Հայաստանում ձեւավորվել է Ասորիների խորհրդարան

Հայաստանում այսօր. 219 թ. սեպտեմբերի 12-ին, ձեւավորվել է Ասորիների խորհրդարան։ Սա Երեւանում հրավիրված ասորական միջազգային մեծ համաժողովի արդյունքն էր։ Համաժողովին մասնակցում էին աշխարհի 9 երկրների 40 ներկայացուցիչներ։

Այսօր գումարվեց Ասորիների միջազգային համաժողովը, որտեղ  հավաքվել են աշխարհի տարբեր երկրների ասորիներ՝ քննարկելու իրենց խնդիրները, ձեւավորելու իրենց խորհրդարանը։

Ասորական խորհրդարան ձևավորելու հարցը բարձրացվել է դեռ 2011-2012 թվականներից: Երկար սպասված խորհրդարանն այսօրվանից կյանքի է կոչվում և սկսում իր աշխատանքները Հայաստանում: Համաժողովի անցկացման և խորհրդարանի ձևավորման վայրը, ի դեպ, պատահական չէ ընտրված, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց  «Աթուր» ասորիների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Արսեն Միխայլովը:

«Մենք հայ ժողովրդի հետ բախտակից ժողովուրդներ ենք: Անցել ենք թե դառնության, թե ուրախության միջով: Շատ ուրախալի է, որ այսօր մենք կարողացանք Հայաստանում հավաքվել և նպատակ դնել, որը ասորական համայնքի ներկայացուցիչները կարող են կյանքի կոչել:  Մենք փորձելու ենք լուծել ասորի ժողովրդի խնդիրներն ամբողջ աշխարհում, առավել ևս մեր պատմական Ասորեստանի տարածքներում»:

Խորհրդարանը բարձրացնելու է նաև ասորիների ցեղասպանության հարցը, ցեղասպանություն, որը մինչև այսօր էլ շարունակվում է հնագույն ժողովրդի պատմական տարածքում: Դերասան, Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոև.

«Ի վերջո ազգը պետք է գոյություն ունենա ոչ միայն օտար ափերում, այլև իր հայրենի հողի վրա: Այսօր բավականին առաջարկներ կլինեն, քանի որ մարդիկ դատարկ չեն եկել»:

Նոր ձևավորվող խորհրդարանի աշխատանքներին  հաջողություն է մաղթում նաև Հայաստանի կառավարությունը: Վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և  կրոնի վարչության պետ Վարդան Ասցատրյանը չի բացառում, որ խնդիրների լուծման ճանապարհին կլինեն նաև լուրջ փորձություններ:

«Աշխարհում տեղի են ունենում արմատական փոփոխություններ, որոնց ավարտի մասին դեռ  վաղ է որևէ բան ասել: Մերձավոր Արևելքում, որը քաղաքակրթության բնօրրան է համարվում, այդ տարածքի հինավուրց ժողովուրդներից շատ քչերն են, որ մեր օրեր են հասել, որոնց թվում նաև հայերն ու ասորիները: Երբ ազգերը կարողացել են հազարամյակներ հաղթահարելով հասնել մեր օրեր, պահպանելով իրենց ինքնությունը, սա արդեն իսկ վկայում է, որ իրենք կարողանալու են անցում կատարել դեպի նոր աշխարհ»:

Ասորական խորհրդարանը հրավիրվելու է տարբեր երկրներում, բայց գլխավոր կենտրոնը կլինի Հայաստանում։

Սոնա Հակոբյա, 

Armradio.am

Please follow and like us: