Թուրքիայի մեջլիսի նախագահությունը մերժել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, օրենքի նախագծի մերժման մասին Փայլանին գրավոր տեղեկացրել է մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը՝ որպես մերժման հիմնավորում նշելով, որ Փայլանի ներկայացրած օրենքի նախագիծը պարունակում է «կոպիտ և վիրավորական խոսք»:
Ըստ Քահրամանի՝ օրենքի նախագծի անվանման մեջ և տեքստում առկա են մեղադրանքներ Թուրքիայի Հանրապետության և թուրք ազգի պատմության և ազգի նկատմամբ, մասնավորապես, թուրք ազգը մեղադրվում է ցեղասպանություն գործելու մեջ: Քահրամանն ընդգծել է, որ նման արտահայտությունները վիրավորանք են երկրի հանդեպ և հակասում են ազգային գիտակցությանն ու պատմությանը:
Ազգային ժողովի նախագահը հավելել է, որ նախագիծը վերադարձվում է պատգամավորին անհարժեշտ ուղղումներ կատարելու համար:
Փայլանը 2018թ ապրիլի 20-ն Թուրքիայի մեջլիսին էր ներկայացրել «1915 և դրանից հետո տեղի ունեցածը ցեղասպանություն ճանաչելու, մեղավորների անունները հասարակական վայրերից հանելու և տուժողներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհելու» մասին օրենքի նախագիծը: