Այսօր, հուլիսի 4-ին, մեր Մեծ դերասան Ֆրունզիկի — Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է` 90-ամյակը

Երբեմն մեկ հայացքն ավելի շատ իմաստ ունի, քան հազարավոր բառեր

Ֆ․ Մկրտչյան

Մի անգամ նա բեմ էր բարձրացել ու մի քանի րոպե պարզապես կանգնել, իսկ հետո խոնարհվել էր ու հեռացել։ Իսկ հանդիսատեսն այդ ամբողջ ընթացքում ծիծաղում էր։ Այդպես հանդիսատեսին ծիծաղեցնել կարող էր միայն տխուր աչքերով մարդը․․․

90 տարի առաջ՝ 1930-ի հուլիսի 4-ին Լենինականում (Գյումրի) ծնվել է թատրոնի ու կինոյի դերասան, թատերական ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզիկ Մուշեղի Մկրտչյանը։

10 տարեկանում տղան այնքան էր հրապուրվել թատրոնով, որ սկսել էր այցելել թատերական խմբակ ու հարեւանների համար ներկայացումներ կազմակերպել հենց աստիճանավանդակի վրա։ Արդեն այն ժամանակ ոչ ոք չէր կասկածում, որ նա մեծանուն դերասան կդառնա․․․

«Միմինո», «Մի վշտացիր», «Կովկասցի գերուհին» ֆիլմերում նրա մարմնավորած հերոսները առայսօր բոլոր սերունդների հանդիսատեսներին ստիպում են արտասվելու չափ ծիծաղել ։

«Դուք ինչո՞ւ մածուն չեք ուտում։ Չե՞ք սիրում»։ «Վալիկո ջան, ես քեզ մի խելացի բան կասեմ, դու միայն թե մի նեղացիր», վարորդ Ռուբեն Խաչիկյանի այս ու շատ այլ ռեպլիկներ ժողովրդական են դարձան, հենց խորհրդային էկրաններին ցուցադրվեց Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմը։ Այդ արտահայտությունների հեղինակը ոչ թե ռեժիսորը կամ սցենարի հեղինակն էր, այլ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանը։ Նա հանպատրաստից ստեղծագործում էր նկարահանման հարթակում։ Մկրտչյանը կինոխմբից միակն էր, ով ԽՍՀՄ պետական մրցանակ ստացավ Վարորդ Խաչիկյանի դրվագային դերի համար։

Ներկայացնում ենք Ֆրունզիկ Մկրտչյանի մի քանի մեջբերումներ ու արտահայտություններ․

Ես հասկացել եմ, որ աշխարհը անտաղանդներն են ղեկավարում։ Նրանք չեն խմում ու առավոտից սկսում են զբաղվել իրենց կարիերայով։

Տղամարդիկ չեն արտասվում, տղամարդիկ վշտանում են։

Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են։ Կարծում եմ՝ դա նրանից է, որ ես էլ եմ նրանց բոլորին շատ սիրում։ Բոլորին ու յուրաքանչյուրին՝ առանձին առանձին։

Կինոն քո սիրուհին է, իսկ թատրոնը՝ կինդ, տունդ։ Ինչ ուզում ես արա, բայց միեւնույն է տուն ես վերադառնում։

Չի կարելի խոսել ազգի անունից։

Շատ եմ մտածել այն մասին, թե ինչպես կարելի է գտնել մարդկային թերությունների աղբյուրը ու մոտավորապես ինքս ինձ համար պարզել եմ, որ դրանք արժանապատվության զգացումի պակասից են առաջանում։

Սերը մինչեւ հարսանիքն է լինում, իսկ հետո՝ հարգանքն է կարեւոր։ Առանց հարգանքի ընտանիք չի լինում ։ Ընտանիքն ասես պետություն լինի՝ իր տնտեսությամբ ու դիվանագիտոթյամբ։

Իմ յուրաքանչյուր խաղացած հերոսում կա մի մասնիկ, մի գիծ, մի հատկանիշ իմ այն ամբողջական, իդեալական կերպարից, որի մասին ես երազում եմ, բայց դեռ չեմ խաղացել։ Ու եթե այդ բոլոր կերպարների բոլոր հատկանիշները միավորվեին մեկ կերպարում, այդ ժամանակ կստացվեր այն իդեալական մարդու կերպարը, որին ես կցանկանայի խաղալ։ Ես երազում եմ գտնել այդ դերը ու խաղալ այդ կերպարը։

Ինձ համար շատ կարեւոր է իմ ազգային կերպարանքը։ Իմ ներքին ձայնն ինձ թելադրում է հայեցի խաղալ։

Լենինականը ինձ համար ասես քավարան լինի, ես այնտեղ եմ գնում՝ մաքրվելու, որպեսզի հիշեմ ինքս ինձ, չմոռանամ ինձ, ստանամ թարմ ուժեր, հանգստանամ, չմոռանամ իմ հումորը։

 

Please follow and like us: