Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա` հունվարի 19-ի առթիվ ԱՀՀ պետական կառույցների պատասխանատուների ասուլիս

Հունվարի 18-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա` հունվարի 19-ի առթիվ ԱՀՀ պետական կառույցների պատասխանատուների մասնակցությամբ։

Բանախոսներ՝

Արմենակ Աբրահամյան – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ, (Skype-ով),
Տիգրան Փաշաբեզյան – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ,

Թեման` «Հայաստան պետության անկախության «դե ֆակտո» ճանաչումը 1920 թ. հունվարի 19-ին, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից»:

 

 

Հայության մի մասը հունվարի 19-ին նշելու է Արևմտյան Հայաստանի Հանրապետության` (ԱՀՀ) որպես Հայաստան պետության անկախության «դե ֆակտո» ճանաչման 97-րդ ամյակը: Ինչպես հունվարի 18-ին կայացած ասուլիսի ընթացքում տեղեկացրեց  ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանը, այս կապակցությամբ տոնական միջոցառումներ են անցկացվելու Ռուսաստանում և Ֆրանսիայում:

Ըստ նրա` այսօր աշխարհի հայությունն ապրում է այնպիսի պայմաններում, երբ որոշ քաղաքական ուժեր ամեն ինչ անում են, որպեսզի հայ ժողովրդին արհեստականորեն շեղեն սեփական երկրի նկատմամբ ունեցած իրավունքներից:

Ա. Աբրահամյանը, մեջբերելով ժամանակին Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հետևյալ խոսքերը. «Սա Հայաստան է և վերջ», ընդգծեց, որ նա այն ժամանակ խոսում էր Հայաստան պետության մասին` չտարանջատելով Արցախը և Արևմտյան Հայաստանն Արևելյան Հայաստանից:

Նա հիշեցրեց, որ 1920 թվականի հունվարի19-ին Փարիզի Վեհաժողովի ժամանակ Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը ճանաչելով Հայաստան պետության անկախությունը` այդպիսով հիմք դնեց հաջորդ բոլոր համապատասխան ճանաչումների, դաշնագրերի և իրավական վճիռների համար:
Արևմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի խոսքերով` հայության իրավունքներն ամբողջական են, իսկ դրանց սկիզբը նախանշվել է 1920 թվականի հունվարի 19-ին` Հայաստան պետության ճանաչմամբ:
«Մեր խնդիրն է այս իրավունքները և միջազգային որոշումները պաշտպանել ու դրանք տանել դեպի իրականացում` հաստատելով կյանքում»,- նշեց Տ. Փաշաբեզյանը` հավելելով, որ հենց այդ նպատակով 2014 թվականի դեկտեմբերի 17-ին Շուշիում ստեղծվել է Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը, որը մինչ օրս հատուկ աշխատանքներ է իրականացնում ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների փորձագիտական մեխանիզմի շրջանակներում:
Նրա փոխանցմամբ` 2013-14 թվականների դեկտեմբեր-հունվար ամիսներին իրականացվել են նաև այլ աշխատանքներ, մասնավորապես, ձևավորվել է ԱՀ-ի Ազգային ժողովը և ստեղծվել է նախագահական համակարգը, որի շրջանակներում ընտրվել է ԱՀՀ նախագահ:
Տ. Փաշաբեզյանի գնահատմամբ` կատարված աշխատանքները երբևէ ինքնանպատակ չեն եղել, այլ ունեն հատուկ իրավաչափ ծրագրային հենք ու նպատակաուղղվածություն:
«2004 թվականից իրականացվող աշխատանքների գլխավոր նպատակն է հատուկ ժամանակի մեջ ներկա լինելու և պաշտպանելու արևմտահայության իրավունքները. Եթե պատմական հնարավորությունները և իրողությունները թույլ տան դա լավագույն ձևով իրականացնել, ապա մենք պատրաստ ենք պահանջված տեղում ներկա լինել և պաշտպանել հայության իրավունքները»,- ասաց նա` ընդգծելով, որ եթե դա ներկայիս սերունդին չհաջողվի անել, ապա կատարված աշխատաքների հիման վրա ստեղծված լիարժեք իրավաչափ հենքը թույլ կտա ապագա սերունդներին զբաղվել հայության իրավունքների պաշտպանությամբ:
ԱՀՀ վարչապետի համոզմամբ` Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները նախանշում են, որ մոտենում է այն ժամանակը, երբ Մերձավոր Արևելքի մինչ օրս իրենց իրավունքները չստացած շատ ժողովուրդներ, այդ թվում նաև հայերն այսօր ստանան դրանք:
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

Թողնել պատասխան

Your email address will not be published.

six + 19 =