Միջազգային քրեական դատարանում պահանջում են ձերբակալել Նեթանյահուին, Գալանտին և «Համասի» երեք ղեկավարներին

Հաագայում գործող Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը երկուշաբթի հայտարարել, թե պահանջում է ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, պաշտպանության նախարար Յոավ Գալանտին ու «Համասի» երեք առաջնորդներին, այդ թվում՝ Գազայի հատվածում խմբավորման առաջնորդ Յահյա Սինվարին՝ Իսրայել-«Համաս» ռազմական հակամարտության ժամանակ արձանագրված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ոճրի համար: Դատախազի որոշումը բուռն արձագանք է առաջացրել։

Դատարանը դեռ պետք է կայացնի իր վճիռքը՝ արդյո՞ք հիմնավոր փաստեր կան, որ կալանավորման հրահանգ իջեցվի նշված անձանց վերաբերյալ։ Շաբաթներ, անգամ՝ ամիսներ կարող են տևել մինչ դատարանը կհրապարակի իր որոշումը։

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը Խանի հայտարարությունը անվանել է «վրդովեցուցիչ, որն ի ցույց է դնում, թե որքանով է միջազգային դատական համակարգը փլուզման վտանգի առջև»: Նա աննընդունելի է համարել «ահաբեկիչների և ժողովրդավար ճանապարհով ընտրված Իսրայելի կառավարության միջև» զուգահեռների անցկացումը:

Հրեական պետության արտգործնախարար Իսրայել Կացը կրկնել է Հերցոգի խոսքերը՝ Նեթանյահուի և Գալանտի նկատմամբ ձերբակալության օրդեր իջեցնելու մասին հայտարարությունը համարելով «վրդովեցնող»:

ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը X հարթակում գրառման միջոցով դատապարտել է Քարիմ Խանի քայլը․ «Իսրայել պետությունը մղում է արդար պատերազմներից մեկը, որը մղվել է ժամանակակից պատմության մեջ՝ [անցած տարվա] հոկտեմբերի 7-ին ահաբեկչական [կազմակերպություն հանդիսացող] «Համասի» կողմից իրականացված դատապարտելի սպանդից հետո։ Դատախազի դիրքորոշումը` դիմել ձերբակալության օրդերի համար, ինքնին պատմական մասշտաբի հանցագործություն է, որը սերունդները պետք է հիշեն»:

Բազմաթիվ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումը նույնպես դատապարտել է Միջազգային քրեական դատարանի դատախազի որոշումը՝ իր երեք առաջնորդների ձերբակալության օրդեր պահանջելու մասին, մեղադրելով Քարիմ Խանին՝ «զոհին դահիճի հետ հավասարեցնելու փորձի մեջ»: Երկուշաբթի տարածած հայտարարությամբ «Համասը» ընդգծում է, թե իրավունք ունի դիմակայել իսրայելական օկուպացիային, ներառյալ՝ զինված:

Փոխարենը՝ Խանի որոշումը ողջունել է Human Rights Watch-ի միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Բալկիս Ջարահը՝ ընդգծելով, որ այն առաջին քայլն է նախորդ ամիսներին տեղ գտած վայրագությունների համար պատասխանատվության ենթարկելու:

Քարիմ Խանը երկուշաբթի հայտարարեց, թե բոլոր հինգ անձինք պատասխանատվություն են կրում մարդկության դեմ հանցանքների համար՝ մանրամասնելով, որ Նեթանյահուն ու Գալանտը «քրեական պատասխանատվություն են կրում» պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, ներառյալ՝ խաղաղ բնակիչների դեմ սովը որպես պատերազմի զենք կիրառելու և խաղաղ բնակչության նկատմամբ հարձակումները «որպես «Համասը» վերացնելու, պատանդների վերադարձը ապահովելու միջոց» օգտագործելու համար:

