Արցախը վերահաստատում է՝ հետամուտ է լինելու բռնազավթված տարածքների օկուպացիայի դադարեցմանը

Արցախի Հանրապետության իշխանությունները վերահաստատում են վճռականությունը՝ հետամուտ են լինելու Արցախի բռնազավթված տարածքների օկուպացիայի դադարեցմանը ու հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին այսված է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունում:

«1992 թ. հուլիսի 4-ին ադրբեջանական զինված կազմավորումները, ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի բազմակի գերազանցություն, լայնածավալ հարձակում իրականացրին Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի ուղղությամբ՝ կիրառելով ծանր հրետանի և ռազմական ավիացիա։ Մարտակերտն ամբողջովին ավերվեց, քաղաքի շուրջ 13 հազար հայ ազգաբնակչությունը ստիպված եղավ լքել բնակավայրը՝ դառնալով ներքին տեղահանված, և ժամանակավոր ապաստան գտնել մայրաքաղաք Ստեփանակերտում և Հայատանի Հանրապետության տարբեր բնակավայրերում։

Մարտակերտը գրավելուց հետո ադրբեջանական կազմավորումները շարունակեցին առաջխաղացումը՝ ավերելով Մարտակերտի շրջանի շուրջ 80 տոկոսը, կողոպտելով հայկական բնակավայրերը և բռնի տեղահանման ենթարկելով բնակչությանը։

Ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետության տարածքի գրեթե կեսը հայտնվեց Ադրբեջանի օկուպացիայի ներքո։ Հանրապետությունն ինքնին հայտնվեց լիակատար ոչնչացման եզրին։ Առավել աղետալի իրադրություն էր մարդասիրական ոլորտում՝ 1992 թ. ամռան վերջին հանրապետության բնակչության կեսից ավելին փախստականներ և ներքին տեղահանված անձինք էին։ Իրավիճակն ավելի էր խորանում Արցախում մարդասիրական աղետի եզրին հայտնված հայ փախստականների և ներքին տեղահանված անձանց ճակատագրերի նկատմամբ միջազգային մասնագիտացված կազմակերպությունների գրեթե լիակատար անտարբերությամբ։

Այնուամենայնիվ, անգամ այս անհույս թվացող պայմաններում Արցախի ժողովրդին հաջողվեց ի մի բերել իր ողջ կամքը, համախմբել իր ողջ ներուժը և ետ մղել Ադրբեջանի ռազմական ագրեսիան։

Մեկ տարի անց՝ 1993 թ. հունիսի 27-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հաջողվեց ազատագրել Մարտակերտ քաղաքը։ Բնակչության մի մասը վերադարձավ հայրենիք՝ ձեռնամուխ լինելով պատերազմից ավերակների վերածված սահմանամերձ քաղաքի վերակառուցմանն ու շենացմանը, որը հատկապես ավելի մեծ թափ ստացավ 1994 թ. մայիսի 12-ին անժամկետ հրադադարի եռակողմ (Ադրբեջան, Արցախի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն) համաձայնագրի ստորագրումից հետո։

Առ այսօր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի որոշ բնակավայրեր, Մարտունու շրջանի մի մասը և Շահումյանի շրջանը՝ ամբողջությամբ, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր տարածք, գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո, որտեղ Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են անօրինական բնակեցում և այդ տարածքներում բուն հայ բնակչության հետքերի ոչնչացման քաղաքականություն։ Արցախի Հանրապետության իշխանությունները վերահաստատում են վճռականությունը՝ հետամուտ են լինելու Արցախի բռնազավթված տարածքների օկուպացիայի դադարեցմանը ու հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմանը»։

ԱՐՄԵՆՊՐԵՍ

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.

2 × four =