Ստանիսլավ Տարասով. Հայաստանի վճռական հայտարարությունները հանգեցրել են նրան, որ Բաքուն կորցրել է դիվանագիտական նախաձեռնողականությունը

Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններն, ընդհանուր առմամբ 16 ժամ բանակցել են: Հայտնի չէ՝ ինչ արդյունք կունենան դրանք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ խոսելով lenta.ru-ում հրապարակված վերլուծության մասին, թե Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակ են մշակում:

«Իրավիճակը կտրուկ փոխվել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, որ Ղարաբաղն առանձին է, Հայաստանն առանձին է, Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան և որ Հայաստանը չի կարող բանակցել ԼՂ փոխարեն: Սա նշանակում է, որ բանակցությունների օրակարգը փոխվում է: Սա այն է, ինչ տեղի է ունեցել հրապարակային դաշտում»,- ասաց Տարասովը:

Ըստ քաղաքագետի՝ վճռական քայլերը, վճռական հայտարարությունները հանգեցրել են նրան, որ Բաքուն կորցրել է դիվանագիտական նախաձեռնողականությունը:

Հարցին՝ կա՞ նոր փաստաթուղթ բանակցային սեղանին, Ստանիսլավ Տարասովը պատասխանեց, որ հակամարտության կարգավորման որևէ նոր տարբերակ կամ ծրագիր չկա, «սա հին կոնֆլիկտ է և բոլոր հնարավոր տարբերակները վաղուց մշակված են»:

«Հիբրիդային տարբերակ կար, փաթեթային, փուլային: Բոլոր հարցերը հաշվի էին առնված: Կոնֆլիկտոլոգիայի կանոններով հակամարտության բոլոր կողմերը պետք է մասնակցեն բանակցություններին: Սա է կանոնը: Առանց Ղարաբաղի հնարավոր չէ: Բաքու-Երևան ֆորմատով հակամարտության կարգավորումը օգուտ չի տվել: Այնպես որ, Փաշինյանի հայտարարությունը, որ ինքը պատրաստ է փոխել բանակցային ֆորմատը, շատ տեղին է: Զոհրաբ Մնացականյանը, եթե հիշում եք, հայտարարեց, որ իրենք տարբերակներ են քննարկել, դրանք ներկայացրել ՄԽ-ին: Իսկ նախկինում հակառակն էր, ԵԱՀԿ ՄԽ-ն էր իրենց տարբերակներ առաջարկում:

Այս ֆորմատը՝ ԵԱՀԿ ՄԽ-ի, կողքի է դրված, Կարասինը հենց դրա համար էր եկել Երևան»,- մանրամասնեց Ստանիսլավ Տարասովը:Միաժամանակ նա նշեց, որ կողմերը չեն հրաժարվում ԵԱՀԿ ՄԽ առաքելությունից, պարզապես վերաթարմացնում են ֆորմատը:

«Իրավիճակը կտրուկ փոխվել է: Հայաստանը խաղաղապահներ է ուղարկում Սիրիա: Նրանք գործելու են ՌԴ հովանու ներքո, բայց ամեն դեպքում սա լուրջ քայլ էր, որովհետև ՌԴ-ն քննարկում է անցկացնում Թուրքիայի հետ: Սիրիայում կարող է ստեղծվել խաղաղապահ կորպուս: Ղարաբաղյան հակամարտությունը լուծել երկկողմանի երկխոսության ճանապարհով հնարավոր չէ, այն ստանում է համաշխարհային նշանակություն: Ադրբեջանը լուրջ սխալ արեց՝ մտածելով, որ Արևմուտքը իրենց կօգնի, կաջակցի, այնինչ դա այդպես չեղավ: Ռազմական ճանապարհով հարցը կարգավորելու տարբերակը Ադրբեջանի համար անցյալում է»,- շեշտեց նա:

Հեղինակ Տիգրանուհի Մարտիրոսյան

Tert.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

13 − 10 =