Lragir.am. “Այս պահին հանված են Արցախի եւ Նախիջեւանի խնդիրները, 29,8-ը եւ սահմանազատումը․ ինչ է արձանագրվելու հաջորդ «առաջարկներում»”

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ ԱԳՆ-ում ծանոթացել են «խաղաղության պայմանագրի» նախագծին ու Բաքվի առաջարկներին եւ հայտարարել, որ «դրանք որևէ կերպ չեն արտահայտում իրական, արդար և հարատև խաղաղություն հաստատելու ցանկություն ունեցող երկրի դիրքորոշումը», որ դրանում խոսք չկա «Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը ճանաչելու, սահմանազատման մասին», որ դա սպառնալիքի տակ պատրաստված փաստաթուղթ է․ «մտահոգություններն ու անհանգստությունները որևէ կերպ ոչ միայն չեն փարատվում, այլև առավել խորանում են»։

Մտահոգություններ ու անհանգստություննե՞ր, ընդամե՞նը։ Այսինքն, Հայաստան խմբակցությունը մինչեւ հիմա չի՞ հասկացել, թե ինչ է կատարվում, թե՞ կարծում էին, որ 29,8-ով ու խաչմերուկով ամեն ինչ կավարտվի, այդքանով էլ կավարտվի իրենց հենակությունը ՀՀ վարչապետի աթոռին դրված թշնամուն։

Հայաստան խմբակցությունը պատրաստվո՞ւմ է խորհրդարանում բարձրացնել Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշման իրագործման, 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի, Նախիջեւանի կարգավիճակի, առհասարակ հայկական քաղաքական իրավունքների հարցերը, թե՞ իրենց խնդիրը 29,8-խաղաղության պայմանագիրն էր, որը «պարզվեց» իրականություն չի դառնում։

Հարցերն իհարկե հռետորական են, Հայաստան խմբակցությունը, առհասարակ հայկական այսպես կոչված քաղդասի, մեդիա-քաղաքագիտության 99 տոկոսը Հայաստանի պետականության վերացման ծրագրի գործիքներն են, ընդ որում՝ լիովին գիտակցաբար են ստանձնել այդ գործառույթը։ Ծրագրի էությունը, իրագործման մեխանիզմներն ու մեթոդները վաղուց մանրամասն եւ փաստարկված նկարագրված են Լրագրի հրապարակումներում։

Գանք «խաղաղության պայմանագրին»։ Դա ՀՀ պետականության լուծարման փաստաթուղթն է, իրագործման մեխանիզմը՝ Երեւանի ու Բաքվի միջեւ «առաջարկների փոխանակումը», որի ամեն մի փուլում հանվում են հայկական «նախապայմանները»։ Այս պահին հանված են Արցախի եւ Նախիջեւանի խնդիրները, Բաքվի զորքերի դուրսբերումը ՀՀ սահմանադրական տարածքից, 29,8-ը եւ սահմանազատումը։ Այս մեխանիզմը հնարավորություն է տալիս «անցնցում» հասնել վաղուց համաձայնեցված փաստաթղթի ստորագրմանը՝ խուսափել հանրային ընդվզումից կամ փոշիացնել այն (17+1, դիմադրության շարժում, Վազգենմանուկյան-ազգային կոմիտե, Մայրհայրենիք, Հայաքվե եւ այլն) ու արտաքին հնարավոր միջամտությունից։ Ահա այս գործառույթն են կատարում հայկական այսպես կոչված քաղդասի, մեդիա-քաղաքագիտության 99 տոկոսը։

«Առաջարկների» հաջորդ մասերը վերաբերելու են միջանցքներին, ՀՀ մնացած տարածքում ազերբայդժանեցների զանգվածային բնակեցմանը՝ սկզբի համար քաղաքական ինքնավարության որոշակի կարգավիճակով, Երեւանում բաժանարար գծի սահմանումը (Ակադեմիական քաղաքի «նախագիծը» բխում է դրանից), Սահմանադրության եւ պետական կառուցվածքի փոփոխությունները։

«Խաղաղության պայմանագիրը» ՀՀ պետականության վերացման եւ բնակչության տարագրման փաստաթուղթն է․ Արցախի օկուպացիան ու բնիկ մեծամասնության արտաքսումը լոկալ գործողություն չէր, ոչ էլ «խաղաղության պայմանագրի» ստորագրման նախապայման, ինչպես ներկայացնում են Բաքուն, Նիկոլն ու նրա բրյուսելյան անառակախումբը, այլ՝ ծրագրի մի մասը, որը շարունակվելու է Հայաստանի մնացած տարածքում։

Երբ դեռ տարիուկես առաջ Լրագիրը մանրամասն նկարագրում էր, թե ինչ է տեղի ունենալու Արցախում, մեզ մեղադրում էին ծայրահեղության, չափազանցնելու, լավատեսության բացակայության համար։ Իրադարձությունների ընթացքը պատկերացնելու համար ընդամենը պետք է ուշադիր կարդալ «առաջարկների փոխանակման» ընթացքում Երեւանի ու Բաքվի հայտարարությունները, եւ ամեն ինչ պարզ կդառնա։

Աչքակապության մեխանիզմը հետեւյալն է՝ Բաքուն «պահանջում» է, Երեւանը շինծու նվնվում ու համաձայնում «պարտադրանքի» տակ։ Իրականությունը սակայն հետեւյալն է՝ դա ուղղորդվում է Երեւանից, Բաքվի ինքնավստահության ակունքը ՀՀ վարչապետի աթոռին դրված թշնամին է, որն առաջնորդում է այս գործընթացը։ Բաքուն չի կարող հայտարարել մի բան, որի տակից հետո չի կարողանալու դուրս գալ։ Ըստ այդմ, սա Բաքվի պարտադրանքի հետեւանք չէ, այս ամենը հնարավոր չէր լինի առանց Երեւանի առաջնորդության, քանի որ իրավունքը հայկական կողմում է, եւ թշնամական ծրագրերի իրականացումը կախված է Երեւանի ստորագրությունից։

Արդյոք այս իրողությունների գիտակցումն արդեն իսկ լավատեսության առիթ չէ․ երբ հստակ պատկերացնում ես իրավիճակը, գալիս է նաեւ «ինչ անել այդ ծրագրերը տապալելու համար» հարցի պատասխանը։

Lragir.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

one × one =