Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան անցած ճանապարհի եւ նոր հեռանկարների մասին
Ներկայ գործընկերներից, ընկերներից ու համակիրներից շատերն են ականատես այն դժուարին ճանապարհի, որ անցել է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութիւնը ստեղծման օրից` 4 փետրուար 2011-ից մինչեւ այսօր, այս հինգ տարիների ընթացքում: Աւելին` նրանցից շատերը դրա մասնակիցներն են: Եւ լաւ օրէր ենք ապրել միասին եւ վատ, եւ իսկապէս շատ վատ, բայց դիւրին իրավիճակներ չենք տեսել ու չենք ապրել:
ԱՀՀ Կառավարութիւնը մշտապէս կրել է այն ծանր պատասխանատուութիւնն ու պարտաւորեցնող դիրքը, ինչի կոչուած է եղել ի սկզբանէ: Մշտապէս ներկայ է եղել ու եղել առաջին դիրքերում` այնտեղ, որտեղ նախաձեռնութիւնների կարիքն է զգացուել, օր ու գիշեր տքնել է այնտեղ, որտեղ դրա պահանջն է զգացուել, պաշտպանել է այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտութիւնն է եղել:
Սակայն դա մի ամբողջական ռազմավարութիւն է եղել:
Հայ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան գործընթացում, Արեւմտեան Հայաստանի հայերի պաշտպանութեան խնդիրներում առաջին կարեւորութեան հարցը իրաւունքների պաշտպանութեան իրաւական, քաղաքական եւ բովանդակային փաթեթի ձեւաորումն ու ամբողջացումն է, որի սկիզբը դրուել է 2004 թ. Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի կողմից, իսկ շարունակութիւնը լրացուել ու ամբողջացուել Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի, ԱՀՀ Նախագահի համակարգի, ԱՀՀ Կառավարութեան ԱՀՀ Խորհրդարանի սերտ ու կառուցողական համագործակցութեան միջոցով:
Այն ինչ ստեղծուել ու ձեւաւորուել, այն ինչ մենք այսօր կոչում ենք` «արեւմտեան Հայաստանի հայերի եւ Արեւմտեան Հայաստանի իրաւունքների պաշտպանութեան իրաւական-քաղաքական միասնական փաթեթէ, իրականում հիմքն է ԱՀՀ ռազմավարութեան եւ բնականաբար հիմքն է ԱՀՀ Սահմանադրութեան: Հիմքն է ԱՀՀ Մայր օրէնքի, որպէս Հռչակագիր ու Հռչակագրեր եւ հիմքն է ԱՀՀ Գլխաւոր օրէնքի, որպէս Սահմանադրութիւն:
Յաջորդ խնդիրը ԱՀՀ պետական կառոյցների ձեւաւորումն է, որը հակառակ ամէն տեսակ դժուարութիւնների ու ընդդիմադրութեան` յաջողութեամբ շարունակւում է
ԱՀՀ Բիւջեյի մասին: ԱՀՀ Բիւջեյի մեծ ծրագիրը մշակուած է եւ ներկայացուած ԱՀՀ Խորհրդարան եւ ԱՀՀ Նախագահին: Դրանից բացի ԱՀՀ տարեկան բիւջեյի յօդուածները քննարկուել են նաեւ ըստ նախարարութիւնների: Բիւջեյից բացի մենք մէկ այլ կարեւոր խնդիր եւս ունենք:
Ասում եմ մենք` նկատի ունենալով ԱՀՀ ամբողջ համակարգը: Եւ դրա մէջ, այսօր արդէն, ԱՀՀ Կառավարութեան խնդիրն է, ռազմավարական խնդիրը, ԱՀՀ ռազմավարութեան հիմքների հիման վրայ` բովանդակային, ծաւալուն ու խորը համագործակցութիւն հաստատելը Հայկական Հարցի լուծմանը համախոհ ու դաշնակից պետութիւնների կառավարութիւնների հետ: Սա է մեր գլխաւոր խնդիրը առաջիկայ տարուայ, նոյնիսկ առաջիկայ տարիների համար, նկատի ունենալով զարգացումների այն բուռն թափն ու արագութիւնը, որ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, Մերձաւոր Արեւելքում, Արեւմտեան Հայաստանում: Նկատի ունենալով եւ խնդիրները եւ մարտահրաւէրները, որոնք վերաբերում են Հհ-ին, Արցախին, Մերձաւոր Արեւելքում եւ Արեւմտեան Հայաստանում ապրող հայութեանը:
Երբ ձեռնարկում էինք այս զեկոյցի շարադրմանը, մի պահ մտածեցինք, թէ այդ ի՞նչ կարեւոր գործեր են իրականացուել 2016-ի ընթացքում ֆինանսական այս սուղ պայմաններում, որ հիմա դրա մասին յիշենք ու ներկայացնենք: Սակայն ընթացքում պարզուեց, որ տարին բաւական բովանդակային ու յագեցած է եղել հասարակական – քաղաքական նշանակութեան հանդիպումներով ու բանակցութիւններով, հրատարակութիւններով, համաժողովներով ու դրանց մասնակցութեամբ, քարոզչական լայնածաւալ աշխատանքներով: Դրանք այնքան շատ են, որ հաշուի առնելով նաեւ այն փաստը, որ մեր գործընկերներից շատերը դրանց մասին առանձին-առանձին կը խօսեն, ես կանգ առնեմ մի քանիսի վրայ:
2016-ին հրատարակուեց Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան ժողովածուի անգլերեն օրինակը: Աւարտուեց ժողովածուի ֆրանսերեն եւ թուրքերեն օրինակների թարգմանութիւնը եւ դրանք ուղարկուեցին լրացուցիչ սրբագրութեան: Ծրագրում է ժողովածուի արաբերեն եւ իսպաներեն լեզուներով թարգմանութիւնը:
Միջոցառումներ իրականացուեցին Սոչիում եւ Ռուսաստանի Դաշնութեան այլ համայնքներում, որոնք հնարաւորութիւն տուեցին կրկին հանդիպել հայ համայնքի մեր հայրենակիցներին` ամրապնդելու հին կապերը, ստեղծելու նորերը եւ մեր խօսքը հասցնելու մեր հայրենակիցներին:
Մասնակցեցինք Երեւանում կայացած լրագրողների 8-րդ համաժողովին եւ կարեւոր ուղերձ փոխանցեցինք այնտեղ, նշելով որ Հայաստան-սփիւռք-արցախ եռամիասնութեանը ժամանակն է աւելացնելու 4-րդ բաղադրիչը` Մերձաւոր Արեւելքի եւ Արեւմտեան Հայաստանի հայերի գործօնը:
Արտաքին գործերի նախարար Գառնիկ Սարգիսէանի աշխատանքային այցելութիւնների շրջանակներում կարեւոր հանդիպումներ ու բանակցութիւններ իրականացրինք Մերձաւոր Արեւելքի երկրների հասարակական, քաղաքական, հոգեւոր ու պետական շրջանակներում:
Նախագահի եւ յատուկ յանձնարարութիւններով նախարարի հետ միասին այցելեցինք Արցախ, որտեղ շատ կարեւոր հանդիպումներ ունեցանք Արցախի պետական բարձրաստիճան պաշտօնեաների ու ղեկավարների հետ:
Բնականաբար այս ամէնի արդիւնքում մեծանում է եւ յարաբերութիւնների ու աշխատանքի ծաւալը, եւ Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան հնարաւորութիւնները:
Ուստի, այստեղ ամենեւին աւելորդ չէ կրկնել, որ հայ ժողովրդի խնդիրների լուծումը հնարաւոր է Հայկական Հարցի լուծման դէպքում միայն, այդ թւում եւ առաջին հերթին Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութեան) հաստատումով Արեւմտեան Հայաստանի տարածքի վրայ:
Միշտ ենք նշել, որ յաղթանակը մերն է լինելու, համոզուած ենք, այդպէս է լինելու է:
Ամենայն բարիք ու մեծ յաջողութիւններ Ձեզ յարգելի գործընկերներ, պատգամաւորներ.
Շնորհակալութիւն, ուշադրութեան համար:
Տիգրան Փաշաբեզեան
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ
17.12.2016 թ.