ԱՍԱԼԱ-ի մարտիկների փաստաբանից մինչև քաղաքապետ, պատգամավոր ու նախարար. մի հայի պատմություն: Մահացել է Պատրիկ Դեւեջյանը․ նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս

Ս.թ. մարտի 29-ի լույս գիշերը, կորոնավիրուսից մահացավ ֆրանսահայ համայնքի ամենահայտնի գործիչներից մեկը՝  Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, նախկին նախարար Պատրիկ Դեւեջյանը, հաղորդում է AFP-ը։

Sputnik Արմենիան զրուցել է ԱՍԱԼԱ-ի մարտիկներից Վազգեն Սիսլյանի և Մարտիրոս Ժամկոչյանի հետ, որոնց փաստաբանը եվրոպական դատարաններում հենց Դևեջյանն է եղել։

Պատրիկ Դևեջյանը համարվում էր ֆրանսահայ համայնքի հենասյուներից մեկը։ Նա փայլուն քաղաքական գործիչ էր, որն իր կյանքի ընթացքում տարբեր բարձր պաշտոններ էր զբաղեցրել։ Նաև հրաշալի փաստաբան էր, որը եվրոպական դատարաններում հանդես եկավ որպես ԱՍԱԼԱ-ի մի քանի մարտիկների պաշտպան։

Ես ինձ պաշտպանելու համար պետք է փո՞ղ վերցնեմ

1984 թվականի հունվարի 20-ին Փարիզում սկսվեց չորս հայ երիտասարդների դատավարությունը։ Դրանից երեք տարի առաջ՝ 1981 թ. սեպտեմբերի 24-ին, նրանք գրոհել էին Փարիզի Հոսման պողոտայի վրա գտնվող թուրքական հյուպատոսարանի շենքը, գրավել էին ու մոտ վաթսուն մարդու պատանդ վերցրել:

«Գործողության ժամանակ ես ծանր վիրավորվել էի, հինգ, թե վեց օր գիտակցություն չունեի, երբ հիվանդանոցում աչքերս բացեցի, երկու հոգու տեսա, մեկը թարգմանիչն էր, մյուսն էլ, հետո իմացա, Դևեջյանն էր։ Նրա ձեռքին Բեյրութում ունեցած իմ ժամացույցն էր, տղաներն էին տվել, որ ես վստահեի նրան, հասկանայի, որ մեր կողմից է»,- Պատրիկ Դևեջյանի հետ առաջին հանդիպումն այսպես է հիշում Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկ, «Վան» գործողության մասնակից Վազգեն Սիսլյանը։

Այն ժամանակ Սիսլյանը չէր էլ պատկերացնում, որ Դևեջյանը, բացի փաստաբան լինելուց, քաղաքական ինչպիսի ծանրակշիռ գործունեությամբ է զբաղվում և որ 1983 թվականից Անտոնիի քաղաքապետն է (ի դեպ, այդ պաշտոնում Դևեջյանը 19 տարի է աշխատել)։

Դևեջյանն առաջիններից մեկն էր, որ ինքնակամ միացավ պաշտպանական թիմին՝ մյուս հայ փաստաբանների նման հրաժարվելով վճարից։

«Մի անգամ հարցրինք իրեն, թե որքան է լինելու իր աշխատանքի վճարը։ Շատ կտրուկ պատասխանեց. «Ես ինձ պաշտպանելու համար պետք է փո՞ղ վերցնեմ»»,- հիշում է Սիսլյանը։

Գործողության մասնակիցներն իրենց ցանկությունը հստակ էին ներկայացրել Դևեջյանին ու մյուս փաստաբաններին՝ կապ չունի` պատիժ կլինի, թե ոչ կամ քանի տարի կլինի, կարևոր է, որ դատարանում հնչեցվի այն գաղափարը, ինչի համար իրենք գնացել են այդ քայլին։

«Դևեջյանն էլ էր համաձայն՝ դատարանի առջև մենք չպետք է խեղճի կարգավիճակում լինեինք»։

Սիսլյանը հիշում է պաշտպանների բոցաշունչ ելույթները, ասում է՝ նույնիսկ ֆրանսիացի փաստաբանը, որը կարծես պիտի չհասկանար հայի ցավը, ազդեցիկ էր։

«Ամբողջ Ֆրանսիայի հայ համայնքը միակամ է չորս հայ երիտասարդներին, նրանց հետ նստած է մեղադրյալի աթոռին: Հիշե՛ք, որ դուք նրանց էլ եք դատում, դատում եք աքսորականների այն երկար քարավանները, որոնց դեգերումները այսօր այս սրահում ավարտվեցին: Այսօր այս սրահում ներկա են բոլոր այն տղամարդիկ, որոնց գանգերը ցիրուցան եղան թուրքական խզակոթի հարվածներից, կանայք, որոնց որովայնները ճեղքվել, աչքերն արցունքներից խամրել էին, ինչպես նաև երեխաները, որոնց փորերը քաղցից փքվել ու որոնք մահացել էին մայրերի չորացած ստինքները շուրթերի արանքում:

Դուք նրանց բոլորին միանգամից եք դատելու: Նրանց բոլորի ստվերները ուղեկցում են չորս հայ երիտասարդներին, որովհետեւ առանց այդ ստվերների` չորսից ոչ մեկն այստեղ չէր լինի: Մի՛ շփոթեք զոհերին: Երեքհազարամյա մի հին ժողովուրդ, շունչը պահած, արդարության է սպասում: Մի՛ զլացեք, հույս տվեք նրանց, որն այս դեպքում մեղադրյալներին ազատ արձակել է նշանակում»,- այս խոսքերով Դևեջյանը եզրափակեց իր պաշտպանական ճառը:

Այս երկիրը ընդունում է փողը, բայց հրաժարվում է մարդուց

«Վան» գործողության մասնակիցների դատավարությունն առաջին անգամը չէր, երբ նա հանդես եկավ որպես հայերի արդար պահանջի համար պայքարողների պաշտպան։ Մինչ այդ՝ 1981 թվականին, նա շվեյցարական դատարանի առջև պաշտպանում էր ԱՍԱԼԱ-ի մարտիկ Մարտիրոս Ժամկոչյանին։ Նա նույն տարվա հունիսի 9-ին Ժնևում սպանել էր թուրքական դեսպանատան զինվորական կցորդին:

«Առաջին անգամ Դևեջյանին իրեն հենց ատյանում եմ տեսել։ Իմ փաստաբանները հայ չէին, միակը Դևեջյանն էր։ Նա ասում էր, որ այսպես իր նախնիների առջև ունեցած պարտքն է կատարում»,- հիշում է Ժամկոչյանը։

Դևեջյանը կապ էր հաստատել Ժամկոչյանի գլխավոր փաստաբանի՝ Ժերար Բենուայի հետ և ցանկություն հայտնել միանալ պաշտպանական թիմին, օգնում էր կառուցելու պաշտպանությունը։

«Նա դատարանում ելույթ ունեցավ։ Ամեն կերպ դատարանին ներկայացնում էր, որ մենք ահաբեկիչ չենք, մարդասպան չենք, դա մեր ճիչն է, մեր ձայնը աշխարհին հասցնելու տարբերակը»,- պատմում է Ժամկոչյանը։

Երբ Մարտիրոս Ժամկոչյանին շվեյցարական դատարանը 15 տարվա ազատազրկման դատապարտեց, Դևեջյանը չէր կարողանում զսպել իր զայրույթը։

«Այս երկիրը ընդունում է փողը, բայց հրաժարվում է մարդուց»,- հարցազրույցներից մեկում անդրադառնալով Ժամկոչյանի դատավճռին՝ հայտարարեց նա։ Այդ կտրուկ հայտարարությունից հետո ոչինչ չխանգարեց նրան դառնալու քաղաքապետ, ապա նաև հինգ անգամ ընտրվել պատգամավոր, հետո էլ նշանակվել տեղական ինքնակառավարման հարցերի նախարար, ապա նաև ստանալ Ֆրանսիայի արդյունաբերության նախարարի պորտֆելը։

Ժամկոչյանը հիշում է՝ դատավճռի հրապարակումից հետո Դևեջյանից հայերեն գրությամբ նամակ ստացավ։ Գրված էր, որ հույսը չկորցնի, պայքարը չի ավարտվել, նա բանտում ավելի քիչ կմնա, քան սպասում է։ Այդպես էլ եղավ։ Բենուայի և Դևեջյանի պայքարի արդյունքում Ժամկոչյանի պատիժը հինգ տարով մեղմեցին։

«Այդ տասը տարիների ընթացքում նրանք իմ կողքին էին, հիմա երկուսն էլ չկան»,- ցավով ասում է Ժամկոչյանը։

Ի դեպ, Պատրիկ Դևեջյանը  նաև Մոնթե Մելքոնյանի փաստաբանն է եղել։ Հայ մարտիկների պաշտպանը լինելուն զուգահեռ նա շարունակում էր լինել Ժակ Շիրակի և նրա ղեկավարած կուսակցության փաստաբանը։

