«АСАЛА: Современный этап национально- освободительной борьбы армян» (Опубликовано в журнале «Megapolis», май 2010 г., стр. 86) Перевод на армянский язык
«Սփյուռքահայ երիտասարդության անձնազոհ ահաբեկչական պայքարի շնորհիվ Հայկական հարցը դուրս եկավ մոռացության շրջանից եւ նորից միջազգային ճանաչում գտավ: Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ձեռք բերվեցին զգալի հաջողություններ, որոնք շատ ավելի մեծ կարող էին լինել, եթե Սփյուռքը միասնական լիներ եւ Խորհրդային Հայաստանն էլ հանդես գար որպես պահանջատեր»:
Լենդրուշ Խուրշուդյան
1. Հույսի ու մոռացումի ժամանակը` 1923-1965 թթ., Լոզանից մինչեւ Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի հրապարակ
Լոզանի կոնֆերանսը փակված համարեց Արեւելյան հարցը, քանի որ Սեւրի դաշնագրով արդեն իսկ գծվել էին նոր Եվրոպայի եւ Միջին Արեւելքի երկրների սահմանները: Ճիշտ է, կոնֆերանսը ուժի մեջ թողեց Սեւրի դաշնագրով Հայաստանին վերաբերող դրույթները, սակայն չանդրադարձավ այն հարցին, որ Արեւելյան հարցի մեկ մասը հանդիսացող Հայկական հարցի վերաբերյալ վճիռներն ու որոշումները կյանքի չեն կոչվել, չեն իրականացվել: Այդպիսով, Լոզանի կոնֆերանսը շրջանցեց Հայկական հարցի վերաբերյալ դեռեւս չիրակացված վճիռների ու որոշումների իրականացման խնդիրը:
Այնուհետեւ միջազգային ընտանիքը շուրջ 50 տարի շրջանցեց, լռության ու մոռացության մատնեց Հայկական հարցի լուծման կիսատ մնացած իրողությունը: Այդ ընթացքում` 1923-1965 թթ., Հայկական հարցի համար մղվող պայքարն ընթանում Էր բացառապես մեկ ուղղությամբ: Հայկական եւ ոչ հայկական մամուլում հրապարակվում Էին հոդվածներ, գրվում` գրքեր, կանգնեցվում` Եղեռնին նվիրված հուշարձաններ: Դիմումներ Էին հղվում ՄԱԿ-ին, միջազգային կազմակերպություններին, երկրների նախագահներին, խորհրդարաններին, կառավարություններին` Հայկական հարցը եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ արդարությունը վերահաստատելու համար քայլեր ձեռնարկելու խնդրանքով: Այլ խոսքով` լայն գործունեություն Էր ծավալվում միջազգային կազմակերպությունների վրա ազդելու ծրագրերի մշակման ու գործադրման ուղղությամբ:
Հայկական հարցի համար մղվող պայքարի երկրորդ ուղղության` լռության, մոռացումի, բռնության ու ճնշման դեմ ընդվզելու իրողության ինքնաբուխ ժայթքումն էր, որի սկիզբը ընդունված է համարել Եղեռնի 50-րդ տարելիցի վերագնահատումների պահը եւ 1965-ին Խորհրդային Հայաստանում ծայր առած բողոքի շարժումը: Պատմական պահի վերլուծությունը ցույց է տալիս, որ նախորդ փուլում Հայկական հարցի համար իրականացված ջանքերը հաջողությամբ չեն պսակվել, ուստի` սփյուռքահայ երիտասարդության մեջ ծնունդ է առնում այն տեսակետը, որ Հայկական հարցը լուծելու համար դիվանագիտական, քաղաքական միջոցները բավարար չեն: Իբրեւ Հայկական հարցի լուծման համար մղվող պայքարի գործնական ձեւ` առաջ է քաշվում աշխարհի տարբեր երկրներում Թուրքիայի պետական շահերի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ու դիվանագետների դեմ զինյալ հարձակումների ձեւը:
