ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովի անդամներ Ֆրենք Փալոնեն, Ադամ Շիֆը եւ Ջիմ Կոստան հանդես են եկել Ադրբեջանում, մասնավորապես, Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում հայերի զանգվածային կոտորածների 30-ամյա տարելիցի հայտարարությամբ, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը ներկայումս Վաշինգթոնում է, որտեղ հանդիպում կունենա Կոնգրեսի անդամների հետ, Արցախի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցերը քննարկելու համար:
«1988 թվականի փետրվարի 27-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում ապրող մոտ 200 հայերի իրենց ազգության պատճառով սպանել են, բռնաբարել, ծեծել եւ նույնիսկ ողջ-ողջ այրել: Այս անիմաստ բռնությունը այդ անմեղ նահատակների դեմ հրահրվել է ադրբեջանցի պաշտոնյաների եւ քաղաքացիների թշնամական հակահայկական հռետորաբանությամբ: Երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել Սումգայիթում մարդկության դեմ կատարված հանցագործությունները եւ վայրագությունները թաքցնելու համար: Անհանգստություն է առաջացնում այն, որ այս միջոցառումների կազմակերպիչները դեռեւս համարվում են Ադրբեջանի ազգային հերոսներ», – ասել է Ֆրենք Փալոնեն:
Կոնգրեսականը նաեւ շեշտել է, որ կշարունակի աշխատել Կոնգրեսում իր գործընկերների հետ` Սումգայիթի բռնությունները եւ մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունները դատապարտելու համար: