Վերջերս լոյս տեսաւ ՌԴ-ում ՀՀ դեսպանութեանը կից գործող Մոսկուայի «Վերածնունդ» հայկական կիրակնօրեայ դպրոցի տնօրէն եւ մանակավարժ, մ. գ. թ. Շողիկ Փահլեւանեանի «Հայկական երգերի ժողովածու» աշխատութիւնը: Այս առիթով ներկայացնում ենք «Հայերն այսօր»-իհարցազրոյցը հեղինակի հետ:
-Տիկի՛ն Շողիկ, վերջերս տպագրուեց Ձեր նոր գիրքը` «Հայկական երգերի ժողովածու»: Ինչ՞ն է առիթ հանդիսացել հրատարակելու նման ձեռնարկ, եւ ո՞րն է վերջինիս առաքելութիւնը:
– «Հայկական երգերի ժողովածու»-ի միտքը վաղուց էր հասունացել, քանի որ երգի միջոցով որեւէ լեզու դասաւանդելը` գործընթացն աւելի հաճելի եւ դիւրին է դարձնում, միաժամանակ նպաստելով` լեզուի հնչերանգի, բառի կայուն ընկալմանը եւ լեզուամտածողութեան զարգացմանը:
–Ին՞չ լսարանի համար է նախատեսուած յիշեալ ձեռնարկը:
– Այն նախտեսուած է նախադպրոցական, դպրոցական, միջին եւ բարձր տարիքի դպրոցահասակների, ինչպէս նաեւ ուսուցիչների եւ հայերէնն ու հայ երգը ուսումնասիրել ցանկացող իւրաքանչիւր մարդու համար:
–Ինչպէ՞ս է կատարուել երգերի ընտրութիւնը:
-Ձեռնարկը հրաշալի միջոց է հայ երաժշտական մշակոյթին հաղորդակից լինելու համար, քանզի ներառում է հայոց ազգագրական երգերից ու հայ կոմպոզիտորական դպրոցի մեծերի ժառանգութիւնից ընտրուած 68 երգ: Կատարուել է երկսկզբունք ընտրութիւն. նախ` թեմատիկ բաժանումով, երկրորդ` հայ երգի համապատկերի ներկայացումով:
-Տիկի՛ն Շողիկ, նմանօրինակ առաջի՞ն դասագիրքն է:
-Հայ իրականութեան մէջ կարծում եմ անդրանիկ ձեռնարկն է, որովհետեւ տրուած են երգերի հայերէն բնագրերը, դրանց թարգմանութիւնները, տառադարձութիւնն ու նոտագրումը:
– Ին՞չ արձագանքներ էք ստացել:
-Գրքի վերբերեալ գրուել են գրախօսութիւններ, հնչել մի շարք դրուատանքի խօսքեր ո՛չ միայն հայաստանեան մասնագէտների, այլեւ` Ռուսաստանի հայկական դպրոցների ուսուցիչների կողմից, որոնք բոլորն էլ առանձնանում են օբյեկտիւութեամբ:
Գրախօսականներով եւ կարծիքներով հանդէս են եկել` մանկ. գիտ. դոկտոր, պրոֆէսոր, ՀՀ վաստակաւոր մանկավարժ Եուրի Եուզբաշեանը, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆէսոր Ջուլիետա Գիւլամիրեանը, բ. գ. թ., դոցենտ Աշոտ Գալստեանը, բան. գիտ. դոկտոր, Մ. Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտի տնօրէն Վարդան Դեւրիկեանը, մ. գ. թ., դոցենտ Լիլիթ Տէր-Գրիգորեանը, գրքի խմբագիր բ. գ. թ. Լուսինէ Հայրիյեանը եւ այլք:
– Տիկի՛ն Շողիկ, այս աշխատանքին զուգահեռ` արդէն երեք տարի է դասաւանդում էք նաեւ «Արի տուն» ծրագրի Հայոց լեզուի արագընթաց դասընթացներում, ի՞նչ փորձառութիւն տուեցին այդ տարիները:
– Նշեմ, որ ինձ համար շատ հետաքրքիր է աշխատել «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած մասնակիցների հետ: Այդ կարճ ժամանակահատուածում փորձում ես նրանց մէջ ներարկել հայերէնի հանդէպ այն սէրը, որը յետագայում կարող է ինքնուրոյն ծլարձակել:
Միաժամանակ այս դասընթացների ընթացքում ես մէկ անգամ եւս համոզուեցի, որ հեղինակային ուսումնական ձեռնարկներիս` «Ռուս-հայերէն զրուցարան»-ի, «Ռուսերէն-անգլերեն-հայերէն զրուցարանի», «Հայակական երգերի ժողովածու»-ի եւ այլ գրքերի մեթոդական ուղենիշը ճիշտ է, ինչն էլ նպաստում է լեզուի արագ ուսուցմանը: