Ամբողջ հայության 250 մլրդ դոլարի չափով կապիտալը պետք է ուղղել մարդկային ռեսուրսի զարգացմանը, այլ ոչ թե պարզապես սպառմանը։ Այս մասին հունիսի 18-ին «Սահմանափակման մեջ, սակայն անսահմանափակ Սփյուռքի շնորհիվ. երկխոսություն Հայաստանի եւ սփյուռքի միջեւ» առցանց քննարկման ժամանակ հայտարարեց IdeA հիմնադրամի համահիմնադիր եւ FAST հիմնադրամի կառավարման անդամ Ռուբեն Վարդանյանը։
Նրա խոսքերով՝ ճգնաժամը շատ լուրջ մարտահրավերներ է ստեղծում բոլորի համար, եւ առաջին հերթին այն երկրների համար, որոնք խիստ կախված են արտաքին միջավայրից: «Սա վերաբերում է նաեւ Հայաստանին, այդ թվում՝ նրա զբոսաշրջության ոլորտին, որի վերականգնումը կտեւի մի քանի տարի, եւ այն էլ արդեն ոչ այն ծավալներով, ինչը կար նախկինում»,- հավելեց նա։
Ռուբեն Վարդանյանը նկատեց, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված՝ աշխարհը անցել է մեկուսացման, սակայն մյուս կողմից՝ հաղորդակցման միջոցները սերտ շփում են ապահովում նույնիսկ նման պայմաններում: «Միաժամանակ, փողը, որպես կապիտալ, սկսում է ավելի քիչ կարեւոր դեր ունենալ՝ իր տեղը զիջելով մարդկային ռեսուրսին: Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես կարելի է միավորել Հայաստանի եւ սփյուռքի ջանքերը, եւ դրանից ելնելով լուծել խնդիրները»,- եզրափակեց նա: