Արաբական աշխարհին սպառնացող օտարերկրյա նոր զավթիչները ոչ թե պարսիկները կամ ռուսներն են, այլ` թուրքերը. MEM

Արաբական աշխարհին սպառնացող նոր օտարերկրյա զավթիչները ոչ թե պարսիկներ կամ ռուսներ են, այլ` թուրքեր, գրում է Դեյվիդ Հյորսթն իր` MEM-ում հրապարակված հոդվածում:

«Արեւելյան Միջերկրական ծովի ամբողջ ափամերձ գիծը` Լիբանանից մինչեւ Եգիպտոս, իբր ապստամբել է իր հյուսիսային հարեւանի դեմ` պահանջելով վերականգնել օսմանյան տիրապետությունը: Արշավը ղեկավարել է ԱՄԷ արտաքին գործերի նախարար Անվար Գարգաշը: Ելույթ ունենալով Արաբական պետությունների լիգայում` Գարգաշն ասել է. «Թուրքիայի միջամտությունը արաբական երկրների ներքին գործերին տարածաշրջանին բացասական միջամտության վառ օրինակ է»:

Գարգաշը մեղադրել է Թուրքիային Միջերկրական ծովի ջրերում ծովային նավարկության անվտանգությանը սպառնալիքի մեջ, ինչը համապատասխան միջազգային օրենքների ու կանոնադրությունների, ինչպես նաեւ պետությունների ինքնիշխանության ակնհայտ խախտում է: Գարգաշից հետո ելույթ է ունեցել Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին, ով ասել է, որ արաբական երկրների գործերին Թուրքիայի միջամտությունը լրջագույն սպառնալիք է ազգային անվտանգության համար: «Եգիպտոսը մի կողմ չի կանգնի թուրքական հավակնությունների առջեւ, որոնք դրսեւորվում են Հյուսիսային Իրաքում, Սիրիայում եւ Լիբիայում»,- ասել է նա: Նիստն անցկացվել է պաղեստինյան պատվիրակության նախագահությամբ, որը նախապատրաստել էր ԱՄԷ-Իսրայել համաձայնագիրը դատապարտող հայտարարության նախագիծը:

Նրանց դիմումը մերժվել էր խորհրդի կողմից, որը որոշել էր մշտական ​​ենթահանձնաժողով ստեղծել` թուրքական ագրեսիան վերահսկելու եւ իրենց առջեւ ամեն հաջորդ նիստին զեկուցելու համար:

Անցած շաբաթ Թուրքիային ուղղված հայտարարությունների տարափն աննկատ չմնաց Անկարայում: Թուրքիայի կառավարության բարձրաստիճան աղբյուրը դա նույնպես վերագրեց քրիստոնեական սիոնիստական ​​ավետարանական դաշինքին ԱՄՆ-ում:

«ԱՄԷ-ն ձգտում է Թուրքիայի մեկուսացմանն օպերատիվ մակարդակում»,- ասել է աղբյուրը, որը նախըտրել է չհրապարակել իր անունը: «Սակայն այս ռազմավարության իրական կողմնակիցներն Իսրայելն ու իսրայելամետ լոբբիին մոտ կանգնած որոշ ամերիկացի քաղաքական գործիչներն են: Դրանք Թուրքիայի դեմ դաշինք ստեղծելու ցանկացած ջանքերի մի մասն էին: Դրանք սատարում են ԱՄԷ-ին` սիոնիստական ​​եւ ավետարանական դաշինքի շահերից, հատկապես` նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ»:

Զավեշտալին այն է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման դեմ Արաբական պետությունների լիգայի մեկ այլ ենթահանձնաժողով դեռ գոյություն ունի` 2002-ին Սաուդյան Արաբիայի ստեղծած Արաբական խաղաղության նախաձեռնության կողմից սահմանված «Հող` խաղաղության դիմաց» սկզբունքի պահպանման համար: Այդ կոմիտեն անտեսվել է: Արաբական լիգայի թշնամին ոչ թե Իսրայելն է, այլ Թուրքիան:

«Զորդան Թայմզ»-ը` թագավորության պաշտոնական ձայնը, հոդված է հրապարակել, որում նշվում էր. «Թուրքական զորքերը եւ Անկարայի կողմից աջակցվող աշխարհազորայինները գործում են արաբական երեք երկրներում` Լիբիայում, Սիրիայում եւ Իրաքում: Դա այն աշխարհաքաղաքական իրողությունն է, որը արաբական աշխարհը, ինչպես նաեւ միջազգային հանրությունը պետք է ընդունեն եւ արձագանքեն: Փաստացի, Թուրքիայի տարածքային, քաղաքական եւ տնտեսական հավակնություններն այս երկրներում եւ դրանից դուրս գովազդվում են Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարների, այդ թվում` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: Թուրքիան այժմ ռազմակայաններ ունի Քաթարում, Լիբիայում, Սոմալիում, Հյուսիսային Կիպրոսում, Սիրիայում եւ Իրաքում, եւ ոչ բոլորը` օրինական կառավարությունների համաձայնությամբ»:

Կան նաև այլ օտարերկրյա խաղացողներ, որոնք փորձում են Թուրքիային նոր հանցագործ հայտարարել Արեւելյան Միջերկրական ծովում: Լիբանանի ավերված մայրաքաղաք կատարած երկու ուղեւորություններից առաջինի ընթացքում Մակրոնն ասել էր. «Եթե Ֆրանսիան չխաղա իր դերը, իրանցիները, թուրքերը եւ սաուդցիները կխառնվեն Լիբանանի ներքին գործերին»:

Մակրոնը ժամանել էր Բաղդադ, որտեղ հանդես էր եկել «ինքնիշխանության իր նախաձեռնությամբ»` հստակ հղում Թուրքիային, ինչպպես նշել է իրաքցի պաշտոնյան: Հունիսին Անկարան անդրսահմանային օդային եւ ցամաքային գրոհ էր իրականացրել Իրաքի հյուսիսում գտնվող քուրդ ապստամբների վրա` առաջացնելով Բաղդադի զայրույթը, որը դա Իրաքի տարածքի խախտում էր անվանել:

Մինչդեռ ֆրանսիական ռազմանավերը համատեղ վարժանքներ են անցկացնում հույների հետ` Կիպրոսի ափերի մոտ նավթի հորատման շուրջ վեճի ֆոնին:
«Թուրքիան այլեւս գործընկեր չէ այս տարածաշրջանում»,- ասել է Մակրոնը լրագրողներին այս շաբաթ Կորսիկայում գագաթնաժողովին ընդառաջ` նշելով, որ եվրոպացիները պետք է «հստակ եւ հաստատուն» լինեն Էրդողանի կառավարության հետ նրա «անընդունելի պահվածքի» հարցում:
Մակրոնը պնդում է, որ իր վեճը ոչ թե թուրքերի, այլ Էրդողանի հետ է:

Այս մարտավարությունը փորձարկվել էր ավելի վաղ եւ ձախողվել էր: Խնդիրն այն է, որ Լիբիայում ԱՄԷ-ի աջակցած ուժերին դիմակայելու կամ Երուսաղեմում Պաղեստինի իրավունքները պաշտպանելու հարցում կամ Իրաքում քրդերին ռմբակոծելով` Էրդողանը վայելում է թուրքական բանակի եւ թուրքական հիմնական կուսակցությունների լիակատար աջակցությունը:

Այս աջակցությունը աչ հարթ, ոչ էլ մշտական չէ: Երկրի ներսում կասկածներ էին հայտնում Լիբիա եւ Սիրիա թուրքական զորքեր մտցնելու նպատակահարմարության կապակցությամբ, սակայն դրանք հանդարտվեցին, երբ թուրքական բանակն ու անօդաչու թռչող սարքերը արդարացրեցին իրենց:

Ինչու՞ են այժմ դիմադրում Թուրքիային

Չնայած նախագահի դերի վերաբերյալ բոլոր ներքին վերապահումներին, Էրդողանը ստեղծել է Թուրքիան` որպես անկախ երկիր, որի զինված ուժերն ի վիճակի են հակադրվել ռուսական ուժերին Սիրիայում եւ Լիբիայում, սակայն որը պահպանում է իր տեղը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների սեղանի շուրջ:

Թուրքիայի տնտեսությունը հավասար է Սաուդյան Արաբիայի տնտեսությանը, իսկ դրա ռազմական ուժերն ինքնաբավ են: Թուրքիան բարձր տեխնոլոգիական անօդաչու թռչող սարքերի արտադրություն սկսեց, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ն հրաժարվեցին մատակարարել դրանք:

Թուրքական ընկերությունները Սեւ ծովում գազի հանքեր մշակելու եւ դրանք ներքին շուկա մատակարարելու տեխնոլոգիաներ ունեն` ի տարբերություն Եգիպտոսի, որի կախվածությունը բրիտանական, իտալական եւ ամերիկյան ընկերություններից նշանակում է, որ այն ստանում է իր գազի հանքավայրերից ստացված շահույթի միայն մի մասը:

Այս ամենը պետք է ստիպի արեւմտյան քաղաքական գործիչներին դադար առնել` նախքան նոր թշնամի ստեղծելը եւ տարածաշրջանում նոր հակամարտություն սանձազերծելը: Հասկանալի է, թե որտեղից է գալիս այս օրակարգը. այն գալիս է Իսրայելից եւ Պարսից ծոցի երկրներից, որոնք Կիպրոսում բիզնես կամ շահեր չունեն:

Իսրայելն իր հիմնական նպատակին` իր ապօրինի գրաված տարածքի վրա սահմանների հաստատմանը, դիմակայություն չի ​​հանդուրժում: 2020 թվականի իր հետախուզական գնահատման մեջ Իսրայելի ռազմական հետախուզության ստորաբաժանումը Թուրքիային ընդգրկել է երկրի ազգային անվտանգությանը սպառնացող կազմակերպությունների եւ երկրների ցուցակում: Սակայն գնահատականները բացառում են երկու երկրների միջեւ ռազմական առճակատման սկիզբը: Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի տոտալիտար ռեժիմները նման կասկածներ չունեն: Նրանք վախենում են Թուրքիայի` որպես սուննի մահմեդականների առաջնորդի ձգողականությունից: Ճակատամարտը սուննի արաբական աշխարհի առաջնորդության համար է:

Ֆրանսիային համարձակություն եւ տոկունություն է պակասում` Մերձավոր Արեւելքում հերթական հակամարտությունը սկսելու համար: Մակրոնի Ֆրանսիան եւս բաժանված է` ինչպես արեւմտյան ցանկացած այլ պետություն: Այնտեղ եւս կորոնավիրուս եւ աջական թեւի անդադար վերելք կա: Մակրոնը պետք է դաս քաղի Թոնի Բլերի, Զորջ Բուշի, Դեյվիդ Քեմերոնի եւ Նիկոլա Սարկոզիի կոլեկտիվ փորձից եւ հեռու մնա օտարերկրյա այս արկածախնդրությունից: Եթե ​​նա համառ լինի, դա կարող է այդքան էլ լավ չավարտվել իր համար»

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

two × 2 =