VIDEO. Վլադիմիր Պուտին. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորը ռուս խաղաղապահներն են

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորը ոուս խաղաղապահներն են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ուրբաթ ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, փոխանցում է ՏԱՍՍ -ը:

«Ռուս խաղաղապահ զորախումբը ձեռքբերված հրադադարի ռեժիմի երաշխավորն է: Մեր օգնությամբ է իրականացվում նաեւ հումանիտար բեռների տեղափոխումը, տարածքները մաքրվում են ականներից, եւ, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ երկու կողմից էլ, երկու տարածքներում էլ՝ Ադրբեջանում եւ Հայաստանում, վերականգնվում են կենսապահովման համակարգերը, բնակչությանը ցուցաբերվում է բժշկական օգնություն, տասնյակ հազարավոր փախստականներ վերադարձել են իրենց տները՝ ավելի քան 52.000 մարդ»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է, որ ԱՊՀ տարածքն առանց տարաձայնությունների եւ հակասությունների չի կարողանում: «Եվ դա իսկապես վատ է, երբ այդ հակասությունները սուր հակամարտությունների են հանգեցնում ԱՊՀ անդամ երկրների միջեւ, ինչպես դա եղավ, ցավոք, անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում»,- ասել է նա: Պուտինը երախտագիտություն է հայտնել ԱՊՀ իր գործընկերներին՝ հակամարտությունը դադարեցնելու Ռուսաստանի գործողությունները գնահատելու համար:

Խոսելով ԱՊՀ 30-ամյակի մասին` Պուտինը նշել է, որ ռուսական կողմն աջակցում է Համագործակցության տարեդարձի կապակցությամբ Բելառուսի նախաձեռնությամբ նախապատրաստված հայտարարության նախագծին, որն ամփոփում է կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները եւ երկարաժամկետ զարգացման խնդիրներ է սահմանում: «Իսկապես, երեք տասնամյակի ընթացքում ԱՊՀ-ն երկար ճանապարհ է անցել, հաստատվել է որպես տարածաշրջանային ինտեգրացիոն հեղինակավոր ասոցիացիա, որի շրջանակներում անդամ երկրները ձգտում են հարաբերություններ կառուցել բարիդրացիության, գործընկերության, փոխշահավետության եւ միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա»,- ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը: Սակայն, նրա կարծիքով, գլխավորն այն է, որ «մեզ հաջողվեց պահպանել, իսկ որոշ ոլորտներում զարգացնել տնտեսական, սոցիալական, մշակութային եւ հումանիտար կապերը, որոնք կուտակվել  են երկար տարիներ մեկ պետությունում ապրելու ընթացքում»:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

17 − 15 =