Հայաստանը պատրաստ է սկսել Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի առցանց հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա միաժամանակ նշել է, որ այս հարցում շատ կարեւոր է այն մթնոլորտը, որում ընթանալու է այդ գործընթացը: «Դժվար է պատկերացնել այդ աշխատանքը մշտական կրակոցների պայմաններում գտնվող տարածքում։ Մասնավորապես, խոսքը Սոթք-Խոզնավարի մասին է»,-ընդգծել է Փաշինյանը:
Նա հիշեցրել է իր առաջարկի մասին, այն է՝ զորքերի հայելային դուրսբերում՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանագիծը՝ իրավական տեսանկյունից ֆիքսված եւ հիմնավորված ԽՍՀՄ քարտեզների վրա։ «Եվ հետո այնտեղ ռուս սահմանապահներ կամ միջազգային դիտորդներ կտեղակայվեն»,-նշել է նա։ Նրա խոսքով՝ այդ սխեման աջակցվում է ՌԴ-ի կողմից, եւ Երեւանը սպասում է այս ուղղությամբ աշխատանքների վերսկսմանը: