Մնացականյանը ներկայացրել է Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի մոտեցումները

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի Հանրապետության մոտեցումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս հարցին Մնացականյանն անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Քաղաքականության մեջ յուրաքանչյուր քայլ սառնասիրտ և հավասարակշռված հաշվարկի արդյունք պետք է լինի, և այդ մոտեցմամբ էլ մենք մոտենալու ենք հարաբերություններին։ Բացի նրանից, որ մենք ապրում ենք այդ ժխտված արդարության պայմաններում, դրան ավելանում են նաև այլ քայլեր Թուրքիայի կողմից, որոնք էլ ավելի խորացնում են խնդիրը. դա և՛ փակված սահմանն է, և՛ անվերապահ աջակցությունն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում։ Բոլոր այս հանգամանքները միասին վերցրած մեզ համար հանդիսանում են սպառնալիք, և մենք այդ սպառնալիքին անդրադառնում ենք այնպես, ինչպես պետք է անդրադառնա պետությունը. սառնասիրտ և հավասարակշռված հաշվարկով մենք ապահովում ենք մեր ազգային անվտանգությունը։ Յուրաքանչյուր քայլ մենք անում ենք այնպես, ինչպես անհրաժեշտ է մեր ազգային շահի համար»,- ասել է Մնացականյանը։

Մնացականյանն անդրադարձել է Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալըմի հայտարարությանը, որում նախագահի խոսնակն անդրադարձել է նաև հայ-թուրքական արձանագրություններին։

«Այս խեղաթյուրված մեկնաբանությունը քննարկելը, կարծում եմ, նույնիսկ պատիվ չի բերում մեզ, որովհետև շատ լավ գիտենք պատմությունը: Հայաստանն իր կողմից ներդրում էր կատարել, որպես պետություն, որը ներկայացնում էր ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, իր կողմից ներդրում էր կատարել՝ այդ գործընթացը մինչև վերջ տանելով առաջ։ Եվ Դուք շատ լավ հիշում եք, որ դա շատ համազգային, խորը և շատ դժվար քննարկումների առարկա էր։ Եվ այդ ամենն իրականացնելով՝ մենք ինչի՞ն հանգեցինք։ Հանգեցինք նրան, որ Թուրքիան, իրականում, ուղղակի պատուհանից դուրս նետեց այդ ամենը։ Եվ սա նորից ի ցույց է դնում այն, որ այդ վտանգը խորքային է։ Եվ մնացած այդ մեկնաբանությունները, որ արվել են, արդեն համադրում են, ավելի են խորացնում ժխտողականությունը, որովհետև ժխտողականությանը նաև միանում է ցեղասպանության արդարացումը։ Այդ ամենը միասին դառնում է անպատժելիություն և վտանգ»,- նշել է նախարարը։

2008թ. ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ եւ ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները:

Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը եւ հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» եւ առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:

2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի դիրքորոշմամբ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀՀ իշխող կոալիցիոն ուժերի քաղաքական խորհրդի համատեղ դիմումը, Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվեց` համաձայն ՀՀ նախագահի հրամանագրի: 2015թ. փետրվարի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել Ազգային Ժողովից:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թվականի սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց. « Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»:

2018թ. մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին:

Նորայր Շողիկյան

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Թողնել պատասխան

Your email address will not be published.

four × two =