Շարունակվող կեղծիքներ Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում

Ասում են դժվարը մեկ անգամ ստելն ու կեղծելն է, հետո այն կեղծարարի համար ընդունելի ձեռագիր է դառնում այն աստիճանի, որ կարծում է, թե դրան բոլորն են սկսել հավատալ:

 Ինչպես արդեն նշել ենք եւ հրապարակումներում, եւ հարցազրույցներում, վերջին երկու տարիներին՝ 2015 թ. կեսերից սկսած մինչեւ 2017 թ. մայիսի-հունիս, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգը գործել է ճգնաժամի պայմաններում: Դրա պատճառներից մեկը ԱՀՀ նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի ձգտումն էր ԱՀՀ պետական ողջ համակարգը ամեն գնով ենթարկել իր միանձնյա իշխանությանը, իսկ որպես լծակ այդ նպատակի իրագործման՝ անօրինականությունների ու ապօրինությունների միջոցով համակարգին պարտադրել սահմանադրության ինքնաստեղծ օրինակ:

Այդ թվում, ռազմաքաղաքական նշանակության միջազգային պայմանագրերի եւ պետական սահմանի փոփոխության վավերացման, իրավունքի միանձնյա վերապահումն էր ԱՀՀ նախագահի իրավասությանը՝ մոռանալով, որ նույն իր ինքնաստեղծ սահմանադրության օրինակի 3-րդ հոդվածում հստակ ձեւակերպված է, թե «Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:

Այդ ձգտումներն առավել անզուսպ եւ ցայտուն են արտահայտվել 2017 թ. մայիսի 31-ին, երբ ԱՀՀ նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանը ստորագրել է ապօրինի հրամանագրեր, հիմնուած ապօրինի – ինքնաստեղծ սահմանադրության օրինակի վրայ (Նախագահի հրամանագիր, Թիւ 42 – 2017.05.31 (ԱՀՀ վարչապետի գործառույթները դադարեցնելու մասին) եւ Նախագահի հրամանագիր, Թիւ 43 – 2017.06.05 (ԱՀՀ վարչապետի նշանակման մասին), կոպտօրէն խախտելով գործող «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցուածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրէնքի յօդուածների պահանջները (11.06.2014):

Այդ հրամանագրերն ազդարարում էին մի քանի ապօրինի գործողությունների մասին.

ա/ ԱՀՀ օրինական կերպով հաստատված ու հրամանագրված վարչապետի եւ ԱՀՀ օրինական կառավարության գործունեության ապօրինի դադարեցման,

բ/ ԱՀՀ մի նոր վարչապետի ապօրինի նշանակման, ԱՀՀ մի նոր կառավարության ապօրինի ստեղծման:

Անօրինական այդ գործողությունների վերջակետը դրեց ու դրանք կասեցրեց 2017 թ. հունիսի 11-ին գումարուած Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանը, որը որոշեց 2017 թ. յունիսի 11-ից դադարեցնել ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազօրությունները` ԱՀՀ պետական օրէնքների կոպիտ խախտումների եւ իշխանության իւրացման փորձի մեղադրանքներով:

Շատ ժամանակ չի անցել այդ պատմական նստաշրջանից եւ որոշումից, որոնք միտուած էին պաշտպանելու` հայության իրավունքների հետապնդման գործընթացը, նրա շարունակելիությունը, ԱՀՀ պետական համակարգը եւ քաղաքացիներին, նրանց ազատությունն ու անկախությունը, ԱՀՀ պետական համակարգի պաշտօնյաներին, պատգամաւորներին, քաղաքացիներին` ապօրինի հրամանագրերից ու ոտնձգություններից:

Սակայն քայլ առ քայլ կրկին շրջանառության մեջ են դրվում նոր ապօրինի ու կեղծ ստորագրություններ, ինչպես օրինակ՝ «ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյան», «ԱՀՀ վարչապետ Գառնիկ Սարգիսյան» եւ այլ…

ԱՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Գառնիկ Սարգիսեանը ժամանակին խիստ նկատողություն էր ստացել, երբ թույլ է տուել հրապարակային սադրիչ արտայայտութիւններ հայ ավանդական կուսակցութեան հիմնադիրների վերաբերեալ, ԱՀՀ պետական կառույցի ազգային-պետական ռազմավարության հիմնարար դրույթների պահանջներին հակառակ՝ այդ կերպ փորձելով լարուածութիւն ստեղծել ԱՀՀ պետական համակարգի եւ  հայ հասարակական-քաղաքական ուժերի միջեւ:

Ընդ որում, ԱՀՀ նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանն ու ԱՀՀ նախկին արտգործնախարար Գառնիկ Սարգիսյանը շարունակում են իրենց անօրինական ու սադրիչ գործունեությունը, որի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Մեր քաղաքացիներին ու հայրենակիցներին հիշեցնենք, որ եթե Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարան) նստաշրջանը դադարեցրել է ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրամյանի լիազորությունները, ապա այդ անունով ԱՀՀ նախագահ այլեւս չի կարող լինել, ինչպես նաեւ Գառնիկ Սարգիսյան անունով ԱՀՀ վարչապետ, այն պարզ պատճառով, որ այդ նշանակումը ապօրինի հրամանագրի արդյունք է, հիմնված ապօրինի ու ինքնաստեղծ սահմանադրության օրինակի վրա, սահմանադրության օրինակ՝ որն ընդունված չէ Արեւմտյան Հայաստանի հայերի ու քաղաքացիների կողմից, այլ ընդամենը «ստորագրված է» ԱՀՀ նախկին նախագահի կողմից, ինչպես բազմիցս հայտարարել է նա:

Ապօրինություններին ու ոչ իրավաչափ գործընթացին ձգտում են «օրինականության» ու «իրավաչափության» շունչ հաղորդել կրկնությունների միջոցով, առ այն, որ սուտն ու կեղծիքը, եթե շարունակ կրկնես, իրականության տեղ կանցնի: Անշուշտ չի անցնի:

Տեղեկացնենք նաեւ, որ բազմաչարչար Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտը միակը չէ, որ ենթարկվում է ապօրինությունների ու կեղծիքների: Այժմ էլ կարծես հերթը հասել է Կիլիկիայի հայերի իրավունքներին, որտեղ տեղեկացվում է Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհուրդի միջոցառման մասին, իսկ որպես բանախոսներ նշվում են՝ ԱՀՀ վարչապետ Գառնիկ Սարգիսյան եւ Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհուրդի պաշտոնական խոսնակ Վազգեն Սիսլյան:

Արդեն նշեցինք, որ Գառնիկ Սարգիսյան անունով վարչապետ գոյություն չունի:

Ինչ վերաբերում Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհուրդին ու Վազգեն Սիսլյանին, ապա նշենք, որ այստեղ գործ ունենք ազնիվ անուններն ինտրիգների մեջ ներքաշելու գործընթացի հետ, որովհետեւ եթե Վազգեն Սիսլյանը տեղյակ լիներ երեք փաստից.

ա/ այն ապօրինություններից ու անօրինականություններից, որի պատճառով դադարեցվել է Արմենակ Աբրահամյանի լիազորությունները, որպես ԱՀՀ նախագահ,

բ/ որ լիազորությունները դադարեցված նախագահի հրամանագրերը ապօրինի են ու, ըստ այդմ, այդ անունով ԱՀՀ վարչապետ չի կարող լինել,

գ/ եւ որ Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհուրդը 2017 թ. հունիսի 21-ին արդեն իսկ հիմնադրվել է, որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության /Հայաստան/ պետական կառույցի լիարժեք բաղկացուցիչ մաս, հրապարակվել է հիմնադիր ժողովի որոշումն ու Կիլիկիայի հայերի իրավունքների մասին Հռչակագիրը,

ապա նա այդ ինտրիգների եւ ապօրինի գործունեության մեջ չէր ներքաշվի, դրա բացասական բոլոր հետեւանքները նկատի ունենալով հանդերձ:

Ինչպես Վազգեն Սիսլյանի, այնպես էլ բոլոր հայրենանվեր անձանց ու կառույցների համար բաց են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության /Հայաստան/ պետական համակարգի եւ Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի դռները՝ եւ մասնակցության, եւ համագործակցության համար: Պարզապես պետք է հեռու մնալ այն ոչ իրավաչափ ու ապօրինի ձեւաչափերից ու գործընթացներից, որոնք լինելով հենց այդպիսին, այսինքն՝ ոչ իրավաչափ եւ ոչ օրինական, չեն կարող ապահովել անձի ու կառույցների անշահախնդիր նվիրումը՝ հանուն ազգի ու հայրենիքի:

Զգուշացումը նրա համար է, որ մեր ազնիվ ու անշահախնդիր հայրենակիցներն ու քաղաքացիների ներուժը ի զուր եւ անօգուտ չվատնվի, որովհետեւ ստի, կեղծիքի ու անօրինականության ճանապարհը իրավունքների պաշտպանության արդյունավետ ճանապարհ չէ, այլ ճիշտ հակառակը:

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության /Հայաստան/ Վարչապետ

 02.07.2017 թ.

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.

18 − 7 =