Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը 2017 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը Խորհրդարանի 6-րդ նստաշրջանում

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հայության իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության գործունեության հիմնական ուղղությունը եղել է արտաքին քաղաքականությունը, մասնավորապես Մերձավոր Արեւելքում իրավիճակի մշտական քննությունն ու վերլուծությունը, իրադարձություններին արագ արձագանքը, գործընկերների հետ հարաբերությունների սերտացումն ու զարգացումը, նոր գործընկերների հայտնաբերումն ու նրանց հետ աշխատանքների սկզբնավորումը:

Այս հարցերում առաջնորդվել ենք այն տեսլականով, որ հայոց բոլոր խնդիրների կարգավորումը, ի վերջո, սերտորեն կապված է Հայկական Հարցի վերջնական ու արդարացի լուծման հետ:

Եվ որքան էլ սուղ են եղել միջոցները, այդ թվում եւ կադրային,  Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի, հատկապես Խորհրդարանի, ռեսուրսների ներգավմամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարությունը կարողացել է հաղթահարել դժվարությունները ու գործընկերների հետ իրականացնել արդյունավետ համագործակցություն:

 Պատահական չէ, որ մեր պետական համակարգում Սահմանադրության նախագծի շուրջ առաջացած ճգնաժամի ժամանակ, որը վերաբերում է հատկապես միջազգային պայմանագրերի վավերացման հարցին ու գործընթացին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարությունը արձագանքել է անմիջապես եւ երկար ու տեւական ժամանակ փորձել է ճշգրիտ իրավական լուծում տալ այդ խնդրին, խուսափելու համար հետագա խեղաթյուրումներից ու սխալներից:

Հիշեցնենք, որ  Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանը իր կողմից առաջադրված ու միակողմանի փոփոխված ինքնաստեղծ սահմանադրության նախագծի օրինակում միջազգային պայմանագրերի վավերացման եւ պետական սահմանի փոփոխության իրավունքը վերապահել էր իրեն, նախագահական իր ցանկությանն ու քմահաճույքին:

Այնտեղ գրված է.

«Հոդված 76. «Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահը Պայմանագիրներու վաւերացման վերաբերեալ

Կետ 8) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահին կողմէ վաւերացման ենթակայ են այն միջազգային պայմանագիրները, որոնք ունի քաղաքական կամ ռազմական բնույթ, կամ կը նախատեսեն պետական սահմանի փոփոխութիւն»:

Նույն ձեւակերպումն է նաեւ 107-րդ հոդվածում.

«Հոդված 107. «Ազգային ժողովը Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի առաջարկութեամբ կը վաւերացնէ, կը կասեցնէ կամ չեղեալ կը յայտարարէ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան միջազգային պայմանագիրները, բացառութեամբ անոնց, որոնք ունին քաղաքական կամ ռազմական բնոյթ կամ կը նախատեսեն պետական Սահմանի փոփոխութիւն եւ որոնք ենթակայ են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի»:

Մենք երկար ու տքնաջան փորձեցինք շտկել իրավիճակը կառուցողական զրույցների ու քննարկումներ առաջացնելու, համապատասխան նյութեր տրամադրելու ու շրջանառության մեջ դնելու միջոցով, սակայն ոչինչ չստացվեց, նախկին նախագահը համառորեն կանգնած մնաց իր դիրքորոշման վրա:

Հասկանալի է, որ այդպիսի ձեւակերպումն ու մոտեցումը ոչ միայն հակաօրինական ու հակասահմանադրական էր, այլեւ ազգային պետական ռազմավարության տեսակետից անընդունելի ու վտանգավոր: Քանի որ միջազգային պայմանագրերի վավերացումը եւ պետական սահմանի փոփոխության խնդիրը չեն կարող ենթակա լինել մեկ անձի կամքին, նույնիսկ նախագահի: Դա գործընթաց է, որի մեջ ներգրավված են նախագահը, արտաքին գործերի նախարարությունը, խորհրդարանը:

Այլ կերպ ընդունված չէ: Ուստի միանգամայն հասկանալի եւ ընդունելի է Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2017 թ. հունիսի 11-ին գումարված 5-րդ նստաշրջանի կայացրած որոշումը՝ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունների դադարեցման մասին, որի պատճառներից մեկն էլ սա էր:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության համար մյուս կարեւոր խնդիրը եղել է կադրային համալրման խնդիրը:

Այստեղ առաջին հերթին հարկավոր է շնորհակալություն հայտնել խորհրդարանի պատգամավորներին իրենց ցուցաբերած վճռական քաղաքացիական կեցվածքի համար, ինչը օգնեց փրկելու պետական համակարգը եւ դրանով փրկելու իրավունքների պաշտպանության գործընթացը, դրա շարունակականությունը՝ հնարավոր այլեւայլ խեղաթյուրումներից ու գործարքներից:

Դա նշանակում է, որ մենք մեր համակարգում ունենք բանիմաց ու խիզախ գործընկերներ: Նրանց խնդրելու ենք ավելի մեծ չափով ու առանց վախի ու կասկածի նախաձեռնողական մոտեցում հանդես բերել աշխատանքում: Դրանք բոլորը քաջալերվելու են մեր կողմից: Մյուս կողմից շարունակել նոր գործընկերների ներգրավումը համակարգի բոլոր բաժիններում, հատկապես նախագահության ու կառավարության, առավել մեծ ճակատով գործունեություն իրականացնելու համար, որի ժամանակը եկել է:

Ինչու ենք խոսում այս երկու հարցերի՝ արտաքին քաղաքականության եւ կադրային համալրման,  մասին:

Որովհետեւ դրանք մեր ազգային պետական ռազմավարության հիմնական հարցերն են եւ դրանց կարգավորմանը զուգընթաց բնականոն կերպով կարգավորվելու է պետական համակարգի բոլոր թեւերի, այդ թվում եւ կառավարության, այլ գործառույթների իրականացումը եւս:

Մեր ապրած ժամանակաշրջանի ու տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ մեկ երկու խոսք կասենք բանավոր:

Մինչ այդ ցանկանում ենք վստահեցնել, որ վճռական ենք բոլոր ուժերով պաշտպանելու Արեւմտեան Հայաստանի հայերի բոլոր իրավունքները Արեւմտեան Հայաստանի նկատմամբ եւ վստահ ենք, որ հաղթանակը մերն է լինելու:

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

 16.09.2017 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

18 + 2 =