Օ Ր Ե Ն Ք Լեզվի մասին

ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը

Լեզվի  մասին

 

Ընդունված է՝

 Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կողմից,

 17 հունիս 2015 թ.

 

Օրենքի բովանդակությունը եւ նպատակը

Հոդված 1. Սույն օրենքը պարունակում է հիմնական դրույթներ արեւմտահայերենի, ինչպես նաեւ արեւելահայերենի, գրաբարի, հայերենի բարբառների, ազգային փոքրամասնությունների, այլ ազգերի լեզուների մասին: Օրենքը պարունակում է նաեւ դրույթներ հանրային պատասխանատվության մասին, այն է՝ անհատին տալ հնարավորություն լեզվի եւ դրա գործածման վերաբերյալ հանրային եւ միջազգային ոլորտներում: Ինչպես նաեւ Ժեստերի լեզվի ու Բրայելի համակարգի գործածման վերաբերյալ:

Հոդված 2. Օրենքի նպատակն է՝ երաշխավորել արեւմտահայերենի, ինչպես նաեւ արեւելահայերենի, գրաբարի եւ ազգային փոքրամասնությունների լեզուների կարգավիճակը եւ գործածությունը Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունում: Օրենքը նպատակ ունի պահպանելու ու զարգացնելու արեւմտահայերենը, արեւելահայերենը, գրաբարը, հայերենի բարբառները եւ ազգային փոքրամասնությունների լեզվական բազմազանությունը Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունում:

 

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական լեզուն

Հոդված 3. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է՝ գրական արեւմտահայերենը:

Հոդված 4. Արեւմտահայերենը պետության եւ հասարակության միասնական լեզուն է, որը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պետք է լինի հասանելի՝ կրթության եւ կենսագործունեության բոլոր ոլորտներում:

Հոդված 5. Հանրությունը հատուկ պարտականություն եւ պատասխանատվություն ունի գործածելու եւ զարգացնելու արեւմտահայերենը:

Հոդված 6. Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունում լայն հնարավորություններ են ստեղծվում ուսանելու, տիրապետելու, գործածելու եւ զարգացնելու արեւմտահայերենը եւ արեւելահայերենը, ինչպես նաեւ նրանց հիմք հանդիսացող գրաբարը:

 

Ազգային փոքրամասնությունների լեզուները

Հոդված 7. Պետությունը եւ հանրությունը հատուկ պատասխանատվություն եւ պարտականություն ունեն նպաստելու ազգային փոքրամասնությունների լեզուների գործածությանն ու զարգացմանը:

 

Ժեստերի լեզուն եւ Բրայելի համակարգը

Հոդված 8. Ժեստերի լեզուն եւ Բրայելի համակարգը գտնվում են պետության հոգածության տակ:

 

Լեզվի գործածությունը պետական եւ հասարակական գործունեության ոլորտում

Հոդված 9. Պետական եւ հասարակական գործունեության ոլորտում գործածվող պետական լեզուն գրական արեւմտահայերենն է:

Հոդված 10. Անհրաժեշտության դեպքում, ազգային փոքրամասնությունների եւ օտարների համար, պետությունը ապահովում է թարգմանության միջոցով այլ լեզուների գործածությունը:

Հոդված 11. Պետական եւ հասարակական ոլորտում գործածվող լեզուն պետք է լինի գրական, մշակված, պարզ ու հասկանալի եւ մշտապես պետք է լինի պետության հոգածության առարկա եւ գտնվի պետության վերահսկողության տակ: Արեւմտահայերեն լեզվի բնականոն զարգացումն ապահովելու համար Կրթության նախարարության կազմում ստեղծվում է «Արեւմտահայերեն լեզվի պահպանման ու զարգացման ռազմավարության մշակման հանձնաժողով» եւ Արեւմտահայերեն լեզվի անաղարտ գործածության նպատակով «Արեւմտահայերեն լեզվի հսկողության տեսչություն»:

Հոդված 12. Արեւմտահայերենը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական լեզուն է միջազգային հարաբերությունների համատեքստում:

Հոդված 12. Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Արմենակ Աբրահամյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ

 17.06.2015 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

10 + five =