Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահի տեղակալ, ԵՊՀ պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանի հանկարծակի մահվան կապակցությամբ

2021 թվականի նոյեմբերի 25-ին, 60 տարեկան հասակում, հանկարծամահ է եղել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահի տեղակալ,  Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ոսկե մեդալի ասպետ, հայտնի լրագրող, մեր շատ սիրելի ընկեր և համախոհ Մուշեղ Հովսեփյանը:

Մուշեղ Հովսեփյանը այն լուսավոր, վեհ ու առինքնող կերպարն էր, որ իր ապրած 60 տարիներին դարձավ հայրենասիրության, մարդասիրության, ընկերասիրության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի վառ օրինակ:

Մուշեղ Հովսեփյանը հայ մտավորականություն այն սերունդի ներկայացուցիչներից էր, որ ապրում էր Հայրենիքի, այդ թվում՝ Սասուն աշխարհի, կարոտը սրտում, բայց միաժամանակ մշտապես վառ պահում հույսն ու հավատը այն բանի նկատմամբ, որ գալու է նաեւ արդարության հաստատման ու ազատագրության օրն ու ժամը։

Եվ որպես հայկական օջախի պահապան հայր, բարձրագույն կրթության եւ գիտության կազմակերպիչ ու դասախոս, փոխանցեց այդ վսեմ զգացմունքները իր զավակներին եւ ուսանողներին, ովքեր այսօր շարունակում են ապրել հայեցի կյանքով։ Դա նրա հոգու թելադրանքն էր։ Այդ զգացմունքներից է սկիզբ առնում իսկական Հայը եւ Քաղաքացին։

Մենք մշտապես բարձր ենք գնահատել Մուշեղ Հովսեփյանի հայրենանվեր գործունեությունը հայ ավանդական կրթության, ազգային ժուռնալիստիկայի  եւ բանասիրական գիտության զարգացման ու պահպանման գործում, ինչպես նաեւ իր պատասխանատու դերը որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահի տեղակալ, Խորհրդարանի Կրթության եւ գիտության հարցերի, եւ Լրատվության հարցերի մշտական հանձնաժողովների անդամ:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավորների, Կառավարության անդամների եւ  Արեւմտյան Հայաստանի Հանրապետության բոլոր պետական կառույցների անունից հայտնում ենք մեր խորին ցավակցությունները անդառնալի ու ծանր կորստի համար եւ այս դժվարին պահին՝ նաեւ զորակցությունը Մուշեղ Հովսեփյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին։

Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

25.11.2021 թ․

 

***

Հարգելի ընկերներ,

Պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանի հոգեհանգիստը կկայանա նոյեմբերի 27-ին, ժ. 17:00-ից «Պարտեզ» սգո սրահում (Հասցե՝ ք.Երևան, Դավիթ Բեկ փող., շենք 106):

Հուղարկավորությունը՝ նոյեմբերի 28-ին, ժ. 13:00-ին նույն վայրից՝ Նորագավիթի գերեզմանատուն:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

ten − 5 =