Հայոց ցեղասպանության ժամանակ Աֆրինը կարևոր դեր է ունեցել այն պատճառով, որ մոտ մեկ դար առաջ այդ շրջանում էին գտնվում Քաթմա ուՌաժո ճամբարները։ Ռայմոնդ Գևորգյանի՝ թուրքերեն թարգմանված ու «Իլեթիշիմ» հրատարակչության կողմից հրատարակված «Հայոցցեղասպանություն» գրքի համաձայն՝ Ցեղասպանության ընթացքում Անատոլիայի (Արևմտյան Հայաստանի-Ակունքի
խմբ.) չորս կողմերից հայերիքարավաններն անցել են այդ ճամբարներով։
Քաթմանը գտնվում էր Անատոլիայի կաթոլիկ հայ համայնքի տեղահանության ճանապարհին։ Այդ քարավանի հայերը թուրք ժանդարմերիայի ու ոստիկանների կողմից ձերբակալվել էին 1915 թ․ օգոստոսի 27-ին։ Նրանց մեջ կային մեկ եպիսկոպոս ու 17 քահանա, ինչպես նաև 1500 կաթոլիկ հայեր։ Սակայն այս քարավանը «բախտավոր էր»։ Հավանաբար Թալեաթ փաշան Վատիկանի պատվիրակ Անջելո Մարիա Դոլչին ու Ավստրո-Հունգարիայի դեսպան Պալլավիջինիին գոհացնելու համար հանկարծակի որոշում է ներում շնորհել նրանց։
Ոչ բոլոր քարավաններն էին ողջ մնալու
Քըրշեհիրի, Կայսերիի և Բիգայի վրայով Պոզանթը գնալուց հետո ողջ մնացածների վկայությունների համաձայն` նրանք հասել են Տարսուս, իսկ վերջում Հալեպի մոտակայքում գտնվող Քաթմա գյուղ։ Մոտ մեկ ամիս տևած այդ ուղևորությունից հետո քարավանում գտնվողների մեծ մասը «դեպի Սիրիա աքսորի տեսուչ» Հաքքը բեյի կողմից Ռեյս-ուլ-այն կամ Դեր Զոր են ուղարկվում, սակայն Հաքքը բեյի պաշտոնանկությունից հետո նրանց հաջողվել է Հալեպ հասնել։
Սակայն Քաթմայով անցնող ոչ բոլոր քարավանների անդամներն էին ողջ մնալու։ Քաթմանը գտնվում էր նաև Քարամանի հայերի ճանապարհին։ Առաջին ձերբակալություններն սկսվել են մայիսի 23-ին, որից հետո մինչև 1915 թ․ օգոստոսի 11-ի տեղահանության սկսվելու ժամանակ քարավանը անցել է Էրեղլիով, Փոզանթըի տարածքով, Տարսուսով ու Օսմանիյեով։ Մինչև Հալեպ հասնելը՝ կանգառները ևս Քաթմայում են եղել։ Սակայն այդ քարավանը, Անկարայի կաթոլիկ հայերի նման, Հալեպում կանգ չի առնում, այլ` Սիրիայի Չոյլուում գտնվող Մեսքենե է ուղարկվում։
Այդ ժամանակ շատ հայեր ապաստան էին գտել Աքշեհիրում։ Այդտեղից օգոստոսի 20-ին սկսված ու մինչև հոկտեմբեր ամիս տևած տեղահանության ընթացքում էլ աքսորականների ճանապարհը Քաթմայով էր անցնում։
Առաջին քարավանի անդամները մինչև Էրեղլի մեկնում էին գնացքով, այդտեղ գավառապետ Ֆայիք բեյը, ոստիկանության կոմիսար Իզզեթ բեյը, ժանդարմերիայի հրամանատար Միդհատ բեյը և Մուստաֆա էֆենդին նրանցից վերցնում էին թանկարժեք իրերը, որից հետո քարավանը մինչև Օսմանիյե գնում էր ոտքով։ Նախքան հոկտեմբերի 23-ը այդտեղ մնացած աքսորյալներին սիրիական անապատներ ուղարկելուց առաջ կանգառները Քաթմայում էին լինում։
Հալեպի կառավարիչ Բեքիր Սամին հոկտեմբերի մեկին Ներքին գործերի նախարարությանը հաղորդում է, որ Քաթմա Գարըյում Քիլիսից տեղահանված հազարավոր աքսորյալներ կային, իսկ ադանացի աքսորյալներն էլ Քաթմայով էին անցնում։ Ջեմալ փաշայի «անձնական նախաձեռնությամբ» այն հայերին, ովքեր չէին ուղարկվել Դամասկոսի շրջան և ավելի հարավ, քշվում էին դեպի սիրիական անապատ։
Մինչև Օսմանիյե գնացած հայերը ուղարկվում էին Ինթիլլիում և Քաթմայում գտնվող համակենտրոնացման ճամբարներ, իսկ ավելի ուշ դեպի Հալեպի գնացքի կայարանի մոտ գտնվող տրանզիտ կենտրոն հանդիսացող Քարլըք գնում էին ոտքով․ քարավանին սպասում էր Ցեղասպանության երկրորդ փուլը․․․
Հալեպի ճանապարհին գտնվող Քաթմայի ու Ռաժոյի ճամբարները երկար ժամանակ բաց չէին մնում։ Այնուամենայնիվ, բազմաթիվ մարդիկ այդտեղ զրկվում էին կյանքից։ Հալեպի հյուպատոս ու կառավարիչ Հոֆմանը 1915 թ․ հոկտեմբերի 18-ին դեսպանությանը ուղղված հեռագրում տեղեկացնում է, որ ըստ Հալեպի վիլայեթի քաղաքական բաժնի պետի` Ռաժո և Քաթմա ճամբարներում գտնվող աքսորյալների թիվը 40 հազարի է հասնում, և, ըստ նրա, «արևմտյան, կենտրոնական ու հյուսիսային Անատոլիայից եկող մնացած քարավաններին էլ են ճանապարհին, ըստ այդմ, մոտ 300.000 մարդու ստիպում են քայլել դեպի հարավ»։
Ռաժոյի ճամբարի վրանները լիքն էին դիակներով
Գնացքի կայարանից մոտ մեկ կմ հեռավորության վրա գտնվող Ռաժոյի ճամբարը վրաններով ծածկած մեծ ճահճուտ էր հիշեցնում։ Ցեղասպանության ընթացքում այդտեղով անցնող Բանդըրմացի (Բալըքեսիր-Ակունք խմբ․) մի աքսորյալ շրջանն այսպես է բնութագրում․ «Վրանները լիքն էին դիերով։ Վրաններ չունեցող մարդիկ ցրտից մի-փոքր պաշտպանվել կարողանալու համար երկաթուղու կամուրջի տակ էին տեղավորել։ Բավականին ուժեղ անձրևի պատճառով այդտեղ հանկարծակի ջուր լցվեց և քշեց մարդկանց, բոլորը խեղդվեցին։ Ամեն կողմում դիեր կային։ Քիչ մարդիկ կարողացան փրկվել»։
Նորից երկաթուղուն շատ մոտ հարևան Քաթմայի ճամբարում էլ պատկերը նույնն էր։ Պրոֆեսոր Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանության» գրքում, որը թուրքերենով հրատարակել է «Բելգե» հրատարակչությունը, Սարգիս Մակարովը տեղի ունեցածները այսպես է ներկայացնում․ «Նոյեմբերի 6-ին հասանք Քաթմա։ Հայերի վրանները շատ էին, բայց հիվանդ ու ծանր վիճակում գտնվողներն էլ շատ կային։ Կարապետ Մերջիմեկյան և Թոքաթըլյան վարդապետները հոգիներն ավանդեցին։ Անձրևը բոլորիս շարունակում էր թրջել։ Ամեն կողմում տիրում էր թախիծը․․․ Բազմաթիվ դիեր անձրևի տակ անթաղ մնացին։ Ես էլ մրսեցի, վախենալու աստիճան բարձր ջերմություն ունեի, անքուն էի։ Ամեն գիշեր գողերը շրջում էին, թալանում էին, անհնազանդներին սպանում էին»։
Սեպտեմբերի 6-ին շրջան գնացած Վահրամ Դադյանը ականատես է դառնում, որ ճամբարից դեպի հարավ` ճանապարհ ընկած ամեն 10 աքսորականի տեղում «հազար մարդ էր գալիս»։ Այդ ճամբարը, քաղաքում տիրող հացի ու հիգիենայի պակասը հիվանդությունների տարածման տեղիք էր տալիս և մեծ կորուստների պատճառ դառնում։
Դադյանը, տեսնելով այդ ամենը, հասկանում է, որ եթե, ինչքան հնարավոր է, շուտ չկարողանա հեռանալ ճամբարից, ապա բոլորի նման` ինքն էլ նույն ճակատագրին կարժանանա, այսինքն՝ կամ սովից կմահանա կամ համաճարակի զոհ կդառնա։ Սեպտեմբերի 9-ին կաթողիկոս Սահակ Խաբայանը Քաթմայի ճամբարն էր գնում, սակայն, ինչպես ինքն էր խոստովանում, աքսորականների պայմանները բարելավելու համար Հալեպի պաշտոնյաներին ուղղված բոլոր դիմումներն ապարդյուն էին։
Մեր շրջապատում բոլորը մահանում էին
Պրոֆեսոր Սվազլյանին տեղի ունեցածները հաղորդած` 1903 թ․ Աֆիոն-Կարահիսարում ծնված Արփինե Փարթիգյանն էլ է համաճարակին ականատես լինում․ «Քայլելով հասանք Քաթմա։ Արդեն աշուն էր ու ցուրտ։ Ժողովուրդն ուզում էր արագ տեղ հասնել, վրան կառուցել ու մտնել մեջը, քանի որ սկսվել էին նաև անձրևները։ Այնտեղ եղբորս կանչեցի, նրան ասացի․ «Ինձ մոտ արի՛»։ Այդ եռուզեռի մեջ նրա` ինձ մոտենալը չնկատեցի։ Դա վերջին անգամն էր, որ տեսա եղբորս։ Կորա՞վ, թե՞ փախցրեցին՝ չգիտեմ։ Սոված էինք. ուտելու ոչինչ չկար։ Խոտ կամ էլ ձիերի կեղտի մեջ եղած ցորենն էինք ուտում։ Ի վերջո հիվանդացանք, ստամոքսներս ցավում էր, փորլուծություն ունեցանք։ Երևի այդ հիվանդությունը տիֆ էր կամ դիզենտերիա։ Արյուն ու մեզ էինք փսխում։ Մեր ձեռքի տակ եղած դեղերը բաժանել էինք, այդ պատճառով մեզ մոտ դեղ չէր մնացել։ Մեր շրջապատում բոլորը մահանում էին»։
Նոյեմբերի 8-ին Հալեպում Գերմանիայի հյուպատոս Վոլտեր Ռյոսլերը Գերմանիայի կանցլեր Բեթման Հոլվեգին տեղեկացնում է․ «Քաթմայի համակենտրոնացման ճամբարում աննկարագրելի վիճակ է տիրում»։ Այն պատճառով, որ շրջանում գտնվող աքսորականների թիվը 200 հազարի էր հասնել, հայերը մի քանի օրվա մեջ մեկ ժամ հեռավորության վրա գտնվող Ազեզ էին ուղարկվում։
1915 թ․ նոյեմբերի վերջին մարդկանց այդ բազմության մեջ գտնվող Երվանդ Օտյանը աքսորականների մեջ եղած խոսակցություններին էլ է վկա լինում։
Ամեն գնով Հալեպից այն կողմ չանցնելու զգուշացումների կողքին, «Հայերի Օսվենցիմ» համարվող Դեր Զորի հետ մեկտեղ «Ցանկացած գնով հեռու մնալ էր» անհրաժեշտ նաև Քաթմայի ու Ռաժոյի ճամբարներից։
1915 թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից սկսած ստրատեգիական նշանակություն ունեցող Ադանա-Հալեպ ճանապարհը բացելու և մաքրելու համար Ըսլահիյե, Քաթմա և Ազեզ ճամբարներում գտնված աքսորականներն ուղարկվում էին Ռեյս-ուլ-այն։ Այդ աքսորականների մեջ էր նաև 1903 թ․ Զեյթունում ծնված Հովսեփ Բըշտիկյանը։ Սվազըլյանին տեղի ունեցածները հաղորդած Բըշտիկյանը այդ օրերը հետևյալ կերպ է ներկայացնում․ «Եկանք Քաթմա։ Տեսանք, որ աքսորը բոլոր կողմերից է սկսվել։ Ադանայից, Դերսիմից, Թուրքիայի բոլոր կողմերից հայերին մեքենաներով բերում էին ու տանում մինչև Քաթմա ու Հալեպ․․․ Քաթմայում մնացինք երեք-չորս ամիս, հիվանդություն, աղտոտվածություն, մեր հագին` ցնցոտիներ, մենք` վրանների տակ․․․Ժողովուրդը սոված էր, ծարավ ու անտեր, տիֆն ու խոլերան շրջում էին ամենուր․․․ Ժողովրդի կեսից ավելին հիվանդության պատճառով մահացավ, մնացածին էլ սպանեցին․․․ Մինչև այնտեղ կհասնեինք, անձրև սկսվեց։ Արդեն իսկ աշնան վերջին ամիսներն էին։ Ժովորդի մի մասին մեզ հետ միասին գնացքներ նստեցրեցին, Ռեյս-ուլ-այն ուղարկեցին, մնացած մասին էլ ՝ Դեր Զոր»։
Ըստ Ռայմոնդ Գևորգյանի, Ռաժոյում ու Քաթմայում 1915 թ․ աշնանից մինչև 1916 թ․ գարուն մահացածների թիվը մոտ 60․000 էր։ Քաթմայում տեղի ունեցածները Վերժինե Սվազլյանի կողմից ժողովված հետևյալ թուրքերեն ողբում են արտացոլված․
«Նստեցինք սայլ, իջանք Քաթմա, այնտեղ սկսվեց երեխաների առևանգումը։ Թուրքերը սկսեցին վերցնել-փախցնելը։ Հանուն կրոնի մեռնող հայեր»։
http://bianet.org/biamag/diger/193708-ermeni-soykirimi-surecinde-afrin
Թարգմանեց Անի Մելքոնյանը