«Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիա, 9 դեկտեմբերի 1948 թ.

«Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիա, 9 դեկտեմբերի 1948 թ.

(Հաստատվել է եւ առաջարկվել է ստորագրության, վավերացման եւ մասնակցության ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 260 A (III) 9 դեկտեմբերի 1948 թ. Բանաձեւով,

Ուժի մեջ է մտել 12 հունվարի 1951թ.)

Պայմանավորվող կողմերը, հաշվի առնելով, որ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեան իր 1946 թ. դեկտեմբերի 11-ի 96 (1) բանաձեւում հայտարարել է, որ միջազգային իրավունքի համաձայն ցեղասպանությունը հանցագործություն է եւ հակասում է Միավորված Ազգերի Կազմակերպության ոգուն ու նպատակներին, եւ որ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է այն,

ընդունելով, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը, եւ համոզված լինելով, որ մարդկությունն այդ նողկալի արհավիրքից ազատելու համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն.

սույնով համաձայնում են ներքոհիշյալի շուրջ.

Հոդված I

Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ ցեղասպանությունը, անկախ նրանից՝ կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըստ միջազգային իրավունքի հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել եւ պատժել այն կատարելու համար:

Հոդված II

Սույն Կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետեւյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որեւէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ.

(a) այդ խմբի անդամների սպանությունը,

(b) այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը,

(c) որեւէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,

(d) այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը,

(e) երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին:

Հոդված III

Պատժելի են հետեւյալ արարքները`

(a) ցեղասպանությունը,

(b) ցեղասպանություն կատարելու նպատակով դավադրությունը,

(c) ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը,

(d) ցեղասպանություն կատարելու փորձը,

(e) հանցակցությունը ցեղասպանության կատարման մեջ:

Հոդված IV

Ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որեւէ արարք կատարած անձինք ենթակա են պատժի՝ անկախ այն բանից, նրանք սահմանադրությամբ պատասխանատու ղեկավարներ են, թե պաշտոնատար կամ մասնավոր անձինք:

Հոդված V

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են սույն Կոնվենցիայի դրույթները գործողության մեջ դնելու համար ընդունել իրենց սահմանադրություններին համապատասխան անհրաժեշտ օրենսդրություն եւ, մասնավորապես, սահմանել արդյունավետ պատժամիջոցներ ցեղասպանության մեջ կամ 3-րդ հոդվածում նշված մյուս արարքներից որեւէ մեկում մեղավոր անձանց համար:

Հոդված VI

Այն անձինք, որոնք մեղադրվում են ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որեւէ արարք կատարելու մեջ, դատվում են այն երկրի իրավասու դատարանի կողմից, որի տարածքում կատարվել է այդ հանցագործությունը, կամ այնպիսի միջազգային քրեական դատարանի կողմից, որը կարող է իրավազորություն ունենալ սույն Կոնվենցիայի՝ այդ իրավազորությունը ճանաչած Կողմերի նկատմամբ:

Հոդված VII

Ցեղասպանությունը եւ 3-րդ հոդվածում թվարկված մյուս արարքները հանձնման նպատակների համար չեն դիտվում որպես քաղաքական հանցագործություններ:

Նման դեպքերում Պայմանավորվող կողմերը պարտավորվում են հանձնումն իրականացնել իրենց օրենսդրության եւ գործող պայմանագրերի համաձայն:

Հոդված VIII

Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության իրավասու մարմիններին՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը համապատասխան ձեռնարկելու այնպիսի գործողություններ, որոնք նրանք անհրաժեշտ են համարում ցեղասպանությունը եւ 3-րդ հոդվածում թվարկված որեւէ այլ արարք կանխարգելելու եւ ճնշելու համար:

Հոդված IX

Պայմանավորվող կողմերի միջեւ վեճերը՝ կապված սույն Կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման եւ կատարման հետ, ներառյալ նաեւ ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որեւէ արարք կատարելու համար այս կամ այն պետության

պատասխանատվության վերաբերյալ վեճերը, հանձնվում են Միջազգային դատարանի քննարկմանը՝ վեճի կողմերից յուրաքանչյուրի պահանջով:

Հոդված X… Հոդված XIX

————————-

Ծանոթագրություն

Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թ. հունիսի 23-ից:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

17 − 10 =