Տեսանյութ. Արևմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիան առցանց բաց մրցաշար է անցկացրել աշխարհասփյուռ հայ շախմատասերների մասնակցությամբ

Մոտ մեկ ամիս առաջ Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովում (Խորհրդարանում) որոշում է կայացվել ստեղծել Շախմատային ֆեդերացիա: Այս մասին հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱՀՀ նախագահ Ռադիկ Խամոյանը՝ շնորհավորելով համայն հայությանը Շախմատի համաշխարհային օրվա կապակցությամբ:

Ըստ նրա՝ շախմատի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը հայ ժողովրդի գենի մեջ է:

«Ինչպես բոլոր պետությունները, այնպես էլ Արևմտյան Հայաստանի պետությունը պետք է ունենա սպորտային կառույցներ, համապատասխան ֆեդերացիներ, որոնցից առաջիներից մեկն է Շախմատային ֆեդերացիան»,- նշեց Ռ. Խամոյանը՝ հավելելով, որ ֆեդերացիայի ստեղծման նպատակներից մեկն էլ այն է, որպեսզի ԱՀՀ-ն ևս հնարավորություն ունենա միանալ աշխարհի շախմատասերների մեծ բազմությանը:

Արևմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիայի պատասխանատու Վահան Բաբախանյանի տեղեկացմամբ՝ դեռևս երեք տարի առաջ Շախմատի միջազգային ֆեդերացիան հնարավորություն է ստեղծել աշխարհի բոլոր շախմատասերներին մասնակցել շախմատի առցանց մրցաշարերին կայքի միջոցով:

Օգտվելով ընձեռված հնարավորությունից` Վ. Բաբախանյանը դիմել է ԱՀՀ-ին, որպեսզի համատեղ կազմակերպեն համացանցում շախմատի բաց առաջնություն՝ աշխարհասփյուռ հայերի մասնակցությամբ:

ԱՀՀ Շախմատային ֆեդերացիայի նախագահի խոսքերով՝ երեք ոչ մեծ փորձնական մրցաշարեր անցկացնելուց հետո, հուլիսի 15-16-ն իրականացրել են առցանց շախմատի մրցաշար՝ աշխարհի տարբեր երկրներից շուրջ 40 շախմատիստների մասնակցությամբ:

«Ամենակրտսեր մասնակիցը Երևանից 12 տարեկան Հրանտն է, ով երկրորդ տեղն է զբաղեցրել, իսկ ամենատարեց մասնակիցը Մոսկվայից 76-ամյա Ալբերտ Հակոբյանն է, ով դարձավ մրցաշարի հաղթող»,- ընդգծեց Վ. Բաբախանյանը՝ հավելելով, որ ԱՀՀ Շախմատային ֆեդերացիան առայժմ նմանատիպ առցանց մրցաշարերի միջոցով փորձում է մեկտեղել աշխարհասփյուռ հայության ներուժն այս ոլորտում, որպեսզի հետագայում նույն մրցաշարերի շրջանակներում աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայերը կարողանան մրցել նաև օտարազգիների հետ:

Նրա համոզմամբ՝  հայկական բրենդը ոչ թե կոնյակն է, այլ շախմատը. «Կոնյակով աշխարհում մեզ չեն ընդունում, իսկ շախմատով ընդունում են»:

Բանախոսները հույս ունեն, որ առաջիկայում ԱՀՀ-ն կունենա շախամատի իր չեմպիոները:

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 

20.07.2017

***

Բանախոսնարնն են՝ 
 Ռադիկ Խամոյանը – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ
 Պետրոս Քեշիշօղլյան- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ
 Վահան Բաբախանյան  – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիայի Պատասխանատու

Leave a Reply

Your email address will not be published.

four × 5 =