Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ, պատասխան տա եւ ներողություն խնդրի։ Այս մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում նոյեմբերի 5-ին հայտարարեց Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը՝ անդրադառնալով հայերի եւ պոնտացի հրեաների ցեղասպանությանը։
«Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը եւ Պոնտացի հրեաների ցեղասպանությունը։ Ուրախ ենք, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի խորհրդարանին՝ Պոնտացի հույների ցեղասպանությունը ճանաչելու համար»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ 1996թ․ Հունաստանի խորհրդարանը եւս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ ապրիլի 24-ը հայտարարելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, իսկ 2014թ․ քրեականացրել է Հայոց ցեղասպանության հերքումը։
Պրոկոպիոս Պավլոպուլոսը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել. «Պեկինում մեր հանդիպման ժամանակ ես Ձեզ խոստացա, որ մեկ տարվա ընթացքում կայցելեմ Հայաստանի Հանրապետություն և շատ ուրախ եմ, որ կարողացա կատարել իմ այդ խոստումը: Երկրորդը, որ ուզում եմ նշել՝ ուրախ եմ, որ Հայաստանը մասնակցում է հնագույն քաղաքակրթությունների ֆորումին, քանի որ այդ ձևաչափը շատ կարևոր է: Հույս ունեմ, որ այդ ձևաչափի շրջանակում Հայաստանն իր դերակատարությունը և նպաստը կբերի քաղաքակրթությունների ամրապնդման շրջանակում համագործակցությանը:
Մենք հատկապես ողջունում ենք Հայաստանի և հայ ժողովրդի կողմից գործադրված ջանքերը, որոնք ուղղված են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Դա շատ կարևոր քայլ է, և մենք մեր կողմից մեր աջակցությունն ենք ցուցաբերում այդ հարցին: Մյուս կողմից, շատ ուրախ եմ, որ այդ պայքարի շրջանակում Հայաստանն իր հերթին ճանաչել է հույների և ասորիների ցեղասպանությունը: Միևնույն ժամանակ, ողջունում ենք և ուրախանում, որ վերջերս Ամերիկայի Միացյալ Նախանգների Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա շատ կարևոր է: Մենք դա չենք անում վրեժխնդրության համար, մենք դա անում ենք, որպեսզի այլևս երբևէ չկրկնվեն նմանատիպ հանցագործություններ և ոճրագործություններ:
Շատ ուրախ եմ և ողջունում եմ այն եռակողմ համագործակցությունը, որը կա Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև: Հանդիպումներ պետք է տեղի ունենան Արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև երկրների ղեկավարների մակարդակով: Վստահ եմ, որ եռակողմ ձևաչափով համագործակցությունը ոչ միայն օգուտներ կարող է բերել և արդյունավետ կարող է լինել յուրաքանչյուր երկրի համար, այլև ընդհանրապես Հայաստանի՝ Եվրոպական միության հետ համագործակցության համար»:
Հունաստանի նախագահն անդրադարձավ նաեւ երկու ժողովուրդների սփյուռքերի համագործակցությանը։ «Մենք հսկայական տարածքներ եւ մեծ թվով բնակչություն չունենք, սակայն սփյուռքի շնորհիվ մենք սահմաններ չունենք։ Սփյուռքում մարդիկ չեն մոռանում հայրենիքը, եւ դա նրանց ամենագլխավոր ձեռքբերումն է»,- նկատեց Պավլոպուլոսը՝ հավելելով, որ ինքն ակտիվորեն շփվում է Հունաստանի հայ համայնքի հետ։
Նախագահի խոսքերով, իր այցը Հայաստանի եւ Հունաստանի հարաբերություններում նոր հեռանկարներ է բացում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։
Նշենք, որ Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։