Պատմաբան Լենդրուշ Խուրշուդյանը արդարացիորեն նկատում է. <<Հայ ժողովրդի պատմության նորագույն շրջանում, երբ թվում էր, թե Հայկական հարցը մոռացվել է, երբ շատերը արդեն խոսում էին Սփյուռքի վերացման մասին, Հայ ժողովուրդը վերսկսեց Հայկական հարցի համար մղվող զինված պայքարը: Հայ ժողովուրդը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ ազգային գաղափարախոսությունը ազգի արյան մեջ է, քանի գոյություն ունի ազգը` գոյություն կունենա նաեւ ազգային գաղափարախոսությունը: Սփյուռքահայ երիտասարդները, որոնցից շատերը չէին տիրապետում կամ շատ վատ էին տիրապետում մայրենի լեզվին, ղեկավարվելով արյան կանչով, նախնիների կանչով, մահն աչքի տակ առած, պայքարի դուրս եկան Արեւմտյան Հայաստանը ազատագրելու համար>>1:
2. Ծերունի հայը որոշում է կայացնում
1972 թ. սեպտեմբերին է գրվել 78-ամյա Գուրգեն Յանիկյանի կոչը ուղղված հայ ժողովրդին. <<Ես ոչ միայն մենակ մնալու չեմ, այլ ԼԻՆԵԼՈՒ ԵՄ ե՛ւ առաջինը, որ պիտի հնչեցնէ այս նոր ձեւի պատերազմի հրաւիրող փողը: Անցած տարիները եկան ինձ ապացուցելու, որ այս աշխարհում ազատութիւն, արդարութիւն, ճշմարտութիւն եւ սրանց նման բարձր գաղափարների իմաստը, եթէ այսպէս շարունակուի, շուտով միայն բառարաններում ենք գտնելու: Բաւական է, որքան հայ անհատը դռնէդուռ ընկած ողորմութիւն է աղերսում մարդկութիւնից: Ես` անհատս, ո՛չ ցանկութիւն ունեմ այլեւս լռելու եւ ո՛չ էլ ժամանակ: Միակ ցանկութիւնը, որ մնում է իմ մէջ, այդ է` չլինել միակն այս ձեւի պատերազմն իրականացնելու գործում: Վերջնական յաղթանակը լինելու է մե՛րը, կասկած չունե՛մ: Դո՛ւք` հայ ազգի զաւակներ, ՆԵՄԵՍԻՍՆԵ՛Ր դարձած, հարուածէ՛ք թշնամուն ամէն տեղ, որտեղ դուք ինքներդ յարմար կը գտնէք>>2:
Տաղանդաշատ ճարտարագետ, գրող ու հրապարակախոս, շինարար ու գյուտարար ծերունազարդ հերոսը Ռուբիկոնն անցել էր. 1973 թ. հունվարի 27-ին, Կալիֆորնիայի Սանտա Բարբարա հյուրանոցում, հնչեցին կրակոցներ, երկու թուրք դիվանագետ սպանվեց, իսկ Գուրգեն Յանիկյանը հանձնվեց ոստիկաններին: Այնուհետեւ գալու էին մաքառումների ու պայքարի նոր ժամանակները, դատավարությունն ու բանտարկության տարիները:
<<Ես,- գրել է Գ. Յանիկյանը իր ինքնախոստովանության մեջ,- հրապարակ չեմ գալու ոչ մի կուսակցության, ոչ մի հոսանքի, ոչ մի խմբակցության անունից: Ես հրապարակ եմ գալու եւ գործելու եմ որպես մի հայ անհատ, որն արդեն հոգնել է սպասելուց, որը խաբվել է խոստումներից, որը` որպես անհատ, գտնում է, որ իր ցեղի անհատները, որոնք իրենց հաշվում են ազգի ղեկավարներ թեեւ ինձ նման նույնպես խաբվել են եւ հավատացել, բայց ինչ-ինչ պատճառներով շարունակում են լռել ու համոզում են ուրիշներին էլ լռել>>:
3. Զինյալ կազմակերպությունների ծնունդը
Գ. Յանիկյանի գործողությունից ճիշտ երկու տարի անց մի ռումբ պայթեց Բեյրութի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի շենքում: <<Արգելափակյալ հերոս Գ© Յանիկյանի անվան հեղափոխական խմբակը>> 1975 թ© հունվարի 23ին հրապարակեց հետեւյալ կոչը. <<1915ի թուրքերու կազմակերպած ցեղասպանութեան ժամանակէ ի վեր հայ ժողովուրդը կը պայքարէ արեւի տակ հողամաս մը ձեռք բերելու« կոչելու զայն <<Այս է մեր հայրենիքը>>: Բայց միշտ ալ մեծ պետութիւններու շահը կը պահանջեր ոտնակոխ ընել հայ ժողովուրդի արդար իրավունքը: Ու հիմայ մեզի կը մնայ դիմելու վերջին միակ լուծումին« որն է յեղափոխութիւն եւ սպառնանք բոլոր անոնց« որ կը շարունակեն բռնագրավված պահել մեր ժողովրդի հողն ու հայրենիքը>>:
Դա Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (հայերեն հապավումով` ՀԱՀԳԲ, անգլերեն` ASALA) առաջին հաղորդագրությունն էր, որը ճիշտ է, դեռեւս ստորագրված չէր կազմակերպության անունով, բայց 1975 թ© հոկտեմբերի 24ին հրապարակված Հայտարարությունն արդեն, որպես հոկտեմբերի 22ին Վիեննայի եւ հոկտեմբերի 24ին Փարիզի թուրք դեսպաններին ահաբեկելու կապակցությամբ լույս տեսած կոչ` պիտի ամրագրեր ՀԱՀԳԲ-ի <<կամքն ու վճռականութիւնը շարունակելու զինեալ պայքարը եւ յեղափոխական գործունեութիւնը թրքական իշխող շրջանակներու ֆաշիստական վայրագ բռնութեան դեմ>>:
Միայն 1975-1985 թթ. ընթացքում ԱՍԱԼԱ-ն իրականացրել է ավելի քան 200 զինված հարձակումներ Հայոց ցեղասպանության փաստը ժխտող եւ Հայոց հայրենիքը բռնազավթած պահող թուրքական պետության շահերի, հաստատությունների ու պաշտոնյաների դեմ աշխարհում եւ Թուրքիայի տարածքում: Նշենք դրանցից մի քանիսը.
1979 թ., հարձակում Լիոնի թուրքական հյուպատոսարանի վրա:
1981 թ., Փարիզի կենտրոնում հարձակում թուրքական դեսպանատան զինվորական կցորդի վրա:
1981 թ. հունիս 9, հարձակում Ժնեւի թուրքական դեսպանատան զինվորական կցորդի վրա: Ժամեր անց ձերբակալված Մարտիրոս Ժամկոչյանը դատապարտվեց 15 տարվա բանտարկության:
1981 թ. սեպտեմբեր 24, կազմակերպության չորս մարտիկները` Վազգեն Սիսլյանը, Գեւորգ Գյուզելյանը, Արամ Բասմաջյանն ու Հակոբ Ջուլֆայանը գրավում են Փարիզի թուրքական հյուպատոսարանը:
1982 թ. օգոստոս 7, հարձակում Անկարայի <<Էսեմբողա>> միջազգային օդանավակայանի վրա, մարտիկներ` Զոհրապ Սարգսյան եւ Լեւոն էքմեքչյան:
1983 թ., հարձակում Կ. Պոլսի Ոսկու փակ շուկայի վրա, մարտիկ` Մկրտիչ Մադարյան:
1983 թ., ռմբային հարձակում Փարիզի Օռլի օդանավակայանի թուրքական ավիաուղիների բաժնի վրա: Հետագայում ձերբակալվեցին եւ տարբեր տարիների բանտարկության դատապարտվեցին Վարուժան Կարապետյանը, Սիմոն Նաիրյանը, Հովհաննես Սեմերջյանը:
Ի դեպ, իրականացված գրեթե բոլոր գործողությունները ամրագրված էին հատուկ ասելիքով ու հաղորդագրություններով, որոնց ուսումնասիրությունը իր հերթին շատ հետաքրքրական նյութ է կազմակերպության գաղափարախոսությունն ու մարտավարությունը հասկանալու տեսակետից, որն ուներ ազատագրական պայքարի իր ծրագիրը եւ որի երկրորդ կետում ասված էր. <<Հայութիւնը հիմնական եւ անյետաձգելի նպատակ ունի ազատագրել Արեւմտեան Հայաստանը եւ բռնագրաւեալ այլ հողամասերը: Այս է Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի միակ նպատակը, զոր իրագործելու համար ընտրած է զինեալ պայքարի ուղին>>3:
Զինյալ պայքարի կարեւոր ձեռքբերումներից էր <<Հայկական ժողովրդային շարժում>> կազմակերպության` ԱՍԱԼԱ-ի քաղաքական թեւի կազմավորումը, որն ուներ մամուլի իր օրգանները եւ տեղակայված էր աշխարհի գրեթե բոլոր հայաշատ վայրերում:
ԱՍԱԼԱ-ին զուգահեռ մարտի դաշտ են նետվում այլ զինյալ կազմակերպություններ եւս, որոնցից ամենահիշատակելին Հայոց Ցեղասպանության Արդարության Մարտիկներ կազմակերպությունն է, որն իր հերթին շատ ծանրակշիռ ներդրում ունի Հայոց նոր ժամանակների զինյալ ազատագրական պայքարի մեջ4:
4. Ահաբեկչությո՞ւն, թե՞ ազատագրական պայքար
Ինչպես 120 տարի առաջ Րաֆֆին5, այնպես էլ այսօր մենք պետք է ճիշտ պատասխանենք այս հարցին:
Հայոց ցեղասպանության բազմահատոր ուսումնասիրության հեղինակ, վաստակաշատ գիտնական Ստեփան Պողոսյանը գրում է. <<Մարդը մարդուն սպանել, ոչնչացրել է մարդկային հասարակության գոյության բոլոր ժամանակաշրջաններում` սկսած նախնադարից մինչեւ մեր օրերը: Սպանությունների եւ ոչնչացումների պատճառները լինում են երկու տեսակի` արդարացի եւ անարդար: Չարին ոչնչացնելը ոչ միայն դատապարտելի չէ, այլեւ անհրաժեշտ է: Դժվար է պատկերացնել, թե ինչ կկատարվեր աշխարհի հետ, եթե չոչնչացվեր ֆաշիզմը>>:
Պետք է ընդունել, որ թուրքական պետական մերժողականությունը չարիք է մարդկության հանդեպ:
Փարիզի թուրքական հյուպատոսարանը գրաված չորս մարտիկների փաստաբան Լեկլերկը պաշտպանական ճառում ասաց. <<Ինձ կարող են հակաճառել, որ այս տղաները զինվորներ չեն, Հայաստանը եւ Թուրքիան չեն պատերազմում, զինվորները միայն զենք կրելու, ամեն պահի սպանելու իրավունք ունեն: Նրանք կարող են փլատակների վերածել Դրեզդեն քաղաքը, Հիրոսիմայի վրա ռումբ նետելով, միլիոնավոր մարդկանց, այդ թվում եւ կանանց, երեխաների, սպանել: Իսկ Հայաստանը քանի որ այլեւս գոյություն չունի, <<կանոնավոր>> բանակ չի կարող ստեղծել: Հիրավի, տարօրինակ տրամաբանություն է: Չէ՞ որ Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու գնդակահարեց հայ տղամարդկանց, կոտորեց ծերունիներին, կանանց ու երեխաներին, հատուկենտ վերապրող որբերին նավերը լցրեց, օտար երկրներ արտաքսեց: Դուք` թուրքերդ, կարծում եք, որ այդքանը բավական է, պատերազմն ավարտված է: Բայց արդյո՞ք այն ավարտված է հայերի համար, որոնցից խլել են բնօրրանը, որոնք ուզում են հարատեւել: Ո՛չ, այս տղաները ահաբեկիչներ չե՛ն, հայ ժողովրդի զինվորնե՛րն են, այն ժողովրդի, որը դիվանագիտական ներկայացուցիչներ, պետությունների վրա ճնշում գործադրելու միջոցներ չունի, բայց ապրում է, գոյատեւում է մշակույթի, լեզվի, զավակների, ինչպես նաեւ հերոսների ու նահատակների շնորհիվ: Հատկապես` զինվորների՛, որոնց այսօր դուք դատում եք: Եթե անգամ դատապարտեք, հիշեցե՛ք, որ զինվորների՛ եք դատապարտում: Նրանք` չորս հանդուգն զինվորները, եկել են Ֆրանսիա ո՛չ միայն իրենց ժողովրդի իրավունքները ներկայացնելու, այլեւ պահանջելու համար, որ ազատ արձակեն քուրդ եւ թուրք քաղբանտարկյալների>>:
