Փաշինյան-Պուտին հանդիպումն ու դրա բովանդակությունը հօդս ցնդեցրին մի շարք առասպելներ. Յուրի Նավոյան

Փաշինյան-Պուտին հանդիպումը նախ պետք է արժևորել հայ-ռուսական միջպետական հարաբերությունների շարունակականության ապահովման և դրանց նոր լիցք հաղորդելու ձգտման տեսանկյունից:

Բայց հաշվի առնելով Հայաստանի քաղաքական նոր իրողությունների նրբությունները, հարկ է արձանագրել, որ այդ հանդիպումը և այնտեղ երկուստեք հնչած մոտեցումները ներկայումս հօդս ցնդեցրին մի շարք առասպելներ, որոնք հաճախ կան հայ-ռուսական հարաբերություններում միմյանց ընկալելու հարցերում:

Այսպես` Փաշինյանի` քաղաքական գործչից և ժողովրդական շարժման առաջնորդից դեպի պետական առաջատար այրի անցման փուլում մենք ականատես եղանք, որ միջազգային առաջին լուրջ ստուգատեսում նրա մոտ սթափ մոտեցմամբ պետական շահի գիտակցումը գերակայեց քաղաքական նախընտրությունների նկատմամբ: Հարկ է արժանին մատուցել Սոչիի հարթակում արված երկկողմ և բազմակողմ հանդիպումներով վարչապետի արժանապատիվ նորամուտին Հայաստանի համար կենսական նշանակությամբ ուղղություններում:

Իսկ Պուտինի` գործընկեր երկրում ժողովրդական շարժմամբ իշխանության եկած նախկին ընդդիմադիր գործչի հետ աշխատելու պատրաստակամությունը ցուցադրեց Հայաստանի պետականության և ժողովրդի կամքի նկատմամբ Ռուսաստանի հարգալից վերաբերմունքը և ինստիտուցիոնալ մոտեցումը:

Հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետի կողմից նույնիսկ շնորհակալություն հնչեց Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի նկատմամբ Ռուսաստանի համարժեք կեցվածքի համար:

Սա ի չիք է դարձնում տարիներ շարունակ սերմանված այն մոտեցումը, թե Հայաստանում ավելի արդար համակարգի հաստատման կամքի կամ կարողության բացակայությունը և միջպետական հարաբերություններում դրսևորվող որոշ տկարություններ պայմանավորված են Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթով և նրա կողմից արվող սահմանափակումներով:

Մշտապես, այդ թվում նաև ձեր լրատվամիջոցով, առիթ ունեցել եմ խոսելու հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի կատարելագործման և բովանդակային հարստացման հնարավորությունների մասին: Ընդ որում` դա վերաբերվում է նաև Ռուսաստանի հայ համայնքի հետ Հայաստանի կողմից պետականորեն վարվող հարաբերություններին: Տարբեր առիթներով բարձրաձայնել եմ, որ դրանք կառուցված են հիմնականում կորպորատիվ շահերի հիման վրա, որոնք միջպետական հարաբերությունների հնարավորությունների շրջանակներում սպասարկում են նեղ շրջանակների:

Այնինչ, Ռուսաստանում արժանապատիվ ու ստվարաթիվ հայություն է բնակվում, որն իր բնական վիճակով հանդիսանում է լրացուցիչ կապող օղակ մեր երկրների միջև: Ավելին, այդ հայությունը հայաստանաբնակ իր մերձավորներին ցուցաբերած իրական օգնության ծավալներով Հայաստանի սոցիալ-տնտեսական կայունության որոշակի երաշխիք է հանդիսանում, երբ կառավարության ուսերից մի ահռելի սոցիալական բեռ է թեթևացնում:

Ներկայումս, երբ Հայաստանի կառավարությունը ձևավորվել է ժողովրդական շարժման տրամաբանությամբ և «ժողովրդին նկատելու» բնական առավելություն ունի, ակնկալիք կա, որ կկատարելագործվեն նաև Ռուսաստանի հայության հետ համագործակցության մեխանիզմները:

Դարձյալ կարող եմ կրկնել իմ այն համոզմունքը, որ Ռուսաստանի հայկական ներուժը հնարավոր է համախմբել Հայաստանի պետականության, հայկական քաղաքակրթական ժառանգության և հայ-ռուսական հարաբերությունների ծրագրերի շուրջ: Նաև դրա գործնականացման նպատակով է, որ այս տարի Հայաստանի Հանրապետության 100–ամյակի առիթով նախաձեռնել ենք «Բազմադարյա Հայաստանի նոր պետական ընթացքը» միջոցառումների շարք Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Այդ շարքի մոտակա խոշոր ձեռնարկը տեղի կունենա մայիսի 23–ին Մոսկվայում:

Յուրի ՆԱՎՈՅԱՆ 
ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ, Մոսկվա

Аravot.am

Please follow and like us: