Կանադայի Յարմուտ քաղաքում կհայտնվի Օսմանյան Թուրքիայում Ցեղասպանության ժամանակ հազարավոր հայ եւ հույն որբերի փրկած բուժքույր Սառա Քորնինգի բրոնզաձույլ արձանը:
Արձանը, որի հեղինակը Մոնռեալից հայ Կարեն Բեդրոսյանն է, կբացվի սեպտեմբերին Սառա Քորնինգի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում, հայտնում է Armenian Weekly-ն:
1918 թվականին Սառա Քորնինգը միացել էր Մերձավոր Արեւելքին Օգնության կոմիտեի ջանքերին: Նա օգնել է հազարավոր հույն, հայ եւ ասորի որբերի փրկությանն ու խնամքին:
2016 թվականին Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում հիմնադրվել է «Sara Corning Society» միությունը՝ նվիրված Սառայի հերոսական սխրանքի հիշատակին:
Միության հիմնադիրներ Դեյվիդ եւ Ջենիֆեր Չոունների խոսքով՝ քանդակագործի աշխատանքն արտացոլում է հայկական արմատները, եւ «Սառան խորապես կզգացվեր այն փաստից, որ այդ երկրից որեւէ մեկը եւ մարդիկ, որոնց նա այնքան լավ ծանոթ էր, 100 տարի անց իր պատվին քանդակ են ստեղծել»: