ԱՀՀ Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի զեկույցը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավության անցած ճանապարհի եւ նոր հեռանկարների մասին

Ներկա գործընկերներից, ընկերներից ու համակիրներից շատերն են ականատես այն դժվարին ճանապարհի, որ անցել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ստեղծման օրից՝ 4 փետրվար 2011-ից մինչեւ այսօր, այս հինգ տարիների ընթացքում: Ավելին՝ նրանցից շատերը դրա մասնակիցներն են: Եւ լավ օրեր ենք ապրել միասին եւ վատ, եւ իսկապես շատ վատ, բայց դյուրին իրավիճակներ չենք տեսել ու չենք ապրել:

ԱՀՀ Կառավարությունը մշտապես կրել է այն ծանր պատասխանատվությունն ու պարտավորեցնող դիրքը, ինչի կոչված է եղել ի սկզբանե: Մշտապես ներկա է եղել ու եղել առաջին դիրքերում՝ այնտեղ, որտեղ նախաձեռնությունների կարիքն է զգացվել, օր ու գիշեր տքնել է այնտեղ, որտեղ դրա պահանջն է զգացվել, պաշտպանել է այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունն է եղել:

Սակայն դա մի ամբողջական ռազմավարություն է եղել:

Հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության գործընթացում, Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության խնդիրներում առաջին կարեւորության հարցը իրավունքների պաշտպանության իրավական, քաղաքական եւ բովանդակային փաթեթի ձեւաորումն ու ամբողջացումն է, որի սկիզբը դրվել է 2004 թ. Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կողմից, իսկ շարունակությունը լրացվել ու ամբողջացվել Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի, ԱՀՀ Նախագահի համակարգի, ԱՀՀ Կառավարության ԱՀՀ Խորհրդարանի սերտ ու կառուցողական համագործակցության միջոցով:

Այն ինչ ստեղծվել ու ձեւավորվել, այն ինչ մենք այսօր կոչում ենք՝ «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթ», իրականում հիմքն է ԱՀՀ ռազմավարության եւ բնականաբար հիմքն է ԱՀՀ Սահմանադրության: Հիմքն է ԱՀՀ Մայր օրենքի, որպես Հռչակագիր ու Հռչակագրեր եւ հիմքն է ԱՀՀ Գլխավոր օրենքի, որպես Սահմանադրություն:

Հաջորդ խնդիրը ԱՀՀ պետական կառույցների ձեւավորումն է, որը հակառակ ամեն տեսակ դժվարությունների ու ընդդիմադրության՝ հաջողությամբ շարունակվում է

ԱՀՀ Բյուջեյի մասին: ԱՀՀ Բյուջեյի մեծ ծրագիրը մշակված է եւ ներկայացված ԱՀՀ Խորհրդարան եւ ԱՀՀ Նախագահին: Դրանից բացի ԱՀՀ տարեկան բյուջեյի հոդվածները քննարկվել են նաեւ ըստ նախարարությունների: Բյուջեյից բացի մենք մեկ այլ կարեւոր խնդիր եւս ունենք:

Ասում եմ մենք՝ նկատի ունենալով ԱՀՀ ամբողջ համակարգը: Եւ դրա մեջ, այսօր արդեն, ԱՀՀ Կառավարության խնդիրն է, ռազմավարական խնդիրը, ԱՀՀ ռազմավարության հիմքների հիման վրա՝ բովանդակային, ծավալուն ու խորը համագործակցություն հաստատելը Հայկական Հարցի լուծմանը համախոհ ու դաշնակից պետությունների կառավարությունների հետ: Սա է մեր գլխավոր խնդիրը առաջիկա տարվա, նույնիսկ առաջիկա տարիների համար, նկատի ունենալով զարգացումների այն բուռն թափն ու արագությունը, որ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, Մերձավոր Արեւելքում, Արեւմտյան Հայաստանում: Նկատի ունենալով եւ խնդիրները եւ մարտահրավերները, որոնք վերաբերում են ՀՀ-ին, Արցախին, Մերձավոր Արեւելքում եւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայությանը:

Երբ ձեռնարկում էինք այս զեկույցի շարադրմանը, մի պահ մտածեցինք, թե այդ ի՞նչ կարեւոր գործեր են իրականացվել 2016-ի ընթացքում ֆինանսական այս սուղ պայմաններում, որ հիմա դրա մասին հիշենք ու ներկայացնենք: Սակայն ընթացքում պարզվեց, որ տարին բավական բովանդակային ու հագեցած է եղել հասարակական – քաղաքական նշանակության հանդիպումներով ու բանակցություններով, հրատարակություններով, համաժողովներով ու դրանց մասնակցությամբ, քարոզչական լայնածավալ աշխատանքներով: Դրանք այնքան շատ են, որ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ մեր գործընկերներից շատերը դրանց մասին առանձին-առանձին կխոսեն, ես կանգ առնեմ մի քանիսի վրա:

2016-ին հրատարակվեց Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ժողովածուի անգլերեն օրինակը: Ավարտվեց ժողովածուի ֆրանսերեն եւ թուրքերեն օրինակների թարգմանությունը եւ դրանք ուղարկվեցին լրացուցիչ սրբագրության: Ծրագրում է ժողովածուի արաբերեն եւ իսպաներեն լեզուներով թարգմանությունը:

Միջոցառումներ իրականացվեցին Սոչիում եւ Ռուսաստանի Դաշնության այլ համայնքներում, որոնք հնարավորություն տվեցին կրկին հանդիպել հայ համայնքի մեր հայրենակիցներին՝ ամրապնդելու հին կապերը, ստեղծելու նորերը եւ մեր խոսքը հասցնելու մեր հայրենակիցներին:

Մասնակցեցինք Երեւանում կայացած լրագրողների 8-րդ համաժողովին եւ կարեւոր ուղերձ փոխանցեցինք այնտեղ, նշելով որ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությանը ժամանակն է ավելացնելու 4-րդ բաղադրիչը՝ Մերձավոր Արեւելքի եւ Արեւմտյան Հայաստանի հայերի գործոնը:

Արտաքին գործերի նախարար Գառնիկ Սարգիսեանի աշխատանքային այցելությունների շրջանակներում կարեւոր հանդիպումներ ու բանակցություններ իրականացրինք Մերձավոր Արեւելքի երկրների հասարակական, քաղաքական, հոգեւոր ու պետական շրջանակներում:

Նախագահի եւ հատուկ հանձնարարություններով նախարարի հետ միասին այցելեցինք Արցախ, որտեղ շատ կարեւոր հանդիպումներ ունեցանք Արցախի պետական բարձրաստիճան պաշտոնյաների ու ղեկավարների հետ:

Բնականաբար այս ամենի արդյունքում մեծանում է եւ հարաբերությունների ու աշխատանքի ծավալը, եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության հնարավորությունները:

Ուստի, այստեղ ամենեւին ավելորդ չէ կրկնել, որ հայ ժողովրդի խնդիրների լուծումը հնարավոր է Հայկական Հարցի լուծման դեպքում միայն, այդ թվում եւ առաջին հերթին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) հաստատումով Արեւմտյան Հայաստանի տարածքի վրա:

Միշտ ենք նշել, որ հաղթանակը մերն է լինելու, համոզված ենք, այդպես է լինելու է:

Ամենայն բարիք ու մեծ հաջողություններ Ձեզ հարգելի գործընկերներ, պատգամավորներ.

Շնորհակալություն, ուշադրության համար:

 

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

 

17.12.2016 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

seventeen + one =