Երեսունհինգ տարի անց

Պատրիկ Դևեջյանը զարմանալի քաղաքական գործիչ էր՝ հանուն Ֆրանսիայի Հանրապետության բարօրության նրա գործունեությունը որևէ կերպ չէր խանգարում լինել Հայ դատի պաշտպանը։ Նա նույնիսկ չէր մեղմացնում իր դիրքորոշումը թուրքերի հետ խոսելիս։ Ասում են, որ համառորեն մինչև կյանքի վերջ Ստամբուլը Կոստանդնուպոլիս էր անվանում։ 1998 թվականին Ֆրանսիայի խորհրդարանը քննարկում էր Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը, որի համար տարիների շարունակ համառ պայքարի առաջամարտիկներից էր Դևեջյանը։ Միջին և բարձր սերնդի ֆրանսահայերը խոստովանում են, որ մինչև այսօր հիշում են Դևեջյանի ելույթը։ 1998 թվականին Ազգային Ասամբլեան ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը, դրանից երկու տարի անց նույնն արեց Սենատը, իսկ 2001 թվականի հունվարի 29-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց օրենք, որով Ֆրանսիան բոլոր մակարդակներով պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Բոլոր այս տարիների ընթացքում Դևեջյանն իր գործունեությամբ նպաստել է Հայաստան, Արցախ, Ֆրանսիա կապին, աջակցություն ցուցաբերել սահմանամերձ գյուղերին, միշտ հնարավորության դեպքում հայրենիք այցելել։

Նախորդ տարի Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի օրերին էլ էր Հայաստան եկել։ Սիսլյանը պատմեց, որ ինքն այդ մասին իմացավ լուսանկարիչ ընկերոջից, որն առաջարկեց հանդիպել։

«Ասացի՝ կապվիր իր հետ, եթե կցանկանա, շատ կուզեմ»։

Սիսլյանը մտավախություն ուներ, որ հիմա Դևեջյանն ավելի լուրջ քաղաքական կարիերա ունի ու միգուցե չցանկանա հանդիպել անցյալի հետ։ Բայց սխալվում էր։ Հանդիպումը երևանյան հյուրանոցներից մեկում էր։

«Տեսա, որ առաջին հարկի սրճարանում մեծ խմբի հետ նստած է, վարանեցի մոտենալ, աշխատակիցներին խնդրեցի լուր տալ, որ ես եմ եկել։ Հենց որ այդ մասին ասացին նրան, տեղից վեր թռավ ու վազեց դեպի ինձ, գրկեց մի այլ ջերմությամբ։ Կնոջս ու աղջկաս հետ էի, մեզ տարավ իր սեղանակիցների հետ ծանոթացնելու։

«Որ մեկ շաբաթ պատմում եմ, այս մարդու մասին է խոսքը»,- ասաց Դևեջյանն ընկերներին։

Գերազանցապես ֆրանսիացիներից կազմված խմբին, պարզվում է, Դևեջյանը մի ամբողջ շաբաթ պատմել էր դատավարության, ընթացքի ու տղաների արժանապատիվ, անսասան կեցվածքի մասին։

«Ես այս տղաների շնորհիվ հայությունս գտա։ Հնարավոր չէր, որ չպաշտպանեի իմ հայությունը»,- ասաց նա սեղանակիցներին։

Սիսլյանը սրտի ցավով է պատմում՝ որոշել էին հաջորդ անգամ, երբ Դևեջյանը Հայաստան գա, հատուկ նրա համար կազմակերպեն «Փարիզյան դատավարություն» ներկայացման ցուցադրությունը, որպեսզի Դևեջյանը հանդիսատեսի կարգավիճակում տեսներ իր հերոսի գործողությունները բեմում…

«Այդ մարդը մինչև վերջ հավատում էր իր երազանքին՝ Արևմտյան Հայաստանի ազատագրմանը…Ինձ համար ինքը միշտ ողջ է մնալու, մեր պատմության մեջ մտավ, մեր կյանքի մի մասը դարձավ»,– ավելացրեց Սիսլյանը։

Դևեջյանի մայրը ֆրանսուհի էր, հայրը Հայոց ցեղասպանությունից հետո գաղթել էր Սեբաստիայից։ Պատրիկ Դևեջյանը փայլուն քաղաքական կարիերա էր արել՝ դառնալով Ֆրանսիայի առաջին դեմքերի մտերիմ, վստահելի ընկերն ու բարեկամը, նրանց թվում էր նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։ Շառլ Ազնավուրի կողքին Պատրիկ Դևեջյանը ֆրանսահայ համայնքի ամենակարևոր մարդկանցից էր, որոնք նվիրումով ծառայում էին իրենց պետության բարօրության համար, բայց երբ հերթը հասնում էր Հայաստանին ու հայերին, աջակողմյան, ձախակողմյան բոլոր հայացքները մի կողմ էին թողնվում հանուն հայրենիքի։

Մարիաննա Փայտյան, Sputnik 

Թողնել պատասխան

Your email address will not be published.

13 + eighteen =