Խանը հավելել է՝ Գազայի հատվածում «Համասի» առաջնորդ Յահյա Սինվարը, «Համասի» ռազմական թևի հրամանատար Մուհամմեդ Դիաբ Իբրահիմ ալ-Մասրին և «Համասի» քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյան պատասխանատու են պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների, ներառյալ՝ սպանությունների, պատանդ վերցնելու, բռնաբարությունների, սեռական այլ բռնությունների և խոշտանգումների համար։

Դատախազը դիմելու է երեք դատավորներից բաղկացած մարմնին, որոնք կուսումնասիրեն ներկայացրած հիմնավորումները, այնուհետև որոշում կկայացնեն կալանքի օրդերների վերաբերյալ:

Իսրայելը Միջազգային քրեական դատարանի անդամ չէ, և եթե անգամ կալանավորման կարգադրություն իջեցվի, իրավական վեճի տեղ է մնում, թե արդյոք Նեթանյահուն և Գալանտը ընդդատյա են: Սակայն Խանի հայտարարությունը ի ցույց է դնում Իսրայելի աճող մեկուսացումը, և ձերբակալման սպառնալիքը կարող է դժվարացնել իսրայելցի առաջնորդների արտասահմանյան այցերը:

Հիշեցնենք, որ մերձավորարևելյան ներկայիս հակամարտությունը ծագեց, երբ անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասը» արյունալի գրոհ ձեռնարկեց հրեական պետության դեմ՝ սպանելով 1 200 իսրայելցու, պատանդ տանելով մոտ 240-ին։ Ինչին հետևեց իսրայելական ռազմուժի պատասխան գործողությունները, որոնց հետևանքով, ըստ պաղեստինյան կողմի, Գազայում առ այսօր զոհվել է ավելի քան 35 հազար հոգի։ Իսրայելի պնդմամբ, ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է ավելի քան 14 հազար զինյալ և շուրջ 16 հազար խաղաղ բնակիչ։

Այս ամենի ֆոնին՝ Յոավ Գալանտը երկուշաբթի վերահաստատել է, թե Իսրայելը հավատարիմ է Գազայի հարավային Ռաֆահ քաղաքում ցամաքային գործողություն իրականացնելու ծրագրին, և այս խոսքերը հնչել են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հանդիպմանը:

Իսրայելի պաշտպանության նախարարի խոսքով, Սալիվանին փոխանցել է, թե Ռաֆահում իրականացվելիք գործողության նպատակն է «Համասի» վերացումը և պատանդների վերադարձը:

Գալանտը հավելել է, որ Ջեյք Սալիվանի հետ քննարկել են Մերձավոր Արևելքում Իսրայելի դիրքերն ամրապնդելու ուղիները:

Մինչ այդ՝ կիրակի, Սալիվանը հանդիպել էր Նեթանյահուի հետ՝ քննարկելու Գազայում «Համասի» դեմ իսրայելական ռազմական այնպիսի գործողությունների իրականացումը, որոնց ժամանակ հանավորինս կապահովվի քաղաքացիական բնակչության անվտանգությունը:

Ըստ Սպիտակ տան, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան կրկնել է նախագահ Ջո Բայդենի դիրքորոշումը Ռաֆահի հարցում․ ԱՄՆ նախագահն իր մտահոգությունն է հայտնել հնարավոր հումանիտար աղետի մասին:

Արձագանքելով՝ Նեթանյահուն խոստացել է դադար չտալ «Համասի» դեմ պայքարում՝ մինչ վերջինիս չեզոքացումը և պատանդների ազատ արձակումը:

Այդուհանդերձ, Բենիամին Նեթանյահուն հարկադրված է դիմագրավել նաև ներքին՝ իր իսկ գլխավորած կառավարությունի ճնշմանը: Նախարարներից Բենի Գանցը շաբաթ օրը սպառնացել է լքել իշխող կոալիցիան, եթե մինչև հունիսի 8-ը Նեթանյահուն չհաստատի հետպատերազմական «գործողությունների ծրագիրը»։

Նյութում օգտագործվել են Associated Press-ի, Agence France-Presse-ի ու Reuters-ի հրապարակումները։

Аmerikayidzayn.com

Թողնել պատասխան

Your email address will not be published.

18 + 18 =