Ուղիղ 64 տարի առաջ այս օրը Թուրքիայում կոտորում եւ թալանում էին հայերին եւ հույներին (ֆոտո)

Ուղիղ 64 տարի առաջ` 1955-ի սեպտեմբերի 6-7-ը, Ստամբուլում եւ Իզմիրում կազմակերպված կոտորում էին, թալանում եւ բռնաբարում հայերին եւ հույներին: Իսկ իշխանությունները որեւէ կերպ չէին միջամտում:

Հիշյալ դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թուրք խուժանի զանգվածային ջարդարարությունը եւ թալանը լավ կազմակերպված էր, իսկ թուրքական իշխանությունը աչք փակեց դրա վրա` թողնելով, որ մարդասպանները Ստամբուլը «մաքրեն» ազգային փոքրամասնություններից` հույներից եւ հայերից:

Թուրք խուժանին իրենց արյունոտ գործն սկսելու համար առիթ էր պետք, եւ այդ առիթը ստեղծեցին: Հունական կառավարության կողմից  Սալոնիկում թուրքերին նվիրաբերած  «Աթաթուրքի տուն թանգարանի» բակում ինչ-որ պայթուցիկ էր գործի դրվել, որն ընդամենը թանգարանի ապակիներն էր կոտրել: Թուրքիայի պետական ռադիոկայանը տեղեկացրեց, թե հույները Աթաթուրքի տան մեջ ռումբ են պայթեցրել: Վարչապետի մերձավորներից մեկի կողմից հրատարակվող Istanbul Ekspres-ը կեսօրից հետո զարմանալի արագությամբ հասցրեց մոտ 300 հազար տպաքանակով համար լույս ընծայել, որը պետության կողմից ստեղծված եւ հովանավորվող «Կիպրոսը թուրք է» միության անդամները բաժանեցին ժողովրդի մեջ:

Ամեն ինչ ընթանում էր՝ ըստ ծրագրածի: Հայերի, հույների եւ մյուս ազգային փոքրամասնությունների տները, խանութներն ու տաղավարները արդեն հատուկ գույներով նշագրել էին, որպեսզի ամբոխը հեշտությամբ գտնի նրանց՝ ջարդելու ու թալանելու համար:

Թուրքերի վայրագություններին զոհ էր գնացել 16 հոգի, որոնցից երեքը հայտնաբերվել էին պարկի մեջ այրված: Վիրավորվել էին 500-ից ավել քրիստոնյաներ:  Ընդհանուր հաշվով` թալանի էր ենթարկվել 4214 տուն, 1004 գրասենյակ, 73 եկեղեցի, 26 դպրոց եւ այլ հաստատություններ:

Հաստատելու համար, որ այս զանգվածային ջարդերը կազմակերպված են եղել թուրքական պետության կողմից, ինչպես 1915-ի Հայոց ցեղասպանությունը` ներկայացնենք թուրքական Atilim կայքի հրապարակումը, որտեղ նշվում է, որ Սալոնիկի Աթաթուրքի տան բակի պայթյունը կազմակերպած Օքթայ Էնգինը Հունաստանում պայթյուն կազմակերպելու համար մեկ տարի պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել եւ տեղափոխվել Թուրքիա, որտեղ էլ սկսվել է իր կարիերայի աննախադեպ վերելքը (նախ, Թուրքիայի կարեւորագույն շրջաններից մեկի` Չանքայայի քայմաքամ, այնուհետ` ոստիկանության գլխավոր վարչության քաղաքական գործերով բաժնի պետ): 1971-ին Օքթայը դառնում է Անվտանգության վարչության պետ եւ 7 տարի պաշտոնավարում: Իսկ 1991-ին նշանակվում է Նեւշեհիրի նահանգապետ:

Ստամբուլում ԱՄՆ հյուպատոս Արթուր Ռիչարդը, ԱՄՆ պետքարտուղարություն ուղարկած հաղորդագրության մեջ նշել է, թե ականատես է եղել, որ թուրքական ոստիկանությունը ոչինչ չէր անում կանխելու վայրագությունները:

1955-ի ջարդերից տարիներ հետո Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների նախկին պետ Սաբրի Յիրմիբեշօղլուն նշել է, թե 1955-ի սեպտեմբերի 6-7-ը հատուկ նշանակության ուժերի գործն էր, որը հրաշալի էր կազմակերպվել:

Իսկ վերջում հիշեցնենք Թուրքիայի նախկին պաշտպանության նախարարի մի առիթով ասված խոսքը. «Եթե հայերը եւ հույները Թուքիայում մնային, արդյո՞ք մենք այսպիսի ազգային պետություն կլինեինք»:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

fourteen + seven =