Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հակառակորդի կորուստների վերջին տվյալները։
«Արցախի պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների հավաստի տվյալների համաձայն՝ Ադրբեջանի զինուժի կորուստները կազմում են՝
– 4 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ հարվածային, 33 տանկ և հետևակի մարտական մեքենա, 2 ինժեներական զրահատեխնիկա»,- «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և կա 100-ից ավելի վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։
Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։
Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։