Քանի որ անցեալ տարուայ մեր նախագիծը ֆինանսաւորում չստացաւ, ապա այն չամբողջացաւ ու չկայացաւ: Իրականում մենք ջանք չէինք խնայել, ամէն ինչ պատրաստել էինք, ունէինք սցենարներ, ունէինք նկարահանուած հատուածներ հայկական խորհրդանիշներ հանդիսացող նռան, արեւխաչի, ինչպէս նաեւ մեր մեր պատմամշակութային այլ թեմաների շուրջ: Խօսքս, այո, նաեւ պատմական վաւերագրական ֆիլմի մասին է եւ մշակութային յատուկ ծրագրերի, որոնք արդէն մեր իսկ կողմից մշակուած էին, որոշ հատուածներ նկարահանուած, բայց ինչպէս նշեցի, չկարողացանք այն աւարտել ու տարածել:
Յուսով եմ, որ այս տարի մեր առջեւ դրուած ծրագրերը կ’իրականացնենք: Այդ ամէնին կ’աւելացուի նոր նախագիծ, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան թեմատիկ ֆիլատելիստական փոստային նամականիշների (դրոշմանիշների) հրապարակման ծրագիրը: Այն կը թողարկուի միջազգային եւ միջմարզային գիտական հետազօտութիւնների կենտրոն «Կովկասի աշխարհ» եւ «Համշենուհի» միութիւնների համագործակցութեամբ: Աջակցութեան դէպքում մեր գործունէութիւնը շատ աւելին կը լինի, հնարաւորութիւն կ’ընձեռուի մշակոյթի ու արուեստի գործիչների, գեղանկարիչների, դիզայներների ու այլ մասնակիցների շնորհիւ հասոյթ ունենալ, որն էլ կը կարողանանք ներդնել յետագայ աշխատանքներում, աւելի նպաստելով մեր գործունէութեանը:
Պաշտպանելով մշակութային մեր սեփականութիւնը մեր յանձնաժողովը նախագահական եւ կառավարութեան կառոյցների հետ համատեղ խորը ուսումնասիրեց եւ յետագայում մեր պահանջներն ու բողոքը ներկայացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին:
Այս տարուայ նոյեմբերի 17-ին Մոսկուայում տեղի ունեցաւ միջազգային կոնֆերանս, որին մասնակցում էին յայտնի քաղաքագէտներ ու փորձագէտներ Ռուսաստանից, Հայաստանից, Իսրայէլից, Թուրքիայից, Իրանից: «Թուրքիայի նէոօսմանական քաղաքականութիւնը, մարտահրաւէրներ եւ սպառնալիքներ» թեմայով: Կոնֆերանսին հրաւիրուած էր մասնակցելու նաեւ մեր պաշտօնական պատուիրակութիւնը, կազմում ունենալով Խորհրդարանի վեց պատգամաւոր եւ նախագահ: Թեմայի վերաբերեալ ծանրակշիռ զեկոյցներով հանդէս եկանք Խորհրդարանի նախագահն ու ես: Զեկոյցս վերնագրուած էր «Հայ ժողովրդի հոգեւոր մշակութային արժէքների իւրացումն ու ոչնչացումը եւ Թուրքիայի նէոօսմանական քաղաքականութիւնը, մարտահրաւէրներ ու սպառնալիքներէ: Շատ կարեւորում եմ, որ կարողացանք մեր տեսակէտն ու դիրքորոշումը հասցնել միջազգային հանրութեանը: Տեղեկացնեմ նաեւ, որ մեր զեկոյցները չորս լեզուներով հրապարակուեցին 100-ից աւելի լրատուամիջոցներում ու կայքերում:
Յուլիյա Գիւլոյեան
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամաւոր,
Մշակոյթի մշտական յանձնաժողովի նախագահ
17.12.2016 թ.