Եթե Գուրգեն Յանիկյանը եւ նրան շարունակած Զինյալ-ազատագրական պայքարը (1973 թ., 1975-1985 թթ.) բազում հաջողություններ արձանագրելուց զատ, ազատագրեցին սփյուռքի հայությանը տասնամյակների կարծրատիպերից ու կաղապարված մտածողությունից, եթե 1988-ի շարժումը ազատագրեց Արցախը (1988-1994 թթ.), ապա 2018-ի համազգային համախմբումն ու շարժումը ազատագրելու է հայությունն ու Հայաստանը (2016 թ. ապրիլ, 2018 թ. ապրիլ):Քաղաքակրթական այս շարժումը, որ ձեւավորեց ու իրականացրեց հայության նոր սերունդը, որին միացան նաեւ սփյուռքի մեր հայրենակիցների հոծ զանգվածները, հիմնականում նոր սերնդի վառ հայրենասեր ու ընդգծված ազատատենչ աղջիկներն ու տղաները, պարման-պարմանուհիները, չունի այլընտրանք, քան հաղթական ավարտի արձանագրումը:
Այս իրողությունն արդեն ընդունել են եւ մեր բարեկամները, եւ նույնիսկ հակառակորդները (թե ներսում, թե դրսում): Մնացած կողմերը (եւ ներսից, եւ դրսից), որոնք դեռ շարունակում են համառել, հաշված օրեր անց հարկադրաբար գիտակցելու են, թե որքան ավելորդ ու անտեղի էին բոլոր «ջանքներն ու միջոցները», որոնք վատնեցին անտեղի՝ նույնիսկ դրսի օգնությամբ, արգելափակելու հայության քաղաքակրթական սլացքի ճանապարհը:
Նշենք վերստին, որ եթե 1988-ի շարժումը ազատագրեց Արցախը, ապա 2018-ի շարժումը ազատագրելու է հայությունն ու Հայաստանը… Իրականում հայությունն արդեն ազատագրվել է:
Ուստի մնում է ոչ միայն արձանագրել հաղթանակը, այլեւ վճռականությամբ ու նորոգված ապրել հասարակական, քաղաքական, մշակութային, հոգեւոր, բոլոր ոլորտներում` իրավունքի եւ օրինականության հիմքերով գործելով ազգային–պետական նշանակության բոլոր ոլորտներում, քանի որ դա իրապես ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի եւ ազատագրված հայության կենսագործունեության առաջընթացի անկասելի միակ ուղին է:
Արմեն Տեր-Սարգսյան,
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
28 ապրիլի 2018 թ.
1 ping
[…] 28 ԱՊՐԻԼ 2018 – parliament-wa.info. […]