Թուրքիան մատնեց Նախիջեւանի խնդիրը. Հայաստանի համար մոտենում է պահը

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ Թուրքիան բացել է Նախիջեւանի հետ սահմանը, որը փակել էր երկու օր առաջ՝ կորոնավիրուսի վտանգի պատճառով: Թուրքիայի այդ որոշումն Ադրբեջանում առաջացրել էր վրդովմունք, թե ինչու՞ է Անկարան փակում սահմանը այն դեպքում, երբ Ադրբեջանում չկա կորոնավիրուսի տարածում: Բաքվի մամուլում դժգոհություն էր հնչում, որ Անկարան Նախիջեւանի սահմանը փակել էր առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու:

Իրավիճակն էլ ավելի արտառոց դարձրեց դրանից ժամեր անց ադրբեջանական մամուլի մեկ այլ տեղեկություն, որ Նախիջեւանի հետ սահմանը փակել է նաեւ Իրանը: Դա եւս տարօրինակ էր. կորոնավիրուսը տարածվել էր Իրանում, բայց սահմանը փակում է ոչ թե Ադրբեջանը՝ անվտանգության համար, այլ հենց Իրանը: Mամուլը հայտնել էր, որ փաստորեն Նախիջեւանի բոլոր սահմանները փակ են եւ մնացել է միայն Բաքվի հետ օդային կապը: Գրում էին Նախիջեւանում խուճապի, սննդի մեծ ծավալի գնումների եւ դրա հետեւանքով թանկացումների մասին:
Փետրվարի 25-ին Էրդողանի Բաքու այցի ընթացքում հարցը քննարկվել է, եւ Թուրքիան կայացրել է Նախիջեւանի հետ սահմանը բացելու որոշում:

Ինչու՞ էր Անկարան փակել Նախիջեւանի հետ սահմանն ու փաստորեն նպաստել այնտեղ խուճապի տարածմանը, եւ հետո բացել՝ Ալիեւի հետ քննարկելու արդյունքում: Դա շատ նման է Բաքվի վրա ճնշման, որ Էրդողանը գործադրեց Ալիեւին հանդիպելուց առաջ: Ի՞նչ է կորզել Թուրքիան Ադրբեջանից՝ Նախիջեւանի հարցում այդպիսի ճնշման գնալով: Եվ այն, ինչ կորզել է Անկարան՝ վերաբերում է Նախիջեւանի՞ն, թե՞ այլ հարցերի:

Հատկանշական է, որ Էրդողանի այցին զուգահեռ Բաքվի քարոզչամիջոցներում հայտնվեցին կարծիք-վերլուծություններ, որոնց իմաստն այն էր, թե Նախիջեւանի ապագան Ադրբեջանի եւ Թուրքիայի որոշելիք հարցն է:

Նախիջեւանի կարգավիճակը որոշվել է 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրով, որով այն խլվել է Հայաստանից ու հանձնվել Ադրբեջանին, պայմանով, որ չի հանձնվելու որեւէ երրորդ կողմի: 2021 թվականին կլրանա այդ պայմանագրի 100-ամյակը: Միջազգային իրողություններն ու զարգացումները հուշում են, որ Մոսկվան ու Անկարան անխուսափելիորեն կանգնելու են պայմանագրից եթե ոչ ամբողջական հրաժարման, ապա էական, սկզբունքային վերանայումների անհրաժեշտության առաջ:

Իսկ այստեղ կա նաեւ Իրանի հարցը: Անկասկած է, որ այդ շրջանը լինելու է Թուրքիային ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ Իրանի պահանջների առարկա: Անկարան պատրաստվում է դրան, հատկապես Աստանայի եռակողմ՝ Իրան-Ռուսաստան-Թուրքիա ձեւաչափի ճգնաժամի ֆոնին:

Էրդողանն Ալիեւից ըստ ամենայնի պահանջում է որեւէ կերպ փակել Նախիջեւանի հանդեպ որեւէ այլ հավակնության ճանապարհ, Թուրքիային թողնելով տնօրինության բացառիկ իրավունք: Հավանաբար փոքրիկ խուճապը, որ սադրել է Անկարան, ունի այդ նպատակը: Մյուս կողմից, սակայն, իր հերթին խուճապ է սադրել նաեւ Իրանը, եւ Բաքուն ըստ ամենայնի չի կարող անտեսել այն:

Մնում է հարցը, թե Ալիեւին Նախիջեւանի հարցում ինչ ազդակ կհղի Ռուսաստանը:

Միեւնույն ժամանակ, Մյունխենում Ալիեւի հետ դեբատին վարչապետ Փաշինյանը խոսել է Նախիջեւանի հայաթափման մասին: Իսկ նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանի ԱԳՆ-ն հիշատակել էր Նախիջեւանի Ագուլիս բնակավայրում հայկական ջարդերի 100-րդ տարելիցը եւ ակնարկել Նախիջեւանի հանդեպ հայկական իրավունքի մասին:

Ըստ ամենայնի, Երեւանի համար մոտենում է ակնարկից իրավունքի ձեւակերպմանն անցնելու ժամանակը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

four × two =