VIDEO – https://www.youtube.com/watch?v=Zb_sjHXs4DU&t=2s
«Դա են վկայում արձանագրության նկարագրության համաձայնեցումը, մամլո հաղորդագրությունները եւ կառավարության ղեկավարի աշխատակազմի կողմից տրված պարզաբանումները: Այն տեղի է ունենում ի հաշիվ մեր պետության, մեր ժողովրդի, մեր կյանքի եւ մեր քաղաքացու, ընդհանրապես մեր գոյության:
Իշխանությունների վրա ազդեցություն չունեցան այն լայն հիմնավորումները, իրավական, օրենսդրական դաշտում, որոնք տրվել են բազմաթիվ մասնագետների կողմից, արձանագրված փաստերը, բարոյական հիմքերը եւ միաժամանակ այն լայն անհամաձայնությունը, որ հայտնել են քաղաքացիները:
Այդ իմաստով անհրաժեշտություն է դարձել գնալ ոչ թե հետեւանքների հետեւից, այլ ուղղակիորեն վերացնելու պատճառները: Պատճառը մեկն է եւ այն Երեւանում է, եւ այլեւս հրատապություն ու հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով, համառ կամքով, համբերությամբ եւ վստահությամբ հեռացնելու այս իշխանությունը իր ամբողջ ապօրինություններով հանդերձ եւ նոր կյանք հաստատելու մեր երկրում:
Սա արյունաքամության ամբողջական մի շղթա է, որը պետք է կանգ առնի:
Մենք մեր անհամաձայնությամբ, առաջիկա գործողություններով, որոնց մասին որոշակիորեն, կոնկրետ կերպով կներկայացնենք ձեզ, պետք է ընթանանք այս ճանապարհով, որովհետեւ այլ ելք, նախընտրություն մեզ համար չկա»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:
Նա շարունակեց. «Պետք է լծվենք ամենածանր աշխատանքի եւ նպատակադրված, որոշակի, կոնկրետ քայլերով հասնենք ցանկալի արդյունքին: Այդ արդյունքը որեւէ մեկինը չէ, սա չակնկալիքների պայքար է, նյութական որեւէ ակնկալիք չունենալու մասին է: Սա ստի եւ ճշմարտության պայքար է, եւ ճշմարտությունը պետք է հաղթի:
Այս պահին Կիրանցի մեր հայրենակիցները, արդեն իսկ տնազուրկ դարձած, զրկված անվտանգության բոլոր երաշխիքներից, այսօր փողոցում են: Մենք վերահաստատում ենք, որ այդ տառապանքը անպատասխան չեն մնալու: Մենք պետք է ստանանք այդ պատասխանը:
Բոլորիդ հրավիրում եմ, որպեսզի այս պատրաստակամությամբ եւ հանձնառությամբ ծրագրենք մեր առաջիկա քայլերը եւ այն իրականացնելու հանձնառությունը ստանձնենք: Մեզ համար այլընտրանք չի մնացել. Կամ այսօր, կամ երբեք: