ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյան. «Հայաստանի ռազմավարական հետաքրքրությունների գոտին ներառում է ոչ միայն Կովկասը, այլեւ ՀԱՊԿ պատասխանատվության ամբողջ գոտին, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքն ու Արեւելյան Միջերկրականը»

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 4-ին Մոսկվայում ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) եւ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստի ընթացքում հանդես եկավ ելույթով, որի ընթացքում ի շարս միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության, պատերազմների ու զինված ընդհարումների հրահրման սպառնալիքի կանխարգելման, ինչպես նաեւ արդի պայմաններում ռազմական համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի համախմբման հարցերի՝ հայտարարեց հետեւյալը.

«Հայաստանի ռազմավարական հետաքրքրությունների գոտին ներառում է ոչ միայն Կովկասը, այլեւ ՀԱՊԿ պատասխանատվության ամբողջ գոտին, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքն ու Արեւելյան Միջերկրականը: Ելնելով դրանից՝ Հայաստանը շահագրգռված է բոլոր այս տարածաշրջաններում խաղաղության եւ կայունության պահպանմամբ»։

Փաստն այն է, որ նշված տարածաշրջաններում չկա՛ խաղաղություն, որն անհրաժեշտ է Հայաստանին։ Փաստն այն է նաեւ, որ այն հանգուցային խնդիրները, որոնց պատճառով տասնամյակներ ցնցվում են այդ տարածաշրջանները՝ մեկ օրվա մեջ լուծվողը չեն, ավելին, նրանք մագնիսի պես դեպի իրենց են քաշել խիստ տարբեր, մոտ եւ հեռու խաղացողների, այդ թվում՝ «գեոպոլիտիկա խաղալու» անհագ ձգտում ունեցող տարբեր նեոկայսերապաշտների։ Նրանք ձգտում են դառնալ «գերտերություն», որպեսզի դառնան այդ խնդիրները լուծող, սակայն դարձել են խնդիրների չլուծման գլխավոր պատճառներից մեկը, դարձել են «գերխնդիր»։

Տավուշի սահմանագոտում հուլիսյան մարտերի ֆոնին Թուրքիայի գերակտիվացումը նոր իրողություն է ձեւավորում Հայաստանի շուրջ, եւ պաշտպանության նախարարի՝ զինվորականի անմիջականությամբ բարձրաձայնած միտքը պահանջում է մի-քանի կարեւոր արձանագրումներ։

Նախ, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ձեռք են բերում միանգամայն նոր չափումներ, եւ Երեւանի դիրքավորումն՝ առեւտուրը բացառող ինքնիշխանության հիմքի վրա այլ ելք չի թողնում Մոսկվային, քան հաշվի նստել այս իրողության հետ եւ իր շահերի սպասարկման ռազմավարությունը կառուցել միանգամայն նոր հիմքով։ Իսկ դա նշանակում է, որ որքան էլ ԱԳ նախարար Լավրովի համար «ափսոս է» հեռավոր 2007 թվականի «մադրիդյան սկզբունքներն» աղբաման նետելը, որքան էլ որ նրան չգիտես ինչու թվա, որ Հայաստանը «պետք է կատարի» նաեւ ՄԱԿ ԱԽ՝ Ալիեւի սիրելի բանաձեւերը՝ իրողություններն այլ են, եւ դա կապված է նաեւ Ռուսաստանի հետ։

Թուրքական գերակտիվացումը սպառնալիք է ոչ միայն Հայաստանին եւ Վրաստանին, այլեւ հենց Ռուսաստանին, եւ որքան էլ որ գայթակղիչ թվա շարունակել օգտագործել Ադրբեջանին որպես ավանդական բութ գործիք՝ ռուսական նեոկայսերապաշտական շահերն առաջ տանելու համար, պարզ է, որ տարածաշրջանում այլ «հավասարում» է գործում, եւ «հայկական գամբիտը» թուրքերին եւ Կովկասի թուրքերին սիրաշահելու նպատակով այլեւս ոչ միայն չի ստացվի, այլեւ Մոսկվան ի՛նքը կմնա այդ «գամբիտի» տակ։

Այո, ի սկզբանե ռուսական ներկայությունը, ռուսական գործոնը խիստ կարեւոր է Թուրքիային տարածաշրջանում զսպելու գործում, մանավանդ երբ ակնհայտ է, որ հուլիսյան արկածախնդրության տապալումից հետո ցնորված Ալիեւը կրակոց է, որ արձակում է սեփական ոտքերին, գործնականում դառնալով Թուրքիայի պրոքսի, իսկ պրոպագանդայի դաշտում՝ գավառական «յալանչի»։ Սակայն, ամենեւին էլ փաստ չէ, որ ռուսներն ինչ-որ պահի չեն գնա թուրքերի հետ ինչ-ինչ գործարքի՝ հայկական շահերի հաշվին։ Այո, այսօր Բաքվում հրահանգ է իջեցրած՝ Մոսկվայի ուղղությամբ պրոպագանդայի «բոլոր շներին արձակելու»։ Նրանք դժգոհ են, որ հայ-ռուսական ռազմա-տեխնիկական համագործակցությունը նոր մակարդակ է ձեռք բերել, նրանք հայտարարում են, որ Թուրքիան է դառնալու Ադրբեջանի թիվ մեկ գործընկերը ռազմա-տեխնիկական ոլորտում։

Մի կողմից Ռուսաստան-Արեւմուտք, մյուս կողմից՝ Թուրքիա-Արեւմուտք առճակատման նոր փուլում ամենեւին էլ չի կարելի բացառել, որ «մեկ էլ հանկարծ» Մոսկվան ու Անկարան չեն հանգի առնվազն մարտավարական պայմանավորվածությունների։ Բաքվում ուղղակի երազում են այդ մասին, Բաքվի պալատական խոսնակները չեն էլ թաքցնում, որ երազում են այդ մասին, Բաքվի ղեկավարները պատրաստ են հանուն դրա սեփական երկիրը զոհաբերել, պատրաստ են սեփական երկու աչքը հանել, հուսով, որ հայերի գոնե մեկ աչքը դուրս կգա։ Նրանք սպասում են մի նոր պայմանական Նուրի փաշայի գալստյանը, որը կգա եւ իրենց փոխարեն իրենց համար եւ կկռվի, եւ պետություն կսարքի, մինչ Թուրքիան ինքնահաստատվում է Տիրամոր պատկերի տակ նամազ կատարելով եւ շարունակում է թքել բոլոր «ջրհորների» մեջ, որոնցից մեկ դար շարունակ ջուր է խմել, բոլշեւիկների պրոքսիից դառնալով տարածաշրջանի կարեւոր պետություն…

Նախարար Տոնոյանի ուրվագծած հորիզոնը ցույց է տալիս, որ խաղաղությունը հենց այնպես չի լինելու, եւ միայն խոսքով ցանկանալը ոչինչ էլ չի տալու։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը պետք է նախաձեռնի Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների դե-ֆակտո նորացման գործընթաց, դրա հետ մեկտեղ՝ կենսականորեն կարեւոր, իրար հետ չհատվող, բայց եւ ներքուստ օրգանապես շաղկապված ռազմաքաղաքական մի-քանի պակտեր. հարեւանների հետ (Վրաստան, Իրան), հելլենական պետությունների՝ Հունաստանի եւ Կիպրոսի, արաբական պետությունների՝ առաջին հերթին ԱՄԷ եւ Եգիպտոսի, հրեական պետության հետ։ Այս ուղղություններից յուրաքանչյուրն առանձին դիտարկման է արժանի, սակայն պետք է նշել, որ բացառությամբ Իրանի՝ մնացած բոլորը տարբեր աստիճանի խորության հարաբերություններ եւ իրե՛նց պակտերն ունեն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ, ուստի շահերի ներդաշնակեցման առումով չմիջնորդավորված հարաբերությունները Վաշինգթոնի եւ Փարիզի հետ ձեռք են բերում կենսական կարեւորություն, մանավանդ, հաշվի առնելով, որ խոսք է գնում Մինսկի խմբի երեք համանախագահներից երկուսի մասին։

Թուրքիայի եւ Ադրբեջանի միջազգային մեկուսացումը, Թուրքիայի նեոօսմանական հավակնությունների զսպումը մեզանից հեռու տարածաշրջաններում ռազմավարական կարեւորություն է ձեռք բերում Հայաստանի համար։ Հայաստանի պրոակտիվ եւ նախաձեռնողական մասնակցությունն այս գործընթացում ոչ միայն ուղղակի հեռացնում է վտանգը մեզանից, այլեւ Հայաստանը վերածում կարեւոր կոնստանտի՝ տարածաշրջանային նոր «հավասարման» մեջ։

Այն, որ նախարար Տոնոյանը նման հայտարարությամբ հանդես եկավ հենց Մոսկվայում, այդ թվում նաեւ Չինաստանի պաշտպանական գերատեսչության ներկայությամբ՝ շատ լավ մեկնարկ է, շատ օգտակար պրակտիկայի սկիզբ։ Այո, մեր ազգային անվտանգության շահերից եւ տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության շահերից բխող որեւէ քայլ Երեւանում չպետք է հարց առաջացնի, թե կարող նեղանան ռուսները, ամերիկացիները, իրանցիները, հրեաները, արաբները կամ մյուսները։

Ես չգիտեմ, թե ով «կնեղանա» մեզանից, իմանալով, որ Հայաստանում 100000-անոց աշխարհազոր է ստեղծվում, ընդ որում՝ միանգամայն կամավորական հիմունքներով եւ կանանց անսահմանափակ մասնակցությամբ, բայց սա եւս մեկ կարեւորագույն քայլ է, որը վկայում է հայ ժողովրդի եւ հայոց պետականության մտադրությունների վճռականության մասին։ Ուղղությունը ճիշտ է, բայցեւ հիմնական փորձությունները՝ դեռ առջեւում են։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Թողնել պատասխան

Your email address will not be published.

fifteen + 7 =