Մեծ հաղթանակի 75 տարին.Պատմության և ապագայի հանդեպ ընդհանուր պատասխանատվությունը.ՌԴ նախագահի հոդվածը

Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտիը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձ է կատարում պատմական իրողություններին, դրանցից բխող զարգացումներին, արդի մարտահրավերներին:

«Հայրենական Մեծ պատերազմի ավարտից 75 տարի է անցել: Այս տարիներին մեծացել է մի քանի սերունդ: Փոխվել է մոլորակի քաղաքական քարտեզը: Չկա Խորհրդային Միությունը, որը ջախջախիչ հաղթանակ է տարել նացիզմի նկատմամբ, փրկել է աշխարհը: Այո, պատերազմի այդ իրադարձությունները նույնիսկ մասնակցիների համար հեռավոր անցյալ են, բայց ինչու է մայիսի 9-ը Ռուսաստանում նշվում որպես գլխավոր տոն, իսկ հունիսի 22-ին կյանքը կարծես կանգ է առնում և ինչ-որ բան կոկորդում խեղդում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում գրել է Վլադիմիր Պուտինը:

Ընդունված է ասել՝ պատերազմը թողել է խորը հետք յուրաքանչյուր ընտանիքի պատմության մեջ: Այս բառերի հետևում, ՌԴ նախագահի ձևակերպմամբ, միլիոնավոր մարդկանց ճակատագրեր են, նրանց տառապանքները և կորստի ցավը: Հպարտություն, ճշմարտություն և հիշողություն:

Նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացնում է իր ընտանիքի պատմությունը և թե պատերազմն ինչ ազդեցություն է թողել իրենց ճակատագրերի վրա: Մասնավորապես, նշվում է, որ ընտանիքի համար ծանր շրջան էր Լենինգրադի շրջափակումը, երբ մահանում է իր երկամյա եղբայրը, հրաշքով փրկվում է մայրը: Հայրը կամավոր մեկնում է ռազմաճակատ պաշտպանելու հարազատ քաղաքը. վարվել է այնպես, ինչպես Սովետական միության միլիոնավոր քաղաքացիներ:

«Ինձ և իմ սերնդակիցների համար կարևոր է, որ մեր երեխաները, թոռները, ծոռները հասկանան, թե ինչպիսի փորձությունների ու տառապանքների միջով են անցել իրենց նախնիները, ինչպես են կարողացել դիմակայել ու հաղթել, որտեղից են նրանք ստացել երկաթե ոգու ուժը, որը զարմացրել էր ամբողջ աշխարհին: Այո, նրանք պաշտպանել են իրենց տունը, երեխաներին, հարազատներին, ընտանիքին, բայց բոլորին միավորել է Հայրենիքի հանդեպ սերը»,-գրել է Վլադմիր Պուտինը:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ անցյալի ու ապագայի նկատմամբ պատասխանատվությունն է՝  ամեն ինչ անել թույլ չտալու սարսափելի ողբերգությունների կրկնությունը: Նրա խոսքով, պետք է սերունդներին տեղ հասցնել այն, որ նացիզմի նկատմամբ հաղթանակը տարան առաջին հերթին խորհրդային ժողովուրդները, որոնց ներկայացուցիչները հերոսական պայքար են մղել ուս ուսի տված:

Վլադիմիր Պուտինն իր հոդվածում մանրամասն անդրադառնում է պատմական զարգացումներին, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսման պատճառներին, արխիվային փաստաթղթերին, միջազգային պայմանագրերին, ՌԴ-ին ուղղված մեղադրանքներին, թե փորձում է հաղթանակը վերագրել իրեն: Նա նաև շնորհակալություն է հայտնում դաշնակիցներին, որոնք այդ ժամանակ իրենց աջակցությունն են ցուցաբերել Խորհրդային Միությանը:

Ռուսաստանի նախագահը հոդվածում անդրադարձ է կատարում նաև այսօրվա խնդիրներին, մարտահրավերներին, համավարակի դեմ պայքարին: Նշում է, որ աշխարհը տնտեսական ճգնաժամի առաջ է կանգնել, երկրները մեծ ջանքեր են գործադրում հանրային առողջության, քաղաքացիներին աջակցելու համար:

«Որքա՞ն ծանր կլինի համավարակի հետևանքը, որքա՞ն արագ գլոբալ տտեսությունը դուրս կգա այս ռեցեսիայից. կախված է նրանից, թե որքանով ենք պատրաստ աշխատել միասին ու համաձայնեցված»,-նշել է ՌԴ նախագահը՝ այդ համատեքստում ներկայացնելով պահանջված թեմաներ՝ շրջակա միջավայրի պաշտպանություն, կլիմայի փոփոխության դեմ պայքար,  ինչպես նաև համաշխարհային տեղեկատվական տարածքի անվտանգության ապահովում:

«Հենվելով պատմական հիշողությունների վրա ՝մենք կարող ենք և պետք է վստահենք միմյանց»,-հավելել է ՌԴ նախագահը:

Պատրաստեց Աննա Գզիրյանը

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Թողնել պատասխան

Your email address will not be published.

seventeen + 3 =