Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ վճիռը նոր հաղթաթուղթ է մեր դիվանագետների ձեռքում. Ալվինա Գյուլումյան

Գուրգեն Մարգարյանի գործով  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը արդարության հաղթանակն է, այն նոր` իրավական հաղթաթուղթ է մեր դիվանագետների համար։ Նման  տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր, Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը։ Վերջինս  2013թ. ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցիչն էր, երբ Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդներն ու մահափորձի ենթարկված ՀՀ զինված ուժերի սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչները գանգատ ներկայացրեցին ընդդեմ  Ադրբեջանի և Հունգարիայի։

«Որպես ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ, իհարկե, ես չէի կարող մասնակցել գործի քննությանը, սակայն մշտապես հետևել եմ գործի ընթացքին և ինձ համար մեծ ոգևորություն է, որ իմ նախկին գործընկերների կողմից նման վճիռ է կայացվել»,–ասաց նա։

Ալվինա Գյուլումյանի խոսքով՝ Հայաստանի համար մեծ հաջողություն է ՄԻԵԴ–ի կողմից ՄԻԵԿ 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) խախտում արձանագրելը։

Սա առաջին վճիռն է, երբ միջազգային դատական ատյանն արձանագրում է հայերի նկատմամբ Ադրբեջանի խտրական վերաբերմունքը։

«Մինչ այդ Ադրբեջանի խտրականության դրսևորումների վերաբերյալ այլ փաստաթղթեր կային, սակայն որպես այդպիսին, առաջին անգամ է այդ հանգամանքը արձանագրվում միջազգային դատական վճռում։ Այս փաստաթուղթը նոր հաղթաթուղթ է մեր դիվանագետների ձեռքում, և նրանք այսուհետ  կարող են հենվել այս վճռի վրա։ Շատ կարևոր և լուրջ հաջողություն է, երբ դատարանը  գտնում է, որ մարդու կյանքի իրավունքը խախտվել է, քանի որ  խտրականություն է դրսևորվել»,–ասաց ՄԻԵԴ–ում ՀՀ նախկին ներկայացուցիչը։

Ալվինա Գյուլումյանի խոսքով՝ հատկապես ուշագրավ է վճռի վերաբերյալ ՄԻԵԴ–ում Պորտուգալիան ներկայացնող դատավոր Պաուլո Ալբաքերքի հրապարակած հատուկ կարծիքը, որը վերաբերում է ՄԻԵԴ-ի կողմից  Հունգարիայի մասով  խախտում չարձանագրելու փաստին։

Հիշյալ դատավորը փաստել էր, որ Հունգարիան տեղյակ էր այն հավանականության մասին, որ Սաֆարովին ներում է շնորհվելու՝ մեջբերելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի խոսքերը, որ Սաֆարովի արտահանձնման հարցով կոորդինացիա է եղել ամբողջ կառավարությունում։

Պորտուգալացի դատավորը, ներկայացնելով մի շարք փաստեր Հունգարիայի կառավարության պատասխանատվության վերաբերյալ, արձանագրել է, որ առկա է Ադրբեջանի ու Հունգարիայի կողմից համապատասխանաբար Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) սուբստանտիվ և ընթացակարգային հիմքերով խախտումներ։

«Ըստ պորտուգալացի դատավորի՝ պետք է այնպիսի մեխանիզմներ ստեղծվեն, որպեսզի  պատասխանատու լինեն նաև այդ պետության համապատասխան պաշտոնատար անձինք։ Այս առումով նրա մոտեցումը բավականին խիստ է։ Նա միաժամանակ հույս է հայտնել, որ եթե որոշումը բողոքարկվի Մեծ պալատում, տուժողների համար լիարժեք արդարդատություն կիրականացվի»,–ասաց Գյուլումյանը։

ՍԴ դատավորը հիշեցրեց, որ Ալբաքերքն այն նույն դատավորն է, որը հատուկ կարծիքով էր հանդես եկել նաև «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» և «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործերով, որոնց ժամանակ ևս սկզբունքային դիրքորոշումներ է հայտնել և աչքի է ընկել հայկական կողմի ներկայացրած խնդիրներն ընկալելու յուրահատուկ ունակությամբ։

Ըստ Գյուլումյանի, թեև հատուկ կարծիքը պարտավորեցնող չէ, սակայն նման կարծիքի արտացոլումը և ինքնին վճիռը շահավետ է Հայաստանի համար։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը, որով արձանագրել է՝ Ադրբեջանը խախտել է ՄԻԵԿ 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։ ՄԻԵԴ–ը միաժամանակ պարտավորեցրել է Ադրբեջանին  դիմումատուներին  որպես փոխհատուցում վճարել 15.143 ֆունտ ստերլինգ (16.5067 եվրո)։

Նշենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանել էր Ռամիլ Սաֆարովը։ 2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ 2012թ. Օգոստոսի 31-ին Հունգարիայի և Ադրբեջանի միջև իրականացված երկարատև բանակցություններից հետո Ռամիլ Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց։ Մեկ տարի անց Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդներն ու մահափորձի ենթարկված ՀՀ զինված ուժերի սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչները գանգատ ներկայացրեցին ՄԻԵԴ՝ Ադրբեջանի և Հունգարիայի դեմ։

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

3 × 4 =