Առջեւում՝ «Նոր Ցյուրիխ», բայց ոչ հին մոտեցումներ

Նախագահ Էրդողանը ընդհատեց լռության ռեժիմը հին դրույթների կրկնությամբ, մինչդեռ ձախողումից խուսափելու համար հայ-թրքական հարաբերությունները կարիք ունեն նոր մոտեցման:

Թուրքիայի Հանրապետության հետ հայկական պետության նորագույն հարաբերությունը առերեւույթ հանգում է 2018 մարտ 1-ին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Ցյուրիխյան արձանագրությունների չեղարկմանը: Սակայն, դա պատմության ընդամենը սկիզբն է: Մայիս 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիպ Էրդողանը, հանդես գալով լոնդոնյան Չեթհեմ Հաուսում, Հայաստանը անվանեց Արեւելքի դրական պատկերից միակ «դուրս մնացող» տարր: Պարոն Էրդողանի կսկիծը միանգամայն հասկանալի է. հազիվ թե նրա երազածը հակաֆեոդալական տեսլականով իրականացվող հայ հեղափոխությունն էր:

Մինչ այդ, նրա ղեկավարության օրոք շուրջ 10 տարի տեւած քաշքշուկի ընթացքին, հայ-թրքական արձանագրությունները արժանացել են թե հայ, թե թուրք հասարակության ստվար հատվածի արգահատանքին: Հասկանալի պատճառով հայ-թրքական հաշտեցման թեման բախվել է երկու հասարակությունների հոգեբանական կարծր պատնեշին: Հիմնականում այդ պատճառով է արձանագրությունների էությունը եւ երկկողմ հարաբերության հեռանկարը հաճախ քննարկվել շփոթ, նախապաշար կամ մասնակի ձեւով:

Անշուշտ կարելի է որեւե արձանագրություն կամ պայմանագիր արխիվ հանձնել, բայց անհնար է անտեսել աշխարհագրական իրողությունը: Մինչեւ անվանական նոր հանգրվանին գալը հայ-թրքական գործընթացները կրելու են պայմանական «նոր Ցյուրիխ» անվանումը, վերջինիս հուզական աննպաստ երանգներով: Այդուհանդերձ, փորձենք առավելագույնս պարզեցված տեսքով եւ սառը դատողությամբ ներկայացնել դրության ակունքները, որպեսզի հնարավոր լինի գնահատել երկկողմ հարաբերությունների հեռանկարը:

Դեռեւս 2017-ին՝ 2016 թվականի ապրիլյան հակահարվածի ազդեցութամբ հավանական է համարվել հայ-թրքական շփումների աշխուժացումը [1]: Թրքական որոշ հրատարակություններ, կիսելով այդ կարծիքը, ենթադրում էին, թե այլեւս դժվար է լինելու պահպանել թրքանպաստ սկզբնական հարաբերակցությունը [2]: Սակայն նոր ուղերձների փոխանակումը տեղի ունեցավ արձանագրությունների չեղարկումից եւ «թավշյա» զարթոնքից հետո միայն:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը մայիս 11-ին, բավական կարկամ ու շփոթված, սակայն դրական պատասխանեց առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին [3]: Դա տեղի ունեցավ պաշտոնական Բաքվի այն ռազմաշունչ հակադարձումների ֆոնին, որ հնչեցին ի պատասխան Արցախի խնդրին վերաբերող պ-ն Փաշինյանի հայտարարության:

Հայ-թրքական հարաբերությունը զարգացնելուն զուգահեռ Նիկոլ Փաշինյանը խոստացավ հետապնդել նաեւ ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, սակայն «նոր ձեւով»՝ առանց Թուրքիային ամբաստանելու: Թուրքիայի վարչապետը պատասխանեց երկրի հողերին չհավակնելու հին պահանջներով, սակայն առանց արցախյան նախապայմանի: Դրա բացակայությունը նշանակում է վերադարձ «անաղարտ» Ցյուրիխի:

Այսպիսով առաջանում է հարցերի մի խումբ: Որքանո՞վ է «նոր» բառակազմով ներկայացրած քաղաքական սակարկությունը համապատասխանում 2009-ից ի վեր Հայաստանում եւ Թուրքիայում հաստատվող նոր իրողությանը: Ի՞նչն է փոխվել բանակցային բանաձեւի՝ մեկ կողմից եւ երկրների ուժերի հարաբերակցության մեջ՝ մյուս կողմից: Ո՞ր ուղղությամբ պետք է փոխվի Հայաստանի դիրքորոշումը: Կա՞ն արդյոք երկստեք հետքրքրություն ներկայացնող նոր տարրեր: Այս վերջին հարցը, անշուշտ, պետք է առաջիններից լինի, այլապես դժվար կլինի դրական արդյունքի հասնել: Ելնելով Փաշինյան-Էրդողան բանակցային զույգի յուրահատկությունից, արմատական այս հարցադրման նախաձեռնությունը պետք է Հայաստանի ձեռքին լինի իբրեւ իմպերատիվ:

