Սիրելի հայրենակիցներ,
Հանրապետությունում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով երեկվա ընթացքում տարբեր մակարդակներով հագեցած քննարկումներից հետո ներգրավված քաղաքական ուժերը հանդես եկան հայտարարություններով, որով տրամաբանական ավարտին են հասցվում երկրում ծավալված ժողովրդավարական զարգացումները:
Այս կապակցությամբ ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժման, Հայաստանի Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստանի, Ելք դաշինքի և ՀՅԴ պատասխանատու կեցվածքը, որը բխում է Հայաստանի և մեր ժողովրդի գերակա շահերից և դուռ բացում ազգային համերաշխության:
Սրանով մեր ժողովուրդը կրկին անգամ ցույց տվեց, որ ճակատագրական պահին ունակ է համախմբվելու և ազգանպաստ որոշումներ կայացնելու:
Այս օրերին Հայաստանը համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում է: Մենք անցնում ենք փորձությունների միջով և վստահ եմ, որ մայիսի 8-ին կամրագրվեն հանուն բարեփոխումների համազգային շարժման ձեռքբերումները, որի մեջ իրենց մասն ունեն բոլորը՝ քաղաքական ուժերից սկսած մինչև մեր ժողովրդի բոլոր հատվածները Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում:
Այն կբարձրացնի մեր հեղինակությունը և վարկն աշխարհում:
Այս ամենի մեջ ուզում եմ հատկապես բարձր գնահատել մեր պայծառ երիտասարդության ներգրավվածությունը և վճռորոշ դերը: Երիտասարդություն, որն իր ստեղծարար եռանդով, նպատակասլացությամբ եւ հանդուրժողականությամբ այս բախտորոշ օրերին ամենուր սփռում էր լույս, համերաշխություն, սեր և հավատ:
Հպարտ եմ մեր ժողովրդով՝ Հայաստանի հպարտ քաղաքացիներով, մեր միասնականությամբ և համերաշխությամբ: Հավատացած եմ և տեսնում եմ, որ արդեն սկսել ենք կերտել նոր Հայաստան, որը դեպի իրեն է քաշելու մեր ժողովրդի բոլոր զավակներին, իր մեջ կուտակելու և իրացնելու է նրանց տաղանդը, ձեռներեցությունը և եռանդը: