VIDEO – Իսրայելում առաջին անգամ կառուցվել է Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված հուշարձան

Իսրայելում պատմության մեջ առաջին անգամ Պետախ Տիկվայի քաղաքային իշխանությունների թույլտվությամբ կառուցված Հայոց ցեղասպանության սրբադասված անմեղ զոհերին նվիրված հուշարձանն այս օրերի ընթացքում յուրօրինակ ուխտատեղի դարձավ երկրի հայերի համար: Ոչ միայն ապրիլի 24-ին, այլև այս օրերին, չնայած որ երկիրը դեռ նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով գտնվում է մասնակի կարանտինի մեջ, մարդիկ առանձին-առանձին այցելեցին ու շարունակում են այցելել կորոնավիրուսի պատճառով պաշտոնապես դեռ չբացված հուշարձան:

Հուշարձանի կառուցման հանձնախմբի ու Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրիի» միության հիմնադիր կազմի անդամ, կազմակերպության ֆինանսական հարցերով պատասխանատու Տիգրան Մամաջանյանը, ով ևս ուխտատեղի էր այցելել, պատասխանեց «Ազատության» այն հարցին, որ Իսրայելում, որը ևս ցեղասպանություն է տեսել, սակայն մինչև օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ու որը շատ ջերմ հարաբերություններ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ինչպե՞ս ստացվեց, որ Հայոց ցեղասպանության հուշարձան պատրաստել ու տեղադրել հաջողվեց: Նա նշեց, որ նախ հայկական համայնքը քաղաքում ստեղծվել է շուրջ 16 տարի առաջ, ու այս տարիների ընթացքում սերտ համագործակցություն ու բարեկամական կապեր են ստեղծվել քաղաքային իշխանությունների հետ, ու համայնքը ավելի քան 15 տարի մասնակցում է քաղաքային բոլոր միջոցառումներին:

«Ապրիլի 24-ի օրվա կապակցությամբ Պետախ Տիկվա քաղաքում համարյա կարելի է ասել` բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող անմոռուկ ծաղիկի տեսքով, որը ստեղծվել է Պետախ Տիկվայում գտնվող «Նաիրի» միության և «Նոյան տապան» կազմակերպությունների ջանքերով, և մասնակցություն են ունեցել ամբողջ Իսրայելում և Իսրայելից դուրս գտնվող հայերը»,- նշեց նա:

Բացառիկ էր այս երևույթն Իսրայելում, պատմում է գյումրեցի ինժեներ Տիգրան Մամաջանյանը.- «Ամբողջ պատմության ընթացքում փորձվել է ստեղծվել այդպիսի կառույց զոհերի հիշատակին և չէր ստեղծվել, Աստծո օրհնությամբ մենք մեր և ամբողջ հայության ջանքերով ստեղծեցինք այդ կոթողը և հպարտանում ենք այսօր, որ ապրիլի 24-ին ամեն մարդ իր երեխայի, թոռնիկի ձեռքը բռնելով գալիս է այդ հուշակոթողին, մի հատ ծաղկեպսակ է դնում` հարգելով զոհերի հիշատակը»:

Մոտ 8 տարի առաջ քաղաքում հուշարձան կառուցելու փորձ կատարվել էր, բայց բազմաթիվ թե ներքին և թե արտաքին հիմնախնդիրների պատճառով նախագիծը ձախողվել էր: Երկու հաջորդ քաղաքապետերի հետ էլ համայնքը սերտ համագործակցել էր, ու անկախ թուրք-ադրբեջանական հզոր լոբբիի ու Բաքվից ներգաղթած հրեա պատգամավորների և բազմաթիվ հրեա քաղաքական գործիչների ճնշումների քաղաքապետերի վրա` հուշարձանն ի վերջո տեղադրվեց:

«Կարելի է ասել, որ երկու քաղաքապետներն էլ մեր հայկական համայնքներին շատ մեծ, լուրջ աջակցություն են ցուցաբերել, երկու քաղաքապետերն էլ անկախ նրանից, թե Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բոլոր միջոցառումներին մեր` նվիրված Ապրիլի 24-ի զոհերի հիշատակին հիմնականում մասնակից են եղել»,- նկատեց նա` հույս հայտնելով, որ շուտով տեղի կունենա հուշարձանի պաշտոնական բացման արարողությունը, որը նաև Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ազդակներից մեկը կլինի:

Հուշարձանի կառուցման հանձնախմբի անդամ, հուշարձանի չափագրման, շինարարական ու բազմաթիվ այլ հարցերով պատասխանատու, ճարտարապետ Ռոբերտ Օհանյանն անցյալ տարի անձամբ էր մեկնել Հայաստան ու ընտրել հուշարձանի համար հայկական բազալտի այդ քարակտորը, որն էլ քարտաշ որմնադիր Արտավազդ Հովհաննիսյանի ջանքերով վերածվեց շատ խորիմաստ հուշակոթողի: Հուշարձանի հեղինակ, «Նոյան Տապան» հայկական, կրթական-մշակույթային միության նախագահ Դավիթ Գալֆայանի ու «Նաիրի» միության անդամների հետ հայ ճարտարապետը մոտ 2.5 տարի հաղթահարեց բոլոր բյուրոկրատական դժվարությունները, մինչև քաղաքապետարանը հող հատկացրեց ու թույլատրեց շինարարությունը:

«Պարզապես թույլատրությունն ամեն շինարարության համար ահագին դժվար պրոցես է, հատկապես այն հուշարձանի համար, որը ճանաչված չէ Իսրայելում, մյուս կողմից էլ քաղաքապետարանը հողատեր է դուրս գալիս այս դեպքում, և ինքը ոնց որ երկու գլխարկով է աշխատում` մեկ թույլատրություն պետք է տա շինարարության համար, մեկն էլ թույլատրություն պետք է տա որպես հողատեր: Շատ անգամ երկու ինստացիաներն իրար հետ այդքան էլ կապ չունեն»,- պատմեց ճարտարապետը:

Շինարարության թույտվության դժվարությունները կապված էին նաև հուշարձանի անվան հետ, քանի որ այն նվիրված է Օսմանյան կառավարության կողմից իրականացված` 1915-23թթ.-ին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

«Բարդություններ առաջացան հուշարձանի անունի կապակցությամբ, անցյալի դեպքում պարտադրվել էինք գրել, որ հրեական Հոլոքոստի հետ կապ ունի, իսկ այս դեպքում մենք ուղղակի գրեցինք, որ այդ ամենը միայն հայերի ցեղասպանության հետ կապ ունի, և դա մեծ հաջողություն է այսպես ասած` այս պոլիտիկայում, քանի որ գիտեք` Իսրայելը դեռևս չի ընդունել Ցեղասպանությունը, և դա հեշտ բան չէ»,- նկատեց նա:

Երուսաղեմահայերն էլ մեծ ցնծությամբ ընդունեցին հուշարձանի տեղադրումը Պետախ Տիկվայում ու այն պատմական որակեցին: ՀՄԸՄ նախկին ատենապետ Սերոբ Սահակյանը նշեց, որ սա պատմական հաջողություն է, և որ քաղաքապետարաններում հաջողությունները կարող են նպաստել Ցեղասպանության ճանաչմանը, որ հաջորդը Հայֆայում դրվի հուշարձան, որը վարակիչ կարող է լինել նաև Երուսաղեմի համար:

Երեկ հուշարձան էր այցելել ու իր հարգանքի տուրքն էր մատուցել սրբադասված նահատակներին նաև երկրի հյուսիսային քաղաքների ու Հայֆայի հոգևոր հովիվ տեր Տիրայր քահանա Հովակիմյանը: Հայկական ժայռաբեկորից դեպի վեր ձգտող անմոռուկի խորհուրդ ունեցող այս հուշարձանի հետ կապված ասաց.- «Իմ կարծիքով` սա բացառիկ երևույթ է Իսրայելում գտնվող մեր բոլոր համայնքների համար, հավատացեք, որ հուշարձանի տեղը բնավ կարևոր չէ, թե որ մի քաղաքում կլինի, կարևորը, որ այն Իսրայելում է, կարևորը, որ Պետախ Տիկվայի համայնքի անդամները կարողացել են հասնել դրան: Դա վկայակոչում է մեր այն միասնականության ուժը, ինչպես նաև մշակութային գործունեության ուժը, որը կա այստեղ, և միայն ողջունելի է, որ այսպիսի հուշարձան ունենք, և ես կարծում եմ, որ Իսրայելի բոլոր համայնքներից հայերը պետք է միավորվեն և ամեն տարի 1-2 անգամ գոնե այցելեն ու հարգանքի տուրքը մատուցեն այս հուշարձանին»:

****
PHOTO – ԼՈՒՍԱՆԿԱՐ

Թողնել պատասխան

Your email address will not be published.

6 + 14 =