Դելիմիտացիայի այլընտրանքը դելիմիտացիան չունենալն է. չեն ստորագրում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Երբ ասում են՝ դելիմիտացիայի այլընտրանք, ուղղակի այդ պրոցեսին չգնալն է, որովհետեւ դու չափազանց թույլ վիճակում ես։ Դու հիմնավորելու հազար հնարավորություն ունես, դիվանագիտական հարաբերություններ չունես, երկկողմանի որեւէ հարաբերություն չունես, առանց դիվանագիտական հարաբերությունների ոչ մի տեղ դելիմիտացիան առաջ չի ընկնում։ Ի վերջո երբ մարդը շորեր է հագնում, սկզբում ներքնազգեստն է հագնում, հետո ինչ-որ բաներ, վերջում՝ պալտոն է հագնում. այսինքն՝ հակառակը չի լինում»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Լրագրողի այն դիտարկմանը, որ դելիմիտացիա չստորագրելն Ադրբեջանի հետ ֆիքսված սահման չունենալն է։ Եվ հարցին՝ արդյոք այդ պարագայում Ադրբեջանը չի՞ կարող ցանկացած ոտնձգություն իրականացնել Հայաստանի սահմանների նկատմամբ, երկրորդ նախագահը պատասխանեց.
«Վիճակը պարզունականացնելը տվյալ դեպքում ճիշտ չեմ համարում, որովհետեւ մենք չենք ասում՝ սահման չկա։ Դելիմիտացիային չգնալն այս պահին ոչ թե նրա համար է, որ ասենք՝ ընդհանրապես մենք սահման չունենք, այլ հետեւյալ հետեւանքներն է իր մեջ կրում. հաստատված դելիմիտացիան նշանակում է, որ դու ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը հնարավորություն է տալու Ադրբեջանին վերջապես ասել մեզ եւ Ռուսաստանին՝ դուք իմ տարածքային ամբողջականությունը ճանաչել եք, ասելու ենք՝ այո, եթե ճանաչել եք, ուրեմն Լաչինի միջանցքում դնում եմ մաքսակետ, ի՞նչ ես ասելու, ասելու ես՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված չէ, այո, կսպասեմ 3.5 տարի, երբ խաղաղապահ զորքերի մանդատի շարունակության հարց պետք է քննարկվի, հետո չոր բանակցությունների ժամանակ Ռուսաստանին կասեմ՝ այլեւս կարիք չկա, հարցը կարգավորված է, խնդիր չկա, խաղաղապահները կարող են գնալ, 1-2 ամիս բանակցություններից հետո մեկ քայլ հետ ես քաշվում եւ ասում ես՝ միայն մեկ պայմանով, այստեղ պետք է իմ պոստը լինի։
Դնելու են այդ պոստը, որը մի քանի ամիս հանգիստ կանգնելու է, դիտելու է, ինչպես Կապանում եղավ։ Հսկայական տարածքներ մենք այսօր չենք էլ վերահսկում, դելիմիտացիայի վտանգը այս սցենարը հնարավոր դարձնելն է։ Միշտ պետք է քեզ դնես հակառակորդի տեղը, պետք է հարց տաս՝ այս խնդիրը լուծելու համար դու ինչ կանես, միաժամանակ ասես՝ ինչ արգումենտ ունես դրա դեմ. չկա։ Այս իշխանությունը ուզում է դա անել, որ դրանից հետո ասի՝ ես ինչ կապ ունեմ, Ղարաբաղի հարցն այլեւս իմ հետ կապ չունի, եւ գցի ռուսների գրպանը։ Ինչ-որ չափով տեղեկացված եմ, որ հիմա այսպիսի հարցեր են լինում, ասում է՝ թող ռուսների հետ բանակցեն, մեզ ինչ»։
Երկրորդ նախագահի խոսքով՝ այն ժամանակ Ղարաբաղն ուժեղ էր, եւ Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն էր. «Այն ժամանակ Ղարաբաղի տեղը խոսելը մի հարց է, այսօր Ղարաբաղի համար չխոսելը՝ լրիվ ուրիշ բան է։ Ուղղակի հնարավոր չէ, այսպես մանիպուլյացնել հասարակությանը։ Այն ժամանակ ավելի շատ պետք էր Ղարաբաղի ձայնը լսել, այսօր ավելի շատ պետք է Հայաստանի ձայնը լսել»։