Պատասխաններ որոնելու համար նախ ճշտենք մեկնակետը: Ներկայացնենք Ցյուրիխում ստորագրված երկու արձանագրությունների եւ դրանց ուղեկցող տարրերի հանրագումար սակարկային էությունը «հայկական կողմ = թրքական կողմ» հավասարման, կամ այլ կերպ՝ տրամաբանական նույնության տեսքով. Ինչ-ինչ փոփոխությունների ենթարկվելով, նաեւ նորերով հավելվելով, հավասարման բաղադրիչները իրենց դերը պահպանելու են նաեւ ապագային:

[A]
Հոկտեմբեր 10, 2009 թ. Վիճակ

(1) Հայաստանի փաստացի հրաժարում 1915թ. դեպքերը միջազգային բեմում իբրեւ գենոցիդ որակելու արշավից + (2) Հայ-թրքական փաստացի սահմանի status quo չվիճարկում Հայաստանի կողմից + (3) Առանց հիշատակման՝ թրքական ոչ ռազմական ապրանքների համար Նախիջեւանի Հանրապետություն պրոտեկտորատն ու Ադրբ. Հանրապետությունը կապող երկաթուղու դեբլոկադա Հայաստանի կողմից = (4) Հայ-թրքական փաստացի սահմանի դեբլոկադա Թուրքիայի կողմից + (5) Դիվանագիտական հարաբերությունների հաստատման համաձայնություն Թուրքիայի կողմից + (6) Առանց հիշատակման՝ ԼՂՀ եւ շրջակայքի տարածքային status quo չվիճարկում Թուրքիայի կողմից
Նշենք, որ սակարկման հավասարման (1), (2) եւ (4) անդամները արտահայտում են արձանագրությունների տեքստի այն ձեւակերպումները, որոնք ավելին չեն, քան «փաստացի» բառի դիվանագիտական համարժեքը: Նկատենք, որ (3) եւ (6) անդամները վերաբերում են ստորագրող կողմերի հանդեպ երրորդ կողմին եւ ենթադրում են այսպես կոչված պարկեշտ համաձայնություն: Համենայն դեպս, անմիջապես ստորագրումից հետո թրքական կողմի նախաձեռնությամբ պայմանավորվածության (6) անդամի տրամաբանական ժխտումը, այն է չվիճարկելը վիճարկելու վերածելը կոպտորեն խախտում էր [A] հարաբերակցության բալանսը հոգուտ թրքականի:
Դա դեռ ամենը չէր: Թրքական կողմը համաձայն էր այդ նոր [A]* տեսքը հարգել միայն (6) բաղադրիչը, այն է արցախյան status quo-ն նախապես բեկանելու պայմանով: [A]* + նախապայման վիճակը եւ դրա կապակցությամբ Երեւանի ձեռնարկած քայլերը դեռ դիտարկելու ենք: Առանձին կանդրադառնանք արձանագրությունների տապալման հետեւանքով կողմերի կրած կորուստների հարցին, մասնավորապես դրա հետեւանքով Սիրիայի հայ համայնքի աղետալի կրճատմանը:

Արձանագրությունների ետստորագրային շրջանին՝ դրությունը փրկելու Հայաստանի գործադրած ջանքերը բավարար չեղան: Բանն այն է, որ հայ եւ թուրք կողմերի թերացումը տեղի էր ունեցել նախաստորագրային շրջանում եւ գտնվում էր երկու երկրների հասարակական կարծիքի նախապատրաստման, հոգեբանական ծանր բարդույթների հաղթահարման գետնի վրա: Պատշաճ աշխատանքի պարագային որեւէ «ադրբեջանական» գործոն ի վիճակի չէր լինի թղթե տնակի պես տապալելու ցյուրիխյան ծրագիրը:

[A] հարաբերակցության իրագործման համար բացակայում էր «դահիճ-զոհ» ծանրագույն բարդույթից ճկված հասարակական կարծիքի շտկման երկկողմ աշխատանքը: Պատմական տրավմայի հեռագնա հետեւանքների անտեսումն էլ, ի վերջո, հանդիսացավ մեծ դժվարությամբ բալանսավորած ցյուրիխյան բանաձեւի տապալման բուն պատճառը: Այս խնդրին նույնպես կաշխատենք անդրադառնալ առանձին ակնարկով:

Այժմ նշենք, որ (1) անդամի իրականացումը նշանակում է վերադարձ 1998թ. դրության: Այլ կերպ ասած, մինչեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից 1915-ի խնդրի շարունակական արծարծումը ՄԱԿ ԸԱ նիստերին ու միջազգային այլ շփումների ընթացքին: Ցյուրիխյան կամ ֆուտբոլային գործընթացը սկսել էր դեռեւս պ-ն Քոչարյանի նախագահության օրոք եւ վերը բերված հավասարումը առանց նրբերանգների, կոպիտ կարելի է ներկայացնել իբրեւ «Հայկական Ղարաբաղն ու բաց սահմանները՝ ցեղասպանության խնդիրը ակադեմիական ոլորտին հանձնելու դիմաց» իրատեսական կամ ցինիկ, ով ինչպես կամենա, փոխանակում:

Այս բանաձեւի քննարկումը հնարավոր դարձավ ցեղասպանության խնդրի շուրջ 10 տարի տեւած հայկական դիվանագիտական ճնշումների եւ «100 տարի զարգացում շրջափակման մեջ» կարգախոսի առաջադրման շնորհիվ: Ճնշումներին զուգահեռ ենթադրվում էր սփյուռքի ակտիվ ներգրավումը Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ տնտեսական կյանքին:

Ո՞րն էր Թուրքիայի շարժառիթը: Կար Արցախի դեմ Բաքվի սանձազերծած պատերազմում 1994թ. հայկական փայլուն հաղթանակը, 1996թ. Լիսաբոնի գագաթաժողովում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կոշտ դիրքորոշումը եւ ՄԽ անընդունակությունը՝ բեկանել staus quo-ն: Մյուս կողմից՝ ցեղասպանության խնդրի հետապնդումը մոտենում էր 100-ամյակի կարեւոր հանգրվանին:

ուստաֆա Քեմալի հանրապետական ժառանգության վերաիմաստավորման գաղափարով առաջնորդվող թրքական էլիտան որոշեց, որ եկել է, բորսայի լեզվով ասած, շահութաբեր դիրքերի երկկողմանի ֆիքսացիայի կամ կապիտալացման պահը: Հայկական կողմը ուներ այն ներքին փաստարկումը, թե իրական Արցախն ու բաց ճանապարհները պակաս կարեւոր չեն, քան Հայ Դատի անորոշ հեռանկարը եւ սփյուռքի տակավին սահմանափակ տնտեսական մասնակցությունը:

Անկախ Ռոբերտ Քոչարյանի գործունեության ընդհանուր, հիմնականում 2008 մարտ 1-ին առնչվող գնահատականից, անհրաժեշտ է ընդունել, որ գալիք «Ցյուրիխը» Realpolitik տեսակի գործընթաց էր, որ բխում էր պահի գնահատականից եւ պահի պատկերացումներից: Հիմա, նայելով տարիների բարձունքից, հնարավոր է այլ գնահատականներ տալ եւ առաջնորդվել նոր, որակապես տարբեր պատկերացումներով:

Հայ-թրքական հարաբերությունների կարգավորման հետագա ընթացքի ողջ ծանրությունը ընկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուսերին: Ցյուրիխյան հարաբերակցության այդ շրջանի ձեւափոխություններին, իրական եւ կարծեցյալ նախապայմանների առաջադրմանը, չեղարկման հանգամանքներին, 2016 թվականի ապրիլյան կռիվների եւ «թավշյա հեղափոխության» ազդեցությանը կաշխատենք անդրադառնալ շարքի հաջորդ ակնարկներում:

(շարունակելի)

[1] http://www.lragir.am/index/arm/0/comments/view/160959
Խաղը բարդանում է. Հայաստանը մեծացնում է սահմանը
[2] http://www.hurriyet.com.tr/yazarlar/unal-cevikoz/turkiye-ermenistan-iliskileri-ne-zaman-normallesir-40604059
Ünal Çeviköz. Türkiye-Ermenistan ilişkileri ne zaman normalleşir?
[3] http://www.hurriyet.com.tr/video/basbakan-yildirimdan-ermenistan-basbakani-pasinyana-yanit-40833503
Başbakan Yıldırım’dan Ermenistan Başbakanı Paşinyan’a yanıt

ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Քաղաքական մեկնաբան, Մոսկվա

lragir

Թողնել պատասխան

Your email address will not be published.

two × 1 =