:

Գրքը թարգմանել է Անդրանիկ Իսրայելյանը: Սա նրա առաջին թարգմանական աշխատանքն էր: Գրքի թարգմանության խմբագրին է Արմեն Սարգսյանը, իսկ ծանոթագրությունների հեղինակն ու վերֆրանտը՝ Անի Ավետիսյանը:

Անդրանիկ Իսրայելյանը նշեց, որ քաջություն պահանջվեց   այսպիսի պատասխանատու  աշխատանքը կատարելու համար, և խոսելով գրքի թարգմանական գործընթացի մասին, հավելեց. «Ընդհանրապես, երբ գոյություն ունի ընդունված տեսակետ, շատ դժվար է այդ տեսակետին դեմ գնալը, բայց Թաներ Աքչամը կարողացել է անել այդ: Երբ կարդում էի գիրքն ու թարգմանում այն, հիանում էի հեղինակի մասնագիտական որակներով: Նա ուսումնասիրել է գրեթե ամեն ինչ. Աքչամն ուսումնասիրել է անգամ այն, թե այդ տարիներին ինչ թղթի տեսակներ էին օգտագործում, կոդավորման ինչ ձևեր կային, նա ճշտել է, թե հեռագրերում նշված մարդիկ գոյություն ունեցե՞լ են արդյոք, թե ոչ»:

Գերմանիայում քաղաքական ապաստան ստացած հեղինակը տեսաուղերձի միջոցով պատմեց գրքի թարգմանական աշխատանքների մասին. «Ինչպե՞ս որոշեցի գրել այս գիրքը. ամեն ինչ շատ պարզ է: 2015-ին ինձ թույլ տվեցին տեսնել Գրիգոր Գերգերյանին պատկանող մասնավոր  արխիվը: Այնտեղ գտա փաստաթղթերը ու հենց այդ պահին էլ որոշեցի, որ պետք է հրապարակել դրանք: Ամենադժվարն այս գործում օսմանյան կոդավորման համակարգից և գաղտնագրված հեռագրերից գլուխ հանելն էր: Օսմանյան պաշտոնյաներն օգտագործում էին երկուսից մինչև հինգ նիշ ունեցող կոդավորման համակարգեր գաղտնի հաղորդակցվելու համար: Վճռական պահն այդ  կոդավորման  տրամաբանությունը հասկանալն էր: Դրա համար շատ երկար ժամանակ  ու շատ աշխատանք պետք եղավ»,- և հավելեց,-« Հիմա աշխատում եմ  Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրականացման գործում Ջեմալ փաշայի դերը հասկանալու նախագծի վրա: Հայտնի է, որ նա Ստամբուլում երիտթուրքերի առաջնորդներից  մեկն էր: Խոսակցություններ կան, թե նա փորձել է փրկել հայերի կյանքը: Փորձում եմ հասկանալ, թե որն է եղել նրա իրական դերը Հայոց ցեղասպանության տարիներին»:

Հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը, խոսելով թարգմանական աշխատանքների մասին, նշեց. «Աշխատել ենք պահպանել հեղինակի բարեխիղճ շարադրանքը, փաստերի համադրումը, ճշգրտումը, հստակեցումը և դրանց պատճառահետևանքային կապերի բացահայտումը: Փորձել ենք չմիջամտել որպես հայեր, գիրքը թարգմանել ենք այնպես, ինչպես դա կաներ նորվեգացին, վիետնամցին և այլ ազգի ներկայացուցիչ:»

Գնել Նալբանդյանը ներկայացրեց նաև այն սկզբունքները որոնցով առաջնորդվել է Թաներ Աքչամը. «Հեղինակը առաջնորդվել է հետևյալ սկզբունքով` փաստերը համադրել այնպես, թեզերը կառուցել այնպես, որ յուրաքանչյուր թեզ պարտադիր լինի ապացուցել, և եթե որևէ մեկը որոշի հերքել գրվածքը, ստիպված կլինի թեզ առ թեզ բոլոր կետերն ու փաստարկները հերքել և առաջ քաշել հակաթեզեր»:

Նշենք նաև, որ «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գրքի գլխավոր հովանավորն է Digitain ընկերությունը:

Գրքի շնորհանդեսը կայացավ Հայկական բարեգործական ընդհանուր միությունում:

Erit.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

nineteen + 13 =