Դատարանում ելույթ ունեցան շատ նշանավոր մարդիկ, այդ թվում, Ֆրանսիայի Հանրապետության հերոս Միսաք Մանուշյանի այրին: Մելինե Մանուշանն ասաց. <<Ես եկել եմ հայտնելու, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ որբացել, Երկրորդի ժամանակ այրիացել եմ: Ահա՛, մի նախադասությամբ, իմ կենսագրությունը>>,- եւ ապա խոսքի եզրափակիչ մասում նշեց,- <<Ի հարկե, ես ոչ մի իրավասություն չունեմ պնդելու` նրանք ճի՞շտ են, թե՞ սխալ, բայց վստահ եմ, որ ահաբեկիչներ չե՛ն, ազատամարտիկնե՛ր են, ինչպես մենք: Ես նրանց կուզեի ասել. <<Նայե՛ք աչքերիս, զո՛ւսպ եղեք, մի՛ պարզեք ձեր բռունցքները, որովհետեւ այս ամենը դեռ հաղթանակ չէ, ուղղակի հայ ժողովուրդը չի՛ կորցրել արժանապատվությունը, նա դեռ կանգո՛ւն է, պայքարո՛ւմ է: Եվ քանի որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը պաշտոնապես հայտարարեց, որ ցեղասպանություն տեղի է ունեցել, ուրեմն դուք կարող եք ձեզ բավարարված զգալ: Առաջին քայլը կատարված է, ճիշտ է, այն փոքր է, բայց ես վստահ եմ, որ ուրիշները կհաջորդեն, եւ հայ ժողովուրդը հատուցում կստանա, արդարությունը կվերականգնվի: Պահպանե՛ք ձեր ոգին, մի՛ կորցրեք կորովն ու հույսը>>:
Վազգեն Սիսլյանը հիշում է. <<…երբ դատարանում նիստի նախագահը հայտարարեց. <<Մեղադրյալնե՛ր, ոտքի՛>>, ողջ դատարանը ոտքի կանգնեց եւ շփոթված նախագահը կարծեց, թե սխալ արտահայտություն է արել, շտկեց, որ խոսքը վերաբերում է մեղադրյալներին: Ժողովուրդն աղաղակեց. <<Եթե նրանք մեղավոր են, ապա մենք էլ ենք մեղավոր>>: Վճիռը կայացվեց. Արամ Բասմաճյանը դատապարտվեց 5, ես ու Հակոբը` 7, Գեւորգը` 10 տարով: Վճիռը բողոքարկեցինք, որի արդյունքում չորսս էլ դատապարտվեցինք 7 տարի ազատազրկման: Դատարանը մեզանից վնասի փոխհատուցում պահանջեց: Մենք էլ խոստացանք հատուցել, եթե թուրքերը միլիոն ու կես հայերի արյան գինը հատուցեն: Եվ դահլիճից, խորհրդանշական ժեստերով, մետաղադրամներ նետեցին դատարանում ներկա միակ թուրքի` փոխհյուպատոսի ուղղությամբ>>:
5. Թուրքական մերժողականությունը պատմության դատաստանի առաջ
Թուրքիան եւ նրա դաշնակիցները, ամեն կերպ, ջանում էին խեղաթյուրել ազատագրական պայքարի բնույթը, աշխատում էին որպես <<ահաբեկչություն>> ներկայացնել հայ երիտասարդների մղած ազատագրական պայքարը` այն դեպքում, երբ 1915-1918 թթ. իրականացվածը օսմանյան պետության ահաբեկչությունն էր կայսրության հայազգի քաղաքացիների նկատմամբ: Խոսում էին այն մասին, որ իբր պետք է մոռանալ անցյալը, որ ներկայի Թուրքիան, ով շարունակում էր ցեղասպանության մերժողականության դիրքերից հանդես գալ, մեղավոր չէ անցյալում կատարվածի համար, ձգտում էին ազատագրական պայքարի մարտիկներին կոչել <<ահաբեկիչներ>>…
Բայց, ամեն անգամ, երբ մարտիկներից մեկն ու մեկը հայտնվում էր դատարանում, ակամա մեղադրյալի աթոռին էին հայտնվում մարդկության դեմ հանցանք գործած` ցեղասպանություն իրականացրած օսմանական Թուրքիան եւ, նրա հետ ձեռք-ձեռքի տված, նոր ժամանակներում ցեղասպանության մերժողական դիրքերից հանդես եկող հանրապետական Թուրքիան:
