Սենատորների զայրույթն ու Մենենդեսի արցունքները․ Համաշխարհային ԶԼՄ-ները՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

ԱՄՆ Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը՝ չնայած դրան խանգարելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բոլոր ջանքերին։ Այս մասին են գրում համաշխարհային ԶԼՄ-ները։

Համարյա բոլոր թերթերի ու գործակալությունների հրապարակումներում ընդգծվում է, որ Սենատի կողմից բանաձեւի հենց հիմա ընդունումը կապված է Թուրքիայի վարքագծի հետ։

«Հինգշաբթի օրը Սենատը միաձայն քվեարկեց այն բանի օգտին, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի որպես ամերիկյան արտաքին քաղաքականության հարց։ Փաստաթուղթը ընդունվեց Թրամփի վարչակազմի առարկությունների ֆոնին եւ դարձավ երկու կուսակցությունների օրենսդիրների զայրույթի արտահայտությունը Թուրքիայի հանդեպ»,- գրում է The New York Times-ը։

Ինչպես նշում է AFP-ը, մինչ Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը Սենատը հավանության էր արժանացրել Թուրքիայի դեմ պատժամիջոցները։ «Օրենսդիրները մարտահրավեր նետեցին Թրամփին, որպեսզի նա հավանություն տա Ցեղասպանության բանաձեւին, թեեւ նրա պաշտոնական ստորագրությունը չի պահանջվում»,- հայտնում է գործակալությունը։

AFP-ը մեջբերում է կոնգրեսական Ադամ Շիֆին, որը հայտարարել է, թե Կոնգրեսը միաձայն համամիտ է, որ Ցեղասպանության մասին ճշմարտությունն ասվի։ «Եկել է ժամանակը, որ նախագահը միանա»,- հայտարարել է նա։

Bloomberg-ում հոդվածի հեղինակ Դենիել Ֆլեթլին նույնպես կարծում է, որ բանաձեւն ընդունվել է Թուրքիայի հետ լարված հարաբերությունների համատեքստում։ Փաստաթուղթը, նրա խոսքերով, ընդունվեց՝ չնայած Պետդեպի կողմից դիմակայությանը եւ այն մտավախություններին, որ դա ավելի կբարդացնի Թուրքիայի հետ հարաբերությունները։

Բրիտանական The Guardian-ը նույնպես գրում է, որ Թուրքիան երկար ժամանակ օգտագործում էր ՆԱՏՕ-ում դաշնակից լինելու լծակը եւ սպառնում էր երկկողմ հարաբերությունների համար հետեւանքներով։ «Հինգշաբթի օրը Թրամփն անկարող էր Սենատում իր կողմնակիցներից որեւէ մեկին համոզել հանդես գալ դրա դեմ»,- ասվում է հոդվածում։

The Washington Post-ը նույնպես կարծում է, որ Թուրքիայի գործողությունները մեծ հիասթափություն են առաջացրել Կոնգրեսում՝ նոր խթան հաղորդելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերակենդանացման ջանքերին։ «Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը ինտենսիվ լոբբիի թեմա էր տասնամյակներ շարունակ, այն դեպքում երբ Թուրքիան օրենսդիրներին, ազգային անվտանգության խորհրդականներին համոզում էր այդ փաստաթղթի դեմ հանդես գալ»,- գրում է թերթը։

Սակայն, չնայած ընդունված փաստաթղթի հանդեպ լկտի քաղաքական մոտեցմանը, շատ լրատվամիջոցներ չեն կարողացել շրջանցել նաեւ զգացմունքային բաղադրիչը։ Հատկապես նշվում է ոչ միայն հայկական լոբբիի, այլեւ սենատոր Ռոբերդ Մենենդեսի ջանքերը, որի համար այս հաղթանակը հատկապես կարեւոր էր։

«Մենենդեսը չկարողացավ թաքցնել զգացմունքները՝ ասելով․ «Ես երախտապարտ եմ, որ այս բանաձեւն ընդունվեց այն ժամանակ, երբ դեռեւս կան ցեղասպանությունից հետո վերապրածներ, եւ նրանք կարող են տեսնել, որ Սենատը ճանաչում է, թե ինչի միջով են իրենք անցել»,- գրում է CNNը։

«Նյու Ջերսիից դեմոկրատը հուզվեց, երբ պատմում էր Ցեղասպանության սարսափների մասին»,- նշում է USA Today-ը։

New York Daily-ն ընդգծել է, որ երբեք չի լինում համապատասխան ժամանակ նրա համար, որպեսզի բարձրաձայնվի անհարմար ճշմարտությունը, սակայն Սենատը հենց այդպես վարվեց՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։

News.am

Please follow and like us: