Ռուսաստանը պնդելու է, որ սիրիական կառավարական բանակը հնարավորինս արագ գրավի երկրի ամբողջ տարածքը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք պնդելու ենք, որ սիրիական բանակը հնարավորինս արագ գրավի իր պետության ամբողջ տարածքը: Միայն դա կօգնի վերջ տալ ահաբեկչությանը և կօգնի լուծել վերջնական քաղաքական կարգավորմանը վերաբերող բոլոր հարցերը», – ասել է ռուս նախարարը Երևանում՝ ամփոփելով ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները։
***
Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Լավրովը ծաղկեպսակ է դրել, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ապա ջրել Հիշողության պուրակում 12 տարի առաջ իր տնկած եղևնին: