Շնորհավորական ուղերձ Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին

Շնորհավորական ուղերձ Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին

Մեծարգո Նախագահ

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցները՝ նախագահը, խորհրդարանը եւ վարչապետը սրտանց շնորհավորում են Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Ամբողջովին կիսում ենք Ձեր համոզմունքն առ այն, որ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը, հատկապես տարագիր հայության գոյության եւ անշեղորեն զարգանալու անվիճելի իրավունքը հնարավոր է պահպանել-պաշտպանել մեր արարչագործ ժողովրդի մշակութային եւ ինտելեկտուալ ծրագրային զարգացմամբ:

Ըստ այդմ, Հայաստանի համապատասխան ռեսուրսների լիարժեք օգտագործումը նրա քաղաքացու արժանապատվության բարձրացմամբ եւ Հայրենիքի հանդեպ սիրո-նվիրումի վերահաստատմամբ, ողջ հայության հետ միասին Հայոց պետականության ռազմավարական բոլոր ուղղությունների ամրացումն ու հետեւողական առաջընթացը պետք է հիմնված լինի նախեւառաջ նրա քաղաքացու արժեքային համակարգի եւ բարոյահոգեբանական անաղարտ կերտվածքի ու վարքականոնի վերահաստատման, ազգային դպրոցի արդիականացման եւ կրթության բովանդակության զարգացման, հայրենասիրական, ընդհանուր եւ գիտակրթական դաստիարակության հեռահար ծրագրերի վրա:

Նշված ռազմավարական հիմնահարցերի վերաբերյալ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցները բազմիցս հանդես են եկել ինչպես ծրագրային նյութերով, այնպես էլ ներկայացուցչական զեկուցումներում: Ի մասնավորի, մեր կողմից առաջարկվել է Մերձավոր Արեւելքում եւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայությանը դիտել որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության չորրորդ լիիրավ անդամ եւ նրանց բոլոր հիմնահարցերի լուծումը սերտորեն առնչել Հայկական Հարցի արդարացի ու վերջնական լուծման ջանքերին:

Մեծ առումով հենց այդ խնդիրների լուծման հեռահար ռազմավարական ուղենիշներն են եղել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) կառույցների ձեւավորման անշրջանցելի պահանջը, նրա շուրջ 7-ամյա նախապատրաստական, իրավական-ծրագրային գործունեության փարոսը, որի ողջ գործունեությունն իր ձեւավորումից ի վեր, իր կառուցվածքով եւ բովանդակությամբ օրինական է եւ իրավաչափ: Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցները նշված սկզբունքային հարցերում երբեք չեն դրսեւորել ինքնագործունեություն: Այսու հակված ենք այն համոզմանը, որ Դուք եւս չեք տարակուսում, թե Հայոց միասնական շահերն արտահայտելու եւ պետականորեն առաջ տանելու համար մենք պետք է գործենք միասնաբար, ազգային-պետական ռազմավարության միասնական հայեցակարգի պահանջներին համահունչ:

Վերստին շնորհավորելով Ձեզ Հայաստանի Նախագահի բարձրագույն պաշտոնում ընտրվելու առթիվ, մաղթում ենք Ձեզ քաջառողջություն եւ պետականամետ ստեղծագործ գործունեություն պաշտոնավարման ողջ ընթացքում՝ ի շահ համայն հայության:

Հայտնում ենք Ձեզ աներկբա աջակցության պատրաստակամություն ռազմավարական նշանակության բոլոր ծրագրերի կյանքի կոչելու գործում՝ ի շահ հայկական երեք հանրապետությունների անվտանգության ու զարգացման, ի շահ աշխարհասփյուռ հայության իրավունքների պաշտպանության եւ բարգավաճման:

Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

20.03.2018 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

7 + 19 =