Տիգրան Փաշաբեզյան. «Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում կրկին շրջանառության մեջ դրվող կեղծիքների եւ առկա իրավիճակի մասին»

2011 թ. փետրվարի 4-ին ընդունվել է հռչակագիր Արեւմտյան Հայաստանի կառավարություն կազմելու գործընթաց սկսելու մասին: Սա նշանակում է, որ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների, իսկ ավելի ստույգ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության, գործընթացը թեւակոխել է նոր փուլ: Ըստ այդմ, սպասելի էր հակառակորդ բոլոր ուժերի (թե ներքին, թե արտաքին) անհանգստությունն ու դիմադրությունը, որի նպատակն է, ինչպես 100 տարի շարունակ, այնպես էլ նոր ժամանակներում՝ կրկին փորձելու խոչընդոտել ու շրջանցել Հայկական Հարցի արդարացի, վերջնական ու ամբողջական լուծումը: Դիմադրությունն իրականացվում է ամեն տեսակ կեղծիքների ու ստերի տարածման, ապօրինությունների ու անօրինականությունների գործարկման միջոցով:

Եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավա-քաղաքական եւ լիովին իրավաչափ գործընթացի, եւ այս ոլորտում գործարկվող կեղծիքների ու ապօրինությունների մասին է հերթական այս հրապարակումը:

  1.            Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում 2017-2018 թթ. ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել երկու ուղղություններով. 2017 թ. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցը հաղթահարել է ներքին ճգնաժամը եւ պահպանել պետական համակարգի իրավաչափությունը, իրավաչափության ամուր հիմքերից Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանությունը իրականացնելու հանձնառությունը, եւ 2018 թ. մայիս եւ նոյեմբեր ամիսներին երեք դիմումնագրեր է ուղարկել ՄԱԿ՝

1) ՄԱԿ-ին անդամակցելու,

2) ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու, իրականացնելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության հաստատումը Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա,

3) Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ:

Այս ամենը նշանակում է, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը կարեւոր քայլեր է կատարել հայերի իրավունքների եւ պահանջատիրության հիմնադրույթները միջազգային քաղաքականության հիմնական դերակատարներին հասցնելու եւ դրանց իրականացումը իրավաչափության ամուր դիրքերից հետապնդելու առումով:

Այս ամենը նշանակում է, որ Հայկական Հարցի վերջնական ու արդարացի լուծման խնդիրը կրկին վերադառնում է միջազգային իրավական – քաղաքական օրակարգ:

Սակայն Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում պարբերաբար շրջանառության մեջ դրվող կեղծիքները, թեեւ էապես չեն կարող ազդել վերոնշյալ գործընթացի հաջող շարունակման վրա, բայց մի կարճ ժամանակահատվածի համար կարող են որոշակի շփոթ առաջացնել այս հարցով հետաքրքրված հայրենակիցների ու ազգային – պետական կառույցների, միջազգային հանրության, Հայկական Հարցին առնչվող պետությունների, փորձագիտական – վերլուծական կենտրոնների եւ լրատվամիջոցների շրջանում:

Որպես օրինակ նշենք վերջերս տարածված հերթական կեղծիքը, որտեղ ոմն Գառնիկ Սարգսյանի ներկայացմամբ տեղի է ունեցել, այսպես կոչված, «ԱՀՀ 2-րդ գումարման 1-ին նստաշրջանը», որը «նախագահ» է ընտրել Արմենակ Աբրահամյանին եւ «նախագահի» ներկայացմամբ «վարչապետի պաշտոնում» հաստատել իր թեկնածությունը:

2. Միանգամից նշենք, որ հոդվածում ներկայացված տեղեկատվությունը ամբողջությամբ կառուցված է ստի ու կեղծիքի վրա, եւ ահա թե ինչու՝

1) Արեւմտյան Հայաստանի 1-ին գումարման Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ընտրությունները կայացան 2013 թ. նոյեմբերին: Ընտրություններին մասնակցեցին 17.897 քաղաքացի, աշխարհի 41 երկրներից, որոնք ընտրեցին 64 պատգամավոր:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 1-ին նստաշրջանը կայացավ 2014 թ. հունվարի 18-21-ը, որտեղ հաստատվեցին  նորընտիր պատգամավորների լիազորությունները: Նստաշրջանը ընտրեց խորհրդարանի նախագահ՝ Արմեն Տեր-Սարգսյանին, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Արմենակ Աբրահամյանին, վարչապետի պաշտոնում հաստատեց Տիգրան Փաշաբեզյանին եւ ձեւավորեց խորհրդարանի 13 Մշտական հանձնաժողովներ:

2) Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման ընտրությունները կայացան 2018 թ. սեպտեմբերի 1-5-ը, որին մասնակցեցին 51.505 ընտրող 47 երկրից, միասնական ցուցակով ընտրեցին 101 պատգամավոր:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանը կայացավ 2018 թ. սեպտեմբերի 26-28-ը, որտեղ հաստատվեցին Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի որոշումը ընտրությունների արդյունքների վերաբերյալ եւ նորընտիր պատգամավորների լիազորությունները: Նստաշրջանը ընտրեց խորհրդարանի նախագահ՝ Արմեն Տեր-Սարգսյանին, 15 Մշտական հանձնաժողովների ղեկավարներին, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Ռադիկ Խամոյանին, հաստատեց վարչապետ Տիգրան Փաշաբեզյանին ու կառավարության նոր կազմը:

Այսպիսով ամբողջությամբ ձեւավորվեցին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության իրավաչափ ներկայացուցչական եւ գործադիր նոր մարմինները: Երեք օր տեւած նստաշրջանի աշխատանքներն ամբողջությամբ հեռարձակվեցին ուղիղ եթերով, որին հետեւեցին տասնյակ հազարավոր հայրենակիցներ:

3) Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանը 2017 թ. հունիսի 11-ին անվստահություն հայտնեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանին եւ որոշում ընդունեց 2017 թ. հունիսի 11-ից նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունների դադարեցման մասին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական օրենքների կոպիտ եւ գիտակցաբար խախտումների եւ իշխանության յուրացման փորձի մեղադրանքներով:

(Նստաշրջանի արձանագրության քաղվածքը կցվում է:)

Հետեւաբար Արմենակ Աբրահամյանի գործողությունները «ԱՀՀ խորհրդարանի նոր ընտրություններ» կազմակերպելու եւ դրա միջոցով կրկին «նախագահ» ընտրվելու՝ անօրինական են ու ապօրինի:

4) Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանում, համաձայն՝ Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի մասին օրենքի, նոր նախագահ ընտրելու կապակցությամբ, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության գործող վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը հրաժարական է տվել: Կառավարությունը լուծարվել, որի կազմում այն ժամանակ, որպես արտաքին գործերի նախարար գործում էր Գառնիկ Սարգսյանը, ում նկատմամբ նույնպես խորհրդարանը անվստահություն է հայտնել: Նստաշրջանին ներկայացված նոր կառավարության կազմում, բնականաբար, նրա անունը չի ընդգրկվել:

Հետեւաբար, նստաշրջանում դադարեցվել է նաեւ Գառնիկ Սարգսյանի լիազորությունը, որպես արտաքին գործերի նախարար:

Հետեւաբար ապօրինի է ոչ միայն անօրինական ընտրությունների միջոցով ձեւավորված, այսպես կոչված «խորհրդարանը», այլեւ դրա հիմքով Արմենակ Աբրահամյանի կրկին նախագահ հռչակվելը, այդ նույն հիմքով Գառնիկ Սարգսյանի վարչապետ նշանակվելը:

5) Քանի որ Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի մասին օրենքի համաձայն եւ իրավաչափության ու բնական շարունակության հիմքերով 2018 թ. սեպտեմբերի 1-5-ը արդեն իսկ կայացել են Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման ընտրությունները եւ ամբողջությամբ ձեւավորվել են բոլոր պետական մարմինները, ապա 2017 թ. հունիսի 11-ից հետո Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգից հեռացված ու մերժված անհատների կողմից 2018 թ. դեկտեմբերին, այսպես կոչված, «ԱՀՀ խորհրդարանի ընտրությունների» եւ 2019 թ. հունվարին «ԱՀՀ խորհրդարանի նստաշրջանի» անցկացումը նույնպես անօրինական եւ ապօրինի գործողություն է:

Հետեւաբար, անօրինական են նաեւ «ընտրությունների միջոցով ընտրված», այսպես կոչված «խորհրդարանի», 77 «պատգավորների» լիազորությունները նույնպես:

Վերոնշյալ ապօրինի ու անօրինական գործունեության նպատակը հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում խառնաշփոթ առաջացնելն է, ծառայելը հայ ժողովրդին ընդդիմադիր ուժերին, որոնք տասնամյակներ շարունակ ձգտել են անտեսել ու շրջանցել հայ ժողովրդին տրված իրավունքները, փորձելով այդպես հետաձգել Հայկական Հարցի արդարացի լուծումը:

6) Կեղծիք է նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության «սահմանադրությանը» հղումներ անելը, այն պարզ պատճառով որ նշված «սահմանադրությունը» ինքնաստեղծ «սահմանադրություն» է, Արմենակ Աբրահամյանի կողմից «ստորագրված» ու «վավերացված», եւ որի նկատմամբ իրականում համաժողովրդական քննարկում եւ հանրաքվե չի անցկացվել, հետեւաբար չի կարող համարվել օրինաչափ եւ ընդունված:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Առաջին Սահմանադրության նախագիծը միայն 2019 թ. ընթացքում կդրվի համաժողովրդական քննարկման, այնուհետեւ համաժողովրդական հանրաքվեի եւ հանրաքվեի արդյունքների համաձայն կհամարվի ընդունված:

Նշենք, որ նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի նկատմամբ տարբեր երկրներում քրեական գործեր է հարուցվելու զեղծարարության մեղադրանքներով:

Փաստերի այս նվազագույն փաթեթի շարադրանքն էական է այն իմաստով, որ հայերի իրավունքների պաշտպանության ու իրականացման գործընթացը, չափազանց կարեւոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ինքնիշխանության ու անվտանգության բաղադրիչի բարձրացման, Մեծ Մերձավոր Արեւելքում հայ համայնքների ու հայերի անվտանգության ապահովման, հայ ժողովրդի հիմնարար երեք իրավունքների՝ ապրելու ու գոյություն ունենալու, ազատ զարգացման եւ ապագա ունենալու իրավունքի տեսանկյունից:

Հետեւաբար, իրավաչափության ու իրավունքի հանգամանքից բոլոր տեսակի շեղումները, այդ թվում եւ ոչ ճշգրիտ, կեղծ տեղեկատվություն տարածումը, անթույլատրելի են:

Հայ ժողովրդի ազգային – պետական ամբողջական վերականգնումը այլընտրանք չունի: Դրան է միտված իրավաչափության ամուր հիմքերից գործող Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական համակարգի գործունեությունը: Այդ գործում մենք հույս ունենք եւ արդարացիորեն ակընկալում ենք բոլոր հայկական լրատվամիջոցների աջակցությունը, բայց ոչ երբեք հակառակը:

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն (Հայաստան) Վարչապետ

 04.02.2019 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

4 × five =