Էրդողանը հերքել է քննադատությունը Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու վերաբերյալ

Ուրբաթ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հերքել է մի շարք պետությունների քննադատությունը Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի մզկիթի հնարավոր փոփոխության կապակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Քանի որ մենք այլ երկրներում ժամերգություններ չենք անցկացնում, այլ երկրները եւս իրավունք չունեն միջամտել մեր ժամերգություններին: Սուրբ Սոֆիայի թեմայի վերաբերյալ հնչող մեղադրանքներն ուղիղ հարձակումներ են մեր ինքնիշխան իրավունքների վրա»,- ասել է Թուրքիայի ղեկավարը Ստամբուլում ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է NTV-ի կողմից:

Ինչպես հունիսի 5-ին հայտնել էր Hurriyet թերթը, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր օգնականներին հանձնարարել է համակողմանի ուսումնասիրություն անցկացնել Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության հարցի վերաբերյալ: Արդարություն եւ զարգացում կուսակցության գլխավոր խորհրդի նիստին Էրդողանը շեշտել էր, որ համապատասխան փոփոխություններից հետո զբոսաշրջիկները կկարողանան այցելել տաճար, ինչպես դա տեղի է ունենում Ստամբուլի Սուլթանահմետի հրապարակում գտնվող Կապույտ մզկիթի դեպքում։

Հինգշաբթի՝ հուլիսի 2-ին, Թուրքիայի Պետական ​​խորհուրդը քննարկել է Սուրբ Սոֆիայի կարգավիճակի՝ թանգարանից մզկիթի հնարավոր փոփոխության հարցը: CNN Turk-ը հայտնել էր, որ Պետական ​​խորհրդի որոշումը կհրապարակվի առաջիկա 15 օրվա ընթացքում: Եթե ​​այն հաստատի տաճարի կարգավիճակի փոփոխությունը, հանրապետության իշխանությունները ստիպված կլինեն մի շարք քայլեր ձեռնարկել այն մզկիթի վերածելու համար:

Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշարձան է: Այն կառուցվել է 532-537 թվականներին կայսր Հուստինիանոսի հրամանով, ով որոշել էր հավերժացնել Կոստանդնապոլսի փառքը: Կայսրը ցանկանում էր, որպեսզի տաճարի նմանն  աշխարհում չլինի, եւ նույնիսկ նախատեսում էր հատակ պատել ոսկե սալիկներով։ 1453-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը մզկիթի վերածվեց։

Անցյալ դարի 40-ական թվականներին, Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը թանգարան էր դարձել, իսկ տաճարի քրիստոնեական որմնանկարների եւ խճանկարների վրայից հանվել էր դրանք թաքցնող շերտը: 1985-ին տաճարն ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կազմում։

News.am

Please follow and like us: