ՄԱԿը Հարցապնդում Է Յղել Թուրքիային՝ 1915-1923ին Տեղահանուած Հայերի Մասին

Առաջնորդուելով համազգային շահերով, մեր պատկան կազմակերպութիւնների եւ հաստատութիւնների անունից մենք ողջունում ենք Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան (ՄԱԿ) Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խմբի, ՄԱԿի Կարծիքի եւ արտայայտութեան ազատութեան աջակցութեան եւ պաշտպանութեան հարցերով յատուկ զեկուցողի եւ ՄԱԿի Ճշմարտութեան, արդարադատութեան, փոխհատուցման խրախուսման եւ չկրկնուելու երաշխիքների հարցերով յատուկ զեկուցողի համատեղ գործողութիւնը՝ Թուրքիայի Հանրապետութեան կառավարութեանը համատեղ հարցապնդում յղելը (https://spcommreports.ohchr.org/TMResultsBase/DownLoad PublicCommunicationFile?gId=24294):

Այս համատեղ հարցապնդումը կարեւոր քայլ է Թուրքիային պահանջ ներկայացնելու գործընթացում, որ վերջինս հաշտուի սեփական անցեալի հետ եւ, նախ եւ առաջ, կատարի ճշմարտութեան հաստատման, զոհերի արդարութեան եւ վնասի փոխհատուցման իրաւունքն ապահովելու համար քննութիւն իրականացնելու իր պարտաւորութիւնը:

Ընդգծւում է, որ խախտումների վերաբերեալ նշուած փաստաթղթում շարադրուած պնդումները վերագրւում են Թուրքիային՝ հայկական փոքրամասնութեան վրայ 1915-1923թթ. ներազդած ողբերգական իրադարձութիւնների եւ այդ բնակչութեան նկատմամբ առաջացած հետեւանքների առումով:

Հարցապնդումը մտահոգութիւն է յայտնում թուրքական պետութեան ժխտողական դիրքորոշման, որոշ արտայայտութիւնների վերաբերեալ կարծիք ունենալու եւ արտայայտելու ազատութիւնը սահմանափակող օրէնսդրութեան, ինչպէս նաեւ զանգուածային տառապանքների, դաժան վերաբերմունքի ու մարդկանց մահուան յանգեցրած 1915-1923թթ. հայերի բռնի տեղահանութեան առնչութեամբ ճշմարտութեան հաստատման եւ արդարադատութեան ապահովման հարցում առաջընթացի բացակայութեան կապակցութեամբ:

Այն նաեւ ընդգծում է, որ այս իրավիճակն ազդում է զոհերի եւ նրանց սերունդների արժանապատուութեան վրայ:

Դիմող կողմերը միջնորդել են, որպէսզի Թուրքիայի կառավարութիւնը դիրքորոշում յայտնի ներկայացուած հարցապնդման վերաբերեալ, մասնաւորապէս.

  1. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկուել Թուրքիայի կողմից իրողութիւնը պարզելու համար, ներառեալ 1915-1923թթ. ընթացքում բռնի ներքին տեղահանութեան, կալանաւորման, արտադատական սպանութիւնների եւ հարկադրաբար անհետացման ենթարկուած հայերի ճակատագիրը կամ գտնուելու վայրը պարզելու համար:
  2. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկուել ապահովելու համար այդ իրադարձութիւնների մասին ճշմարտութիւնն իմանալու տուժածների եւ, ընդհանուր առմամբ, հասարակութեան իրաւունքը, ինչպէս նաեւ ապահովելու համար արդարութեան եւ կրած վնասի հատուցման տուժածների իրաւունքը:
  3. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկուել այդ իրադարձութիւնների հետեւանքով զոհուած հայերի մարմինների գտնուելու վայրերը, ըստ հնարաւորինս, յայտնաբերելու համար:
  4. Տեղեկատուութիւն տրամադրել 2017 թուականին օրէնսդրութեան ընդունման պատճառների մասին, որն օրէնսդիրներին արգելում է որոշակի արտայայտութիւններ անել: Պարզաբանել, թէ ինչպէս է դա համատեղելի մարդու իրաւունքների միջազգային իրաւունքի հետ, մասնաւորապէս Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների մասին միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ) 19րդ յօդուածի հետ:
  5. Ներկայացնել մանրամասն տեղեկատուութիւն հայերի դէմ յանցագործութիւնների մասին յայտարարութիւնների համար անձանց պատժելու նպատակով քրէական օրէնսգրքի 301րդ յօդուածի կիրառման դէպքերի մասին:

Թուրքիայի կառավարութիւնը 2019 թուականի Մայիսի 17ին կտրականապէս հրաժարուել է պատասխանել այդ հարցերին՝ ի հակադրութիւն ՄԱԿի մարդու իրաւունքների պաշտպանութեան ընթացակարգերի:

Մենք բարձր ենք գնահատում Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խմբի եւ երկու յատուկ զեկուցողների կողմից ՄԱԿի այդ ընթացակարգերի գործադրումը եւ մեր աջակցութիւնն ենք յայտնում սոյն աննախադէպ եւ նշանակալից գործընթացին հետամուտ լինելու ձեռնարկումին:

Չնայած նրան, որ այս գործընթացը չի փոխարինում Ցեղասպանութեան ճանաչմանը կամ նշուած ժամանակահատուածում մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւնների հետեւանքով հայերի կրած կորուստների, այդ թւում նրանցից բռնազաւթուած գոյքի լրիւ եւ համարժէք հատուցմանը, այնուհանդերձ ՄԱԿի մարդու իրաւունքների պաշտպանութեան համապատասխան մարմինների գործողութիւնները էական առաջընթաց են ճշմարտութեան բացայայտման եւ մարդկութեանը հասցուած այդ բաց վէրքի դիմաց հատուցման ճանապարհին:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գարեգին Բ. կաթողիկոս (Վաղարշապատ, Հայաստանի Հանրապետութիւն)

Կաթողիկոսարան Մեծի Տանն Կիլիկիոյ, Արամ Ա. կաթողիկոս (Անթիլիաս, Լիբանան)

Հայ Աւետարանական Համաշխարհային Խորհուրդ (ԱՄՆ)

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւն (ԱՄՆ)

Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութիւն (ԱՄՆ)

Asbarez

Թողնել պատասխան

Your email address will not be published.

19 + 7 =