ՀԱՀԳԲ-ի մարտիկներ Արա-Ալեքսանդր Ենիգոմշյանի, Մարտիրոս ժամկոչյանի, Վարուժան Կարապետյանի, Սիմոն Նաիրյանի, Հովհաննես Սեմերջյանի, <<Վան>> գործողության չորս մարտիկների, Զավեն Պետրոսի, Աբրահամ Թովմասյանի, Նշան Դանիելյանի եւ մյուսների դատավարությունները վերածվում էին միջազգային արդարադատության ատյանների, որոնց քննության առարկան, շատ հաճախ, թուրքական իրար հաջորդող պետությունների մեղքի բաժինն ի հայտ բերելն էր:
Գ. Յանիկյանի դատավարության դատախազ Միների վկայությամբ` <<Յանիկյանը ցանկանում էր իր դատավարությունը դարձնել Հայկական Նյուրնբերգի նախաքայլը, քանի որ Թուրքիայի իշխանությունները չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը>>6:
<<Ես էի Յանիկյանի դատավարության դատախազը, եւ հայերի հույսն ինձ վրա էր>>,- գրում է դատախազը եւ ապա ավելացնում, թե դատավարությունից առաջ Յանիկյանի փաստաբաններից Վազգեն Մինասյանը կոչ է արել իրեն ցեղասպանության դեմ մի վճիռ արձակել: <<Առիթ ունես աշխարհում արդարության խորհրդանիշ լինելու>>,- ասել էր Վ. Մինասյանը դատախազին:
Դատավարությունից շուրջ 25 տարի անց դատախազը խոստովանեց. <<Այդ բառերը շարունակում են հալածել ինձ մինչեւ այսօր եւ եթե կարողանայի ժամանակը հետ դարձնել, այլ ճանապարհ կընտրեի, ինչ էլ լինեին հետեւանքները>>: <<Ցավում եմ, որ թույլ չտվեցի ցեղասպանության վերաբերյալ փաստերի լիարժեք ներկայացմանը, ոչ թե նրա համար, որ Յանիկյանը պետք է ազատ արձակվեր, այլ նրա համար, որ պատմության ամենամութ էջերը` ցեղասպանությունները, պետք է բացահայտվեն, որպեսզի այլեւս չկրկնվեն արհավիրքները: Դժբախտաբար, Հայկական ցեղասպանությունը չի դատապարտված, եւ այդ պատճառով Ադոլֆ Հիտլերը 1939-ին իր ազգային ցեղասպանության արշավի սկզբին հայտարարեց. <<Վերջապես, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը>>:
1981 թ. հունվարին շվեյցարական դատարանում ՀԱՀԳԲ-ի մարտիկ Արա-Ալեքսանդր Ենիգոմշյանը հայտարարեց. <<Երբ Հայկական հարց կ’ըսուի, երբեմն կը յիշուին 19-րդ դարու վերջերը եւ մանաւանդ 20-րդ դարու սկիզբը գործադրուած ջարդերը, որոնց զոհը եղան հայերը: 1975թ., 60-րդ տարին Հայկական ցեղասպանութեան: Նոր հաշուեյարդարի տարի մը: Արդիւնքը… միշտ ոչինչ: Զերօ: Դէպի ետեւ: Թուրքիան կ’ուրանար միշտ Հայկական հարցին գոյութիւնը: Իսկ աշխարհը չէր ուզեր լսել ո՛չ հայերուն, ո՛չ ալ Հայաստանի մասին>>:
Բոլորի համար էլ պարզ էր, որ հայ երիտասարդության ընդվզումը նաեւ թուրքական մերժողականության ու նրա դաշնակիցների մեղսակից լռության հետեւանք էր: Կրկին թուրքական պետությունը հայտնվեց մեղադրյալի աթոռին, Ալեքը շարունակեց. <<Մեզ մղեցին գործածելու համար մեր ուժը: Եթէ մեզ կ’ուզեն դատապարտել, քանի որ մենք ուժ գործածեցինք, ուրեմն պէտք է նաեւ դատապարտել անոնց, որոնք մեզ մղեցին գործածելու այս բիրտ ուժը, Թուրքիան եւ միւսները: Հայկական հարցը գոյութիւն ունի եւ պէտք է անոր լուծում մը գտնել>>:
Առջեւում, սակայն, 1985-ն էր` գորբաչովյան պերեստրոյկան եւ 1988-ը: ԱՍԱԼԱ-ն արդեն իսկ տվել էր չորս տասնյակից ավելի զոհեր եւ պայքարի թափը գնալով նվազեց:
6. ԱՍԱԼԱ. Ազատագրական պայքարի փիլիսոփայությունը
Տարիներ առաջ մի թուրք լրագրողի այն հարցին, թե ինչ է մտածում ԱՍԱԼԱ-ի մասին` ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը պատասխանեց. <<ԱՍԱԼԱ-ն ազատագրական պայքարի փլիսոփայություն է>>: Ավելի ճշգրիտ եւ զորեղ երեւի հնարավոր չէր ձեւակերպել…
Իրավացի է Ստեփան Պողոսյանը, երբ գտնում է, որ <<Հակառակ ԱՍԱԼԱ-ի ջատագովների« դժբախտաբար, ՀԱՀԳԲ-ին չհաջողվեց հայության մեջ հաստատել Հայկական հարցը լուծելու համար պայքարելու պատրաստակամություն: Հայը շարունակեց մնալ իր ճակատագրի հանդեպ կրավորական կեցվածքում>>: Դրան նպաստեց նաեւ սփյուռքի կուսակցությունների կրավորական, չասելու համար հաճախ թշնամական, կեցվածքը` Նորագույն զինյալ ազատագրական պայքարի հանդեպ:
Պայթեց 1988-ը: Ազերի թուրքերն, իրենց ավագ եղբայր թուրքերի անպատժելիությունից, ԽՍՀՄ ղեկավարության եւ միջազգային ընկերակցության թողտվությունից ոգեւորված, ձեռնարկեցին նոր հանցագործություններ մարդկության եւ հայության հանդեպ: Իսկ այն, ինչ կատարվեց ԱՍԱԼԱ-ի ներսում հրաշալի է ներկայացրել ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Քեշիշյանը իր նկարահանած <<Արամ>> ֆիլմում: Ազատագրական պայքարի մասնակից եղբայրներ Արամն ու Լեւոնը քննարկում են. <<Ի՞նչ անել, շարունակել պայքարը նույն ճանապարհով ու մեթոդներով, թե՞ առաջնահերթությունը տալ Արցախի ազատագրական պայքարին>>: Բայց վիճաբանելու ժամանակ էլ չկա, եւ ԱՍԱԼԱ-ի հայտնի ու անհայտ շատ մարտիկներ, հայտնվելով Արցախյան ազատամարտի թոհ ու բոհի մեջ, զարմանքով հայտնաբերեցին, որ Նորագույն զինյալ ազատագրական պայքարի շունչն ու ոգին, իրենցից շատ առաջ ընկած, արդեն Հայաստանում եւ Արցախում է:
Մարտիրոս Ժամկոչյանը հիշում է. <<Բանտից ազատվելու նույն օրն եւեթ ես Հայաստանում էի` Վազգեն Սարգսյանի մոտ, շատ լավ ընդունելության արժանացա: Նա ինձ ասաց. <<Էլ խնդիր չունես, դու քո տանն ես` հայրենիքում, հիմա ազատ ես, գնա քեֆիդ նայիր, այդ իրավունքն ունես>>: Ասացի, որ քեֆ անելու չեմ եկել, եկել եմ պայքարելու: Ասաց. <<Դու խենթ ես, տասը տարի նստելուց հետո քեֆ-ուրախություն են անում>>: Ես ավելացրի, որ մինչեւ քեզ մոտ հասնելը քանի¯ նկար եւ սեւ պաստառ եմ տեսել ճանապարհին, որոնք գուժում են տղաների մահը, այդքանից հետո ինչպե՞ս կարող եմ հանգիստ կյանքի մասին մտածել, անհնար բան ես ասում: <<Ես արգելում եմ քեզ Ղարաբաղ գնալ>>,-նա կտրուկ ընդհատեց ինձ: Ասացի` արգելիր, եթե կկարողանաս: Այդպես էլ եղավ. զենք հայթայթեցի եւ Մոնթեի հետ գնացի Շահումյան: 1992-ին` 17 հոգանոց խմբով մտանք Մարտունի…>>
Նախկին քաղբանտարկյալներն ու ազատամարտիկները տեղափոխվում էին Հայրենիք: Գեւորգ Գյուզելյանը կազմել էր <<Մեծն Մուրադ>> ջոկատը, Հակոբ Ջուլֆայանն ու Վազգեն Սիսլյանը օգնում էին նրան, Մոնթե Մելքոնյանը հաստատվել էր Արցախում, Մարտիրոս ժամկոչյանը շտապում էր միանալ Արցախյան ազատամարտին մասնակից երկրապահ կամավորական եւ աշխարհազորային եղբայրներին` հաղթանակով ավարտելու համար Հայաստանի սահմանների պաշտպանության, Արցախահայության ազատ ու անվտանգ ապրելու իրավունքի համար սկզբնավորված սրբազան գործը: Եղան մարտիկներ, որ հրադադարից հետո ազատվեցին բանտից եւ չհասցրին մասնակցել մեծ գործին, բայց ԱՍԱԼԱ-ի հիմնադիրներ` Գեւորգ Աճեմյանի, Սիմոն Սիմոնյանի, Հակոբ Հակոբյանի, Լեւոն Երկաթի, Հայկական ժողովրդային շարժման հիմնադիրներից` Կարապետ Փաշաբեզյանի եւ մյուսների նվիրումն իր գործն արել էր արդեն: ԱՍԱԼԱ-ն հաստատել էր ազատագրական պայքարի փլիսոփայությունը նոր ժամանակներում, որի գլխավոր դասը սպառնալիքները կանխարգելելն էր եւ ոչ թե ուշացած` հետեւանքների մասին մտածելը…
Ո՞վ գիտե, գուցե, իսկապես, Գուրգեն Յանիկյանին հաջողվել էր այն հեռավոր 1973-ին այնպես շրջել հայոց պատմության անիվը, որ այնուհետեւ միայն հաղթանակով էին պսակվելու հայության մղած գալիք բոլոր ինքնապաշտպանական կռիվներն ու ազատամարտերը7:
Տիգրան Փաշաբեզյան
«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
Հ.Գ.
2005 թ. ապրիլի 24-ին, ՀԱՀԳԲ-ի ազատամարտիկներն ու նախկին քաղբանտարկյալները կրկին համախմբվեցին եւ հիմնեցին <<Ուխտ Արարատի>> հասարակական նախաձեռնությունը` հայրենիքին ծառայելու նոր ուխտով եւ վճռակամությամբ: Նրանք ստեղծեցին <<Ուխտ Արարատի>> պարբերականը եւ քաղաքական իրադարձությունների վերլուծական կենտրոնը: Այս ընթացքում հրատարակվել է պարբերականի 18 թիվ եւ վերլուծական-խմբագրական բազմաթիվ նյութեր ու հոդվածներ, որոնք շատ դեպքերում նոր խոսք են հայ քաղաքական մտքի ասպարեզում: 2010-ից <<Ուխտ Արարատի>>-ն ծրագրում է աշխուժացնել աշխատանքները նաեւ հասարակական-քաղաքական նախաձեռնությունների ոլորտում:
————————-
Ծանոթագրություն
1. Լենդրուշ Խուրշուդյան, Հայկական հարցը, Երեւան, 1995, էջ 58-70:
2. Տես, Գուրգեն Յանիկյան, Նպատակ եւ ճշմարտություն, Երեւան, 1999, <<Տիգրան Մեծ>> հրտ.: Գիրքը հրատարակության է պատրաստել Հայկական ժողովրդային շարժումը:
3. Տես, ՀԱՀԳԲ-ի վերամշակված ծրագիրը, 1991թ., www.oukhtararati.com կայք:
4. Տես, Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ (ՀՑԱՄ, Justice Commandoes of the Armenian Genocide), Հայկական Հարց Հանրագիտարան, Երեւան, 1996, էջ 277-278:
5. Տես, Րաֆֆի, Հայդուկներ (1892թ.), Երկերի ժողովածու, Հ. 11, Նաիրի հրտ., Երեւան, 1991, էջ 96:
6. Տես, <<Ուխտ Արարատի>>, թիվ 3 (14), 2007, էջ 54:
7. Մենք ափոսում ենք, որ հոդվածում չկարողացանք խոսել <<Նեմեսիսի>> գործունեության մասին, որովհետեւ դա վերաբերում է 1919-1922 թթ. ժամանակահատվածին, երբ Սողոմոն Թեհլերյանը, Արամ Երկանյանն ու մյուս նվիրյալ հայորդիները Շահան Նաթալիի գլխավորությամբ իրականացրին հայ ժողովրդի եւ Կ. Պոլսի ռազմական ատյանի արձակած մահվան դատավճիռը Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ:
Աղբյուրը` ARMINFOCENTER