Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Խաղողօրհնեք

Հայ առաքելական եկեղեցին այս տարի օգոստոսի 13-ին տոնում է Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը։ Այն տարվա հինգ տաղավար տոներից չորրորդն է՝ Աստվածածնին նվիրված ամենահին տոնը։ Տոնը շարժական է, նշվում է օգոստոսի 15-ին մոտ կիրակի օրը և ինչպես մյուս տաղավար  տոներն, ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։

Տոնի հոգևոր և ժողովրդական ավանդույթների մասին «Արմենպրես Podcast»-ի տաղավարում զրուցել ենք Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանի հետ։  Զրույցն ամբողջությամբ լսեք Podcast-ում։

Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում: Ապա Սուրբ Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը:

Ս. Հովհաննեսը Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն և այնտեղ կատարում Պատարագի սուրբ խորհուրդը: Մինչ նա մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ է լսվում, և Ս. Հովհաննեսին սկսում են ձայնակցել առաքյալները։  Հովհաննես Ավետարանիչը վերցնում է կիպարիսի մի փայտ և դրա վրա կերպաձևում   Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ապա առաքյալները խնդրում են Տիրամորը, որպեսզի նա փայտեղեն այդ անոթն իր աստվածատիպ դեմքի վրա դնի, օրհնի և իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը, որպեսզի նա այդ պատկերի միջոցով աշխարհին բարիքներ պարգևի: Ամենօրհնյալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, օրհնում է՝ խաչակնքելով և իր դեմքին դնելով:

Երբ Ս. Կույսը ննջում է, նրա  մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում: Առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգությամբ ու օրհնությամբ առաջնորդվում դեպի Գեթսեմանի:
Օրհնյալ մարմինը դնում են գերեզման և, ինչպես հարկն է, պահպանում երեք օր:  Երեք օր հետո՝ առավոտյան  Հիսուս լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:

Առաքյալներից մեկը՝ Ս. Բարդուղիմեոսը, Աստվածամոր ննջման և թաղման օրերին Երուսաղեմում չէր: Իսկ երբ նա գալիս ու իմանում է կատարվածը, խիստ վշտանում է, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո աղաչում է Ս. Պետրոսին և մյուսներին իրեն ցույց տալ Աստվածածնի մարմինը: Առաքյալներն  աղոթք են անում ու հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը՝ բացում են գերեզմանը և այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները: Առաքյալները գոհանում ու փառավորում են Աստծուն և կամենալով մխիթարել իրենց եղբորը՝ Ս. Բարդուղիմեոսին, նրան են տալիս Ս. Տիրամոր պատկերը: Այդժամ Ս. Թովմասը մի երգ է ձոնում Ս. Աստվածամորը, որը մինչև այսօր երգում են եկեղեցում. «Փառավորյալ և օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն», քանզի Ս. Աստվածամայրը միշտ կենդանի է Աստծու առջև:

Հայկական ավանդության համաձայն, Տիրամոր պատկերը տրվել է Բարդուղիմեոս առաքյալին, ով էլ այն բերել է Հայք։ Այնուհետև Անձևյաց գավառում կառուցել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, ապա կուսանոց և Հոգեաց վանքը, իսկ պատկերը դրվել է այնտեղ։ Դարերի ընթացքում սրբապատկերի հետքերը կորել են, բայց մնացել է տոնը և Աստվածածնի անունը կրող եկեղեցիներ ու վանքեր ուխտի գնալու սովորույթը։ Վերափոխման տոնի օրը՝ Ս. Պատարագից հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանում ժողովրդին:

Խաղողօրհնեք   Դրախտից արտաքսվելուց հետո քանի որ մարդը իշխան էր կարգված ամբողջ երկրի վրա, ուստի նրա անիծվելով՝ անիծվում է նաև նրա ամբողջ իշխանությունը, այսինքն՝ ամբողջ երկիրը՝ իր բոլոր կենդանիներով ու բույսերով հանդերձ: Իսկ երբ Միածին Որդու գալստյամբ կրկին օրհնվում է մարդկային բնությունը, բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը։ Հայ առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս օրերին է  հասունանում խաղողը։

Վերափոխման տոնին՝  Ս. Պատարագի ավարտին, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):  Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը, այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի:   Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, իր փրկական Արյան նյութը դարձրեց և Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով հենց  կազատվենք մեղքերի ծառայությունից ու մահից:

Այդպիսով՝ խաղողը կրկնակի օրհնության արժանացավ՝ օրհնվելով և առաջին արարչության ժամանակ, և երկրորդ։ Այդ պատճառով էլ սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, պատարագից հետո, կատարվում է Խաղողօրհնեքի արարողությունը, որի ժամանակ սարկավագի քարոզով գոհանում ենք բարերար Աստծուց, մեզ առատապես պարգևած՝ հանդերի ու այգիների բերքի համար և խնդրում, որպեսզի նա օրհնի տաճարին ընծայված խաղողի  պտուղներն իր սկզբնական օրհնությամբ և շնորհի մեզ որպես գինի ուրախության և կերակուր առողջության՝ հոգու և մարմնի: Միաժամանակ դիմում ենք սուրբ Աստվածածնի բարեխոսությանը, ում միջոցով մեզ տրվեց կյանքի և անմահության Պտուղը՝ Հիսուս Քրիստոս:

Տաթև Զաքարյան

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Թողնել պատասխան

Your email address will not be published.

18